Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննության դրվեց ԵՊՀ դասախոս Ավետիս Սադոյանի հայցն ընդդեմ հորեղբոր՝ ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանի:
Ավետիս Սադոյանը դատարան էր ներկայացել ընտանյոք հանդերձ:
Արշակ Սադոյանը նոր ապացույցներ ներկայացրեց դատարանին:
Վիճելի տարածքը՝ երեկվա դրությամբ:
Ավետիս Սադոյանի հայցադիմումն այս անգամ իր եւ իր ընտանիքի անվտանգությանը, կյանքի եւ առողջության պահպանմանն էր վերաբերում: Ըստ նրա՝ վտանգված է իրենց կյանքը, քանի որ հորեղբայրը, շինարարական նորմերի խախտմամբ, կառուցում է մի նոր շինություն, իսկ իրենց սեփական տան տարածքն էլ լցված է շինարարական աղբով: Ըստ հայցվորի՝ վտանգի տակ է նաեւ իր հյուրերի, գազի, ջրի աշխատողների կյանքը, ովքեր փորձում են մտնել Այգեստան 6-րդ փողոցում գտնվող իրենց տուն: Դատարանում որպես վկա հարցաքննված Ավետիսի կինը՝ Նաիրա Մարտիրոսյանն, ասաց, որ գազի աշխատողը երկու անգամ ընկել է շինարարական աղբի վրա, իսկ երբ Արշակ Սադոյանը տեղեկացել է այդ մասին, ասել է՝ փոխհատուցում կտա:
Արշակ Սադոյանն իր հերթին դատարանին ներկայացրեց վիճելի կառույցի հատակագծի բնօրինակը, լուսանկարներն ու սեյսմակայունության խնդրով փորձագետի եզրակացությունը:
Ավետիս Սադոյանը, մինչ հայցը կներկայացներ, դատարանից խնդրեց, որ հորեղբայրն իրեն, «սովորության համաձայն, չընդհատի, չխանգարի»: Դա ակնհայտորեն դուր չեկավ Արշակ Սադոյանին:
Հայցվոր Սադոյանը հայտնեց, որ սեպտեմբերի 19-ից չի բնակվում իր տանը, քանի որ հորեղբայրը խախտել է նախորդ դատարանի որոշումը, որով արգելվել էր շինարարությունը: Նա նաեւ ասաց, որ Արշակ Սադոյանն այդ ընթացքում կառուցել է 3-րդ ավտոտնակը, իրենց համար թողել է «նեղլիկ ճանապարհ, որով մեր տուն մտնելը դարձել է անհնար եւ վտանգավոր»: Նա հավելեց, որ շինարարական առաջադրանքում սահմանվել է, որ կառուցապատողը պարտավոր է ունենալ համասեփականատիրոջ համաձայնությունը՝ որեւէ շինարարություն սկսելու համար: Իսկ այժմ հորեղբոր գործողությունների հետեւանքով նա չի կարողանում օգտվել իր սեփականությունից. «Ո՞նց ապրեմ այդ տանը: Հանրապետությունում չես գտնի մեկին, որը չի կատարում դատարանի, ՏԻՄ մարմնի եւ սեյսմիկի որոշումները: Չի կարելի տրորել հարազատ եղբոր ընտանիքը: Շինարարությունից բացի, կան այլ արժեքներ նույնպես»: Նա միջնորդեց ապամոնտաժել կառույցը:
Ավետիսի կինը՝ Նաիրա Մարտիրոսյանն էլ նշեց, որ ամուսնու եւ նրա հորեղբոր միջեւ լարված հարաբերությունները կապված են շինարարության հետ: Ինքը նույնպես տուն չի գնում, քանի որ նորմալ մուտք չկա, չի կարող անվտանգ անցնել իրենց տան ճանապարհով: Նախկին պատգամավորը հարցրեց զարմիկի կնոջը, թե տեղյա՞կ է, որ դատարանի վճռով ինքը 1,5 մ լայնքով անցուղի է պատրաստում: «Տեղյակ ենք, բայց դա անցուղի չէ, աղբուղի է»,- հետեւեց պատասխանը:
Արշակ Սադոյանի՝ «Եթե վտանգավոր է, ապա ինչպես կբացատրեք, որ ձեր բացակայության ժամանակ հյուրեր են բնակվել ձեր տանը» հարցին էլ տիկին Մարտիրոսյանն ասաց. «Իմ հյուրը ստիպված է եղել ապրել մեր տանը մի քանի օրով, եւ օգտվել է զգուշորեն»:
Դատարանում որպես վկա պետք է հանդես գար նաեւ Արշակ Սադոյանի հանգուցյալ եղբոր կինը՝ Տատյանա Կարախանյանը: Սակայն մինչ այդ Արշակ Սադոյանի փաստաբան Վարդան Զուռնաչյանը հայտնեց, որ ոստիկանության կենտրոնականի բաժնում մայիսի 6-ի դրությամբ կա քրեական գործ՝ Ավետիսի կողմից վիճելի տարածքում կրակոցներ արձակելու հետ: Դատարանը պարտավորեցրեց, որ կողմը այդ քրեական գործի վերաբերյալ որոշումը բերի դատարան, քանի որ նման դեպքում չի բացառվում հայցի կասեցումը:
Սակայն տարօրինակ էր, որ նույն այդ միջնորդությունը Արշակ Սադոյանի փաստաբանը չարեց մինչ հայցվորի եւ նրա կնոջ փաստարկները լսելը: Գուցե մարտավարությո՞ւն էր:
Հ. Գ. Ավետիս Սադոյանը «Առավոտի» հարցին, թե նրա նկատմամբ կա՞ քրեական գործ, ասաց. «Արշակը ցանկանում է ինձ լռեցնել, բայց իրականությունն այն է, որ իմ նկատմամբ որեւէ քրեական գործ չկա հարուցված: Ես որպես կասկածյալ՝ ներգրավված չեմ: Դա Սադոյանի հերթական սուտն էր՝ հանրությանը ապակողմնորոշելու համար»: