Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքապետ է վերընտրվում արդեն 4-րդ անգամ
Գյումրեցիների սպասածին հակառակ, քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին այդպես էլ չհաջողվեց գահընկեց անել գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Վերջինս կիրակի օրը 11.470 ձայնով առաջ անցավ երիտասարդ պատգամավորից եւ կրկին դարձավ քաղաքապետ: Այս անգամ էլ ՀՀԿ վերնախավը փորձել էր ջերմեռանդորեն պաշտպանել քաղաքապետ Վ. Ղուկասյանին, ինչը, մասնավորապես, արտահայտվեց Գյումրի ուղարկված ոստիկանների կողմնակալ վերաբերմունքով: Կրիմինալ ուժերի բախումներից ու մարդասպանություններից իբրեւ թե խուսափելու համար Գյումրիում էին կենտրոնացրել հանրապետության բոլոր մարզերի ոստիկաններին ու հատուկ ջոկատայիններին, որոնք հանձնաժողովների դիմաց առաջացած մարդկային կուտակումները ցրելու, «մարդաորսությամբ» զբաղվողներին կարգի հրավիրելու փոխարեն՝ կազմ-պատրաստ կանգնել էին միանգամայն այլ վայրերում: Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ վերջիններս գործ սարքելու նպատակով «հետապնդում» էին Մարտուն Գրիգորյանի շտաբի ակտիվիստներին: Նշենք, որ ընտրություններն անցան խիստ լարված մթնոլորտում, որոշ ընտրատեղամասերում՝ նույնիսկ ակնհայտ ընտրախախտումներով: Ամենասկանդալային քվեարկությունը Վարդան Ղուկասյանի թաղամասում՝ Սլաբոդկայում տեղակայված 34/24 ընտրատեղամասում էր: Այստեղ հանձնաժողովի նախագահի դերը ստանձնել էր Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, որը ցանկացած պահի մարդկանց մեծ խմբեր էր լցնում ընտրատեղամաս՝ չափ տալով հանձնաժողովականներին ու անկառավարելի դարձնելով գործընթացը: Մեր՝ այնտեղ գտնվելու պահին ականատես եղանք սարսափելի միջադեպի: Հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Անահիտ Մարգարյանը լացուկոծ էր դրել ու բղավում էր, որ այդպես աշխատել այլեւս հնարավոր չէ, քանի որ, ինչպես ինքն ասաց՝ «բացարձակ անպատկառ վիճակ է»: Այդ պահին ներս մտավ Ղուկասյանի որդին՝ ճչալով. «Ախչի, հերիք չէ քեզի պատռտես», ու տիկնոջ վրա մաստակներ շպրտեց: Մարտուն Գրիգորյանի վստահված անձ Գոհար Աբրահամյանը մեզ դժգոհեց. «Էստեղ ամբողջ օրը աժիոտաժ է, 40 հոգուց ավելի մարդիկ են լցվում, հասկանալի է, որ թեկնածուներից մեկի թաղն է, բայց նախագահը չի կարողանում իրավիճակը կառավարել, հանձնաժողովի նախագահն ու գործող անդամները քաղաքապետի կողմնակիցներն են, եւ ամենաանպատկառ ձեւով փորձում են ճնշել մյուս թեկնածուի ներկայացուցչին, օրենքի խախտումների նկատմամբ իմ բողոքներին՝ նախագահը գոռում է, մեզ ձայնի իրավունքից զրկում է, նույնիսկ փորձեց խփել ինձ, երբ մի բառ խոսում ես՝ հանձնաժողովի նախագահը վրա է պրծնում, թե՝ ձայնդ կտրի, կարգը խանգարում ես, իսկ նա այսպիսի վիճակ է ստեղծում, որ կեղծիքներն անցնեն»:
Հանձնաժողովի նախագահ Լիլյա Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են ընտրատեղամասում այդքան մեծ թվով մարդիկ կուտակվել: Նրա ներկայացմամբ՝ կուտակումները պայմանավորված են նրանով, որ Վարդան Ղուկասյանն է այդ պահին ընտրատեղամաս մտել ու քվեարկել: Մեր տեսախցիկը կես ժամվա ընթացքում մի քանի անգամ ֆիքսեց, թե ինչպես ընտրողները քվեախցիկի մոտ մի քանի հոգով ազատ ելումուտ էին անում: Մոտեցանք հանձնաժողովականներից մի երիտասարդի ու հարցրինք. «Բա սա ընտրախախտում չէ՞», վերջինս տեղից վեր կացավ խմբակային քվեարկությունը կանխելու, սակայն Վ. Ղուկասյանի կողմնակիցներից մեկն այնպես շշպռեց հանձնաժողովականին, որ նա վախից պարզապես գունատվեց: «Առավոտը» մի քանի անգամ փորձեց ճշտել, թե ո՞վ էր այդ «սարսափազդու» հրաման արձակողը, սակայն այդպես էլ պատասխան չստացավ, հանձնաժողովի նախագահը միայն ասաց, որ ավագանիներից մեկի վստահված անձն է:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ընտրությունները Գյումրիում մրցակցային էին, 2 թեկնածուներն էլ կարողացել էին մոբիլիզացնել թե՛ մարդկային եւ թե՛ այլ միջոցներ, բնականաբար, սա է, որ բավականին լարվածություն է հաղորդել ընտրություններին, եւ այս կտրվածքով «Ժառանգությունը» իր ներկայությունը գնահատում է որպես կանխարգելիչ գործոն, որպեսզի բախումներ չլինեն, մենք հրաշալի հասկանում ենք, որ, ցավոք սրտի, ընտրությունները կարող են ավարտվել նաեւ արյունով: Մեզ հասած հիմնական ահազանգերը հիմնականում վերաբերում էին տեղամասերից դուրս կատարվող պրոցեսներին, մենք ականատես եղանք, թե ինչպես մի քանի վայրերում որոշ երիտասարդներից կազմված խմբավորումներ փորձում էին ուղղորդել, հոգեբանական ճնշումներ գործադրել ընտրողների վրա, որպեսզի նրանք քվեարկեն իրենց նախընտրած թեկնածուի օգտին: Երեկոյան ստացված ահազանգերը Սլաբոդկա թաղամասից էին: Ահազանգն այն մասին էր, որ 34/24 ընտրատեղամասում վիճաբանություն, այնուհետեւ քաշքշուկ է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահի եւ Մարտուն Գրիգորյանի թիմակիցների միջեւ, իհարկե, մենք տվյալ պարագայում չէինք կարող պարզել, թե որքան էին հավաստի հանձնաժողովի այն անդամների պնդումները, թե իրենք ծեծի էին ենթարկվել հանձնաժողովի նախագահի կողմից, բայց բոլոր դեպքերում մի բան ակնհայտ էր, որ հանձնաժողովի անդամները քաղաքապետի թիմակիցներին էին փոխանցել ընտրացուցակներում գրանցված որոշ մարդկանց տվյալներ. կամ այդ մարդկանց պետք է բերեին քվեարկության, կամ էլ նրանց փոխարեն այլ մարդկանց պետք է բերեին, մեր ներկայության ընթացքում հանձնաժողովի նախագահն 2 նման դեպք կանխեց»:
«Առավոտին» տված հարցազրույցում Մարտուն Գրիգորյանն ասաց. «Մենք չենք բողոքարկել, նախ, առաջին հերթին, գտնում ենք, որ մեզ սազական չէ բողոքարկելը, հետո ես միշտ ասել եմ՝ ընտրություն է, պայքար է, ով կհաղթի՝ կհաղթի: Իսկ ընդհանուր ընտրությունների հետ կապված ասեմ, որ նորմալ էր ընթանում, ավելի շատ մեր աշխատանքը խանգարեց Երեւանից եկած ոստիկանությունը, ժամը 2- 2.30-ի սահմաններում ոստիկանության էդ աշխատակիցները մեր գրասենյակում էին, որը մեծ նշանակություն ունեցավ. մեր թիմակիցները խուճապի մեջ էին: Մենք չէինք սպասում, որ 40 հազարից ավելի ընտրող պետք է մասնակցեր ընտրությանը, դա զարմանալու կամ մտածելու թիվ է, ու, ճիշտն ասած, էդ թվի հետ կապված ես լուրջ կասկածներ ունեմ, էդ թիվն իրականությանը չի համապատասխանում, երբեք քաղաքում էդպիսի թիվ չի եղել ընտրություններին, մենք նախատեսել էինք, որ ես 20-23 հազար ձայն պետք է հավաքեի, իսկ դա հաղթանակ էր նշանակում, բայց էս թվերը ինձ զարմացրին: Թեեւ ես բացարձակ հուսալքված եւ հիասթափված չեմ, ես ամեն օր, ամեն ժամ շարունակելու եմ աշխատել գյումրեցիների հետ, գյումրեցիների համար եւ ավելացնելու եմ իմ հավաքած ձայների թիվը»: