Սրա վկայությունը երկու օրերի ընթացքում տեղի ունեցած մի քանի սպանություններն են
Հոկտեմբերի 24-26-ն ընկած ժամանակահատվածում, ասել է թե՝ ընդամենը 3 օրվա ընթացքում Հայաստանում սպանվել է առնվազն 5 եւ վիրավորվել 6 մարդ: Դեպքերից երկուսը տեղի են ունեցել Երեւանում՝ «Ծղոտներ» ռեստորանի մոտ եւ Կոմիտասի պողոտայի բակերից մեկում, երկուսը՝ Լոռու մարզում՝ Ստեփանավան եւ Սպիտակ քաղաքներում: Այս չորսից առնվազն երկու դեպքերը, որոնք արձանագրվել են Ստեփանավանում եւ Երեւանի Արաբկիր համայնքում, նույնքան արյունալի նախապատմություն են ունեցել:
Բայց այս ամենը՝ հերթով:
Սպիտակում սպանվել է 4 մարդ
Սա այն «դոմիկն» է, որտեղ սպանվել են այս շքեղ «ինոմարկաների» տերերից երկուսը:
Ըստ պաշտոնական տեղեկատվության, հոկտեմբերի 24-ին, ժ. 20.50-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Կենտրոնական ավտոկայանի տարածքում, Սպանդարյան փողոցում տեղակայված վագոն- տնակում, անհայտ անձանց կողմից իրենց ուղղությամբ արձակված հրազենային կրակոցներից տեղում սպանվել են Սպիտակ քաղաքի բնակիչներ Ստյոպա Դիլբարյանը, Վարուժան Մարտիրոսյանը, Նշան Դանիելյանը եւ Վանաձոր քաղաքի բնակիչ Կարապետ Միսկարյանը: Ստացած հրազենային բազմաթիվ մարմնական վնասվածքներից Ս. Դիլբարյանը եւ Կ. Միսկարյանը տեղում են մահացել, իսկ Վ. Մարտիրոսյանն ու Ն. Դանիելյանը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Տնակում եղած Գարուշ Մարությանը ծանր մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրից զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է «Մակարով» տիպի ատրճանակի փամփուշտի 6 պարկուճ, 9 մմ տ/չ 1 գնդակ եւ ինքնաձիգի 5,45 մմ տ/չ 4 գնդակ:
«Առավոտի» աղբյուրների փոխանցմամբ, սպանություն կատարող անձը եղել է դիմակավորված, սպանությունը եղել է պատվիրված եւ իրականացվել է, ըստ ամենայնի, վարձու մարդասպանի կողմից: Սպանվողներից մեկը՝ Վարուժան Մարտիրոսյանը, մեր տեղեկություններով, «քրեական հեղինակություն» է եւ Սպիտակում հայտնի է «Աղունիկի Դավո» անունով: Ի դեպ, ըստ Սպիտակում շրջանառվող տեղեկությունների, սպանվողները եղել են ՀՀ ԱԺ անկուսակցական պատգամավոր, «Դերժավա» ընկերության նախագահ Արկադի Համբարձումյանին «մոտիկ» համարվող մարդիկ: Սպանվողներից երկուսին պատկանող 30 ՍՏ 999 համարանիշով ջիփն ու 99 ՕՕ 997 Մերսեդես բրաբուսը ոստիկանների՝ դեպքի վայր ժամանելուց հետո էլ առժամանակ կանգնած էին հենց այն տնակի մոտ, որտեղ կատարվել է սպանությունը:
Անպատիժ մնալու արդյունքը
Ստեփանավանի քաղաքապետն ու իր «Դրախտը»:
Հոկտեմբերի 24-ին, ժ. 22.30-ի սահմաններում, Լոռու մարզի Ամրակից գյուղի տարածքում գտնվող «Դրախտ» ռեստորանում Արծրուն Հակոբյանը՝ «Բոյով Ալիկ», Արթուր Աղաջանյանը եւ Արմեն Գրիգորյանը վիճաբանության մեջ են մտել Ստեփանավանի քաղաքապետ, «Քոթո» մականունով Սարգիս Ղարաքեշիշյանի հետ, որի ընթացքում վերջինս ձախ ուսագոտու եւ ձախ այտի մասերում ստացել է կտրած-ծակած, իսկ վերոհիշյալ երեք անձինք՝ հրազենային վնասվածքներ. Արծրուն Հակոբյանը՝ որովայնի մասում, Արթուր Աղաջանյանը եւ Արմեն Գրիգորյանը՝ ոտքի հատվածներում: Դեպքի վայրից հայտնաբերվել եւ առգրավվել է 9 մմ տ/չ փամփուշտի 4 պարկուճ: Ու թեեւ, ըստ ոստիկանության տարածած տեղեկատվության, սույն միջադեպի առնչությամբ նախաքննություն է ընթանում եւ դեպքի մանրամասներն էլ դեռ պարզվում են, այդուհանդերձ, հոկտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազությունը շտապել է ներկայացնել կատարվածի իր վարկածը: Ըստ այդմ՝ Ստեփանավանի քաղաքապետ Ս. Ղարաքեշիշյանը իրեն ամրակցված «Վիկինգ» տեսակի ՄՌ 02446-02090 համարի ատրճանակից հիշյալ երեք անձանց վրա կրակել է նրանցից եւ «մյուսների հարձակումներից պաշտպանվելու նպատակով»: Թե ինչու է Գլխավոր դատախազությունը որոշել իր հովանու տակ առնել քաղաքապետին՝ հասկանալի է. նա հանրապետական է եւ առավել քան լավ հարաբերություններ ունի տեղի իրավապահների հետ, նաեւ՝ Լոռու մարզի դատախազի հետ: Բայց այստեղ մի նրբություն կա: Բանն այն է, որ այս քաղաքապետը նույն զենքով էլի մի հանցագործություն էր կատարել դեռ 2005թ. մայիսի 26-ին: Այդ օրը նույն «Դրախտ» օբյեկտում եւ նույն, ի դեպ, նախկին վարչապետ, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի կողմից նվիրված «Վիկինգ» տեսակի ատրճանակի խզակոթով 7 հարված էր հասցրել Ստեփանավանի բնակիչ Վարուժան Մովսիսյանի գլխին ու նաեւ մեկ կրակոց էր արձակել նրա ոտքին: Միջադեպին վկա էր եղել «Դրախտի» «բուֆետչիկ» Ռոբերտ Նավասարդյանը, որը կատարված հանցագործությունը վերցրել էր իր վրա եւ դատապարտվել էր ու «պայմանականով» ազատ արձակվել, իսկ այդ դեպքի առնչությամբ հարուցված քրգործի նյութերի որեւէ դրվագով քաղաքապետն ընդհանրապես չէր անցել՝ շնորհիվ իր բարձրաստիճան պաշտոնյա հովանավորների: Քաղաքապետին քրեական պատասխանատվության չենթարկելու եւ նրա կատարած հանցագործությունը պարտակելու նույնպիսի միտումներ կան նաեւ այսօր, եւ դրանք բխում են հենց Գլխավոր դատախազության տարածած վերոհիշյալ հաղորդագրությունից:
«Դրախտում» տեղի ունեցած հանցագործության այլ վարկած մեզ ներկայացրին Ստեփանավանում: Ըստ այդմ, հանցագործությունը նախապատմություն է ունեցել: Այսպես, հոկտեմբերի 19-ին Ստեփանավանում քաղաքապետի ընտրություններ էին, որոնց ընթացքում գործող քաղաքապետի հետ մրցակցող եւս մեկ թեկնածու կար՝ անկուսակցական Սերյոժա Առաքելյանը: Հոկտեմբերի 24-ին քաղաքապետ Ս. Ղարաքեշիշյանին պատկանող «Դրախտ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի մյուս եւ հրազենային վնասվածքներ ստացած երեք անձինք եղել են Սերյոժա Առաքելյանի կողմնակիցները: Ընտրություններից հետո վերընտրված քաղաքապետը մի «կերուխումի» ժամանակ հայտարարել էր, թե բոլոր նրանք, ովքեր իր կողքին չեն եղել, իր անձնական թշնամիներն են, եւ ինքը դեռ նրանց ցույց կտա: Քաղաքապետը ընտրություններից հետո մասամբ կատարել էր իր «խոստումը»՝ աշխատանքից ազատելով Ս. Առաքելյանին ընտրությունների ժամանակ պաշտպանած, քաղաքի մշակույթի տան տնօրեն Լիանա Աղաջանյանին, ով Արթուր Աղաջանյանի կինն է, նաեւ մի քանի ուսուցիչների, այդ թվում՝ Լորետա Հարությունյանին եւ Հայարփի Թովմասյանին: Իսկ հոկտեմբերի 24-ին, երբ նույն թեկնածուի թիմի ներկայացուցիչներ Արծրուն Հակոբյանը, Արթուր Աղաջանյանը՝ «Բոյով Ալիկ», եւ Արմեն Գրիգորյանը գնացել են «Դրախտ» ռեստորան՝ ճաշելու, եւ պատվերներ են տվել, ռեստորանի աշխատակիցը հայտարարել է, թե «շեֆը»՝ քաղաքապետ Ղարաքեշիշյանը, հանձնարարել է՝ «դրանց համար հաց չգցել»: Ա. Հակոբյանը, Ա. Աղաջանյանն ու Ա. Գրիգորյանը մոտեցել են այդ պահին ռեստորանում ինչ-որ մեկի ուղեկցությամբ գտնվող Ս. Ղարաքեշիշյանին՝ պարզելու, թե ինչ է նշանակում իր «հանձնարարականը»: Վերջիններիս եւ քաղաքապետի միջեւ լեզվակռիվ է սկսվել, որի ժամանակ Ս. Ղարաքեշիշյանը պիջակի տակից հանել է ատրճանակն ու կրակել Արծրուն Հակոբյանի վրա: Նրա կողքին եղած Ա. Գրիգորյանը՝ տեսնելով գետնին տապալված ընկերոջը, վազել է «բուֆետի» կողմն ու դանակ վերցրած վերադարձել՝ հարվածելով քաղաքապետի ուսագոտուն եւ այտին, քաղաքապետը եւս երկու կրակոց է հասցրել արձակել՝ վիրավորելով Ա. Հակոբյանին եւ Ա. Գրիգորյանին:
Նույն օրը, ավելի ուշ, արդեն Ստեփանավանի հիվանդանոց, որտեղ տեղափոխվել էին վիրավորները, 37 ՕԼ 777 համարանիշի սպիտակ Նիվայով հայտնվել է քաղաքապետի եղբայրը, որը քաղաքապետարանի սոցապ բաժնի պետն է, զենքը ձեռքին սպառնացել՝ բոլորին սպանել: Նրան «վնասազերծել» է «Դրախտի» «բուֆետչիկ» Սամվել Մելիքսեթյանը եւ զենքը խլել քաղաքապետի եղբոր ձեռքից: Մեր տեղեկություններով, քաղաքապետին դանակով հարվածած Արմեն Գրիգորյանը, որը եւս գտնվում է հիվանդանոցում, երեկ ձերբակալվել է, իսկ քաղաքապետը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Վենդետա
Անցյալ տարի Արաբկիրում սպանվել էր Սայաթ Դավթյանը:
Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել է, թե հոկտեմբերի 26-ին Արաբկիր համայնքում, Կոմիտասի պողոտայի թիվ 48/Ա շենքի բակում տեղի ունեցած սպանությունը վրիժառության, ինքնադատաստանի՝ վենդետայի արդյունք է եւ անմիջական կապ ունի 2007թ. նոյեմբերի 8-ին նույն համայնքում, շուկայի մոտ տեղի ունեցած մեկ այլ՝ Հայաստանի որսորդմիության նախագահ, ԲՀԿ անդամ Սայաթ Դավթյանի սպանության հետ: Հիշեցնենք, որ այդ օրը Ս. Դավթյանը սպանվել էր Կոմիտասի շուկայի մոտ՝ գլխին արձակված երեք, այդ թվում՝ ստուգողական կրակոցների արդյունքում: ՀՀ ոստիկանության տվյալներով, մինչեւ սպանությունը Ս. Դավթյանի եւ մարդասպանի միջեւ վիճաբանություն էր եղել: Հայտնի էր այն «BMW» մակնիշի ավտոմեքենայի պետհամարանիշը, որում եղել էին հանցագործները՝ երեք հոգի: Նոյեմբերի 12-ին, սակայն, ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն էր ներկայացել Վալերի Բաբայան անունով մեկը եւ հայտնել, որ այդ սպանությունը ինքն է կատարել, մյուս հանցագործները մինչ օրս էլ ի հայտ չեն բերվել:
Իսկ անցյալ կիրակի, օրը ցերեկով՝ ժ. 14.35-ին, վերը նշված վայրում անհայտ անձինք ինքնաձիգից եւ ատրճանակից կրակ են արձակել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ եւ սպանել 1965 թ. ծնված Հրաչյա Մաթեւոսյանին, ապա մարդասպաններից մեկը իջել եւ ստուգողական կրակ է արձակել նրա վրա: Միջադեպի արդյունքում հրազենային վնասվածք է ստացել նաեւ մեքենայի ղեկին եղած 22-ամյա Հարությունը, որը տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Դեպքի վայրից զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 33 պարկուճ եւ 1 գնդակ, 9 մմ տրամաչափի 6 պարկուճ եւ 2 գնդակ: Զավեշտականն այն է, որ գլխավոր դատախազը տեղի ունեցած, իր ասելով՝ վենդետան բացատրել է մեր ժողովրդի «մենթալիտետով», բայց ո՛չ կատարվող սպանությունների չբացահայտման, դրանք եւ մեղավորներին հե՛նց իրավապահների կողմից պարտակելու հանգամանքով: Մյուս կողմից, հարց է ծագում, թե այդ ինչպե՞ս է պատահել, որ Ս. Դավթյանի սպանության հետ կապվող եւ վրեժխնդրության հողի վրա կատարված այս սպանության հեղինակը որսորդմիության նախկին նախագահի սպանության համար, ըստ էության, մեղավոր է համարել մի մարդու՝ սպանված Հրաչյա Մաթեւոսյանին, ինչի մասին պատկան մարմինները տեղյակ չեն եղել: