Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՅՈՒՆՈՎ ԵԿԱԾ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՐՅՈՒՆՈՎ ԷԼ ՀԵՌԱՑԱՎ

Հոկտեմբեր 28,2008 00:00

\"\"Ռոբերտ Քոչարյանի մասին ասաց ԱԺ սպանված փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, որի համար հոկտեմբերի 27-ի էջը մինչ այսօր բաց է, հարցերն՝ անպատասխան, կասկածները՝ չփարատված:

«Շիզոֆրենիկ գործեր էին արել եւ ուզում էին, որ դրանց տեր կանգնեն,- այսպես էր Վահան Հովհաննիսյանը 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո պատասխանել այն հարցին, թե ինչու էր խորհրդարանի դահլիճում իրականացրած սպանություններից հետո Նաիրի Հունանյանը զանգել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:- Նրանք իրականում կարծել են, որ իսկապես բարի գործ են կատարում, իսկապես ինչ-որ չարիքից են ազատում մեր ազգը, հայրենիքը, երբ որ դա արել են, սկսել են փնտրել կուսակցություններին, զանգել, ուղղակի դիմել, թե մենք միայն մաքրողն ենք, քաղաքական ուժե՛ր, եկեք, տեր կանգնեք այս վիճակին ու նաեւ մեզ»:

Երեկ, երբ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այլ պատգամավորների հետ միասին ծաղիկներ դրեց ԱԺ այգում՝ «27»-ի զոհերի հուշաքարի մոտ, հետաքրքրվեցինք, թե 9 տարի անց է՞լ է կարծում, որ Հունանյանն ու իր հանցակիցները ընդամենը կարծել էին, թե «իսկապես բարի գործ են կատարում»: Նա պատասխանեց. «Դա տարբերակներից մեկն էր: Մենք նաեւ ասում էինք, որ կարող է պատահի՝ դա արտաքին ուժերի դրդումով կատարված գործ լիներ: Եվ այժմ էլ կարող եմ ասել, որ այդ տարբերակներից որեւէ մեկը բացառված չէ: Դա կարող էր լինել արտաքին ուժերի դրդումով կատարված գործ, իսկ արտաքին ուժերը, բնական է, որ պետք է ինչ-որ չհիմնավորված ու միգուցե նաեւ հիվանդագին ռոմանտիզմով տառապող մարդկանց վրա հենվեին: Բայց այս ամենը ենթադրություն է, ի վերջո»:

Այն, որ «27»-ի ահաբեկչությունը ոչ միայն ներքաղաքական, այլեւ արտաքին քաղաքական դրդապատճառներ է ունեցել՝ ընդունեց նաեւ «Ժառանգության» վարչության նախագահ Անահիտ Բախշյանը, որը զոհերի այն քիչ հարազատներից էր, որոնք երեկ ներկա էին ԱԺ-ում հիշատակի այդ արարողությանը: 2007-ին նրանցից ընդհանրապես ոչ ոք չէր հրավիրվել, իսկ այս տարի հրավիրվել էին միայն Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հարազատները, վերջիններս էլ չէին եկել: Եվ երեկ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նշել է, թե «այս տարի հրավիրվել էին նաեւ զոհվածների հարազատները», ու հավաստել, որ իբրեւ ԱԺ նախագահ՝ «ամեն ինչ անելու է, որպեսզի համերաշխության ու հանդուրժողականության մթնոլորտ հաստատվի երկրում, եւ թշնամանքն ու վիրավորանքը վերանան»:

Ինչ-ինչ փոփոխություններ այս տարի իրոք եղան, քանի որ Կարեն Դեմիրճյանի գերեզմանին այցի էին եկել նաեւ հանրապետականներ Հերմինե Նաղդալյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, Ռազմիկ Մարտիրոսյանը: Վերջին երկուսը թեեւ արդեն հեռանում էին, երբ այստեղ եկավ արդեն 2-րդ տարին հիշատակի այս արարողություններին մասնակցող Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Հայ ազգային կոնգրեսի այլ գործիչների հետ: Իսկ Յուրի Բախշյանի գերեզմանին «Ժառանգության» պատգամավորների հետ միասին հոգեհանգստի ողջ արարողությանը ներկա գտնվեցին ՀՀԿ-ի մի շարք «հնաբնակ» գործիչներ: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի ուշադրությունը հրավիրելով Յուրի Բախշյանի գերեզմանի «Ընդհատումը միշտ չէ, որ վերջ է նշանակում» մակագրությանը՝ հետաքրքրվեցի, թե արդյոք կարծո՞ւմ է, որ «27»-ի ահաբեկչության 10-ամյա տարելիցի շեմին այլեւս վերջ է տրված կատարվածի իրական մեղավորներին բացահայտելու փորձերին. «Գիտեք, շատ ավելի մտերիմները միշտ էլ մտածում են, որ ինչ-որ մի բան կա՝ չգիտեն: Դա երեւի զգացմունք է կամ մոլորություն: Բայց կարծում եմ՝ ովքեր այդ օրը եղել են ԱԺ-ում, բոլորի մոտ էլ նման արմատավորված հոգեբանություն կա: Յուրաքանչյուր վերջ միշտ նորի սկիզբ է, եւ շատ լավ կլինի, որ այնպիսի իրավիճակում հայտնվենք, որ բոլորս շատ հավատավոր դառնանք»:

Իսկ Անահիտ Բախշյանն օրվա առնչությամբ այլ ասելիք ուներ. «Հիշենք, երբ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ դարձավ, եւ արծարծվեց մահապատիժը վերացնելու խնդիրը՝ ի՜նչ ջանասիրությամբ էին հասարակությանը համոզում, քարոզում, թե դա պետք է, քանի որ Եվրոպայի խորհուրդն է պահանջել: Հիմա ուզում եմ զուգահեռ տանել, քանի որ այսօր մարտի 1-ի դեպքերի հետ կապված նույն պատմությունն է՝ սա էլ ահաբեկչություն էր պետության կողմից սեփական ժողովրդի նկատմամբ, որն ըմբոստացավ իր իրավունքները պաշտպանելու համար: Ինչո՞ւ նույն ջանասիրությամբ չեն կատարվում ԵԽ պահանջները, ու ոչ միայն չեն կատարվում, այլ նաեւ ասում են՝ ի՞նչ պարտադիր է, որ անենք, կանենք այն, ինչ մեր շահերից է բխում: Այ, այս տարբերությունն եմ ուզում, որ հիշի մեր հասարակությունը»: Նաեւ նշեց. «Ռոբերտ Քոչարյանն այդ սահմռկեցուցիչ ողբերգությունից քաղեց ամենաբարձր միավորները, իր համար լավագույնս օգտագործեց այդ ահաբեկչությունը՝ երկիրը միանձնյա կառավարելու համար: Եվ արյունով եկավ ու արյունով էլ հեռացավ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել