Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հոկտեմբեր 25,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք յոթերորդ

Գլուխ յոթերորդ

ՄԵՐ ՎԱԶՔԸ

Եվ Ջավախյանը վրդովված ինձ ասաց՝ «էդ արդեն տղիս կրվելը քեզ էլ ե՞ն հասցրել», եւ ես հարցրի՝ «ո՞վ պիտի հասցներ», եւ ինքն ասաց՝ «Աբոյենք», եւ ես զարմացած հարցրի՝ «Աբոյե՞նք ինչ գիտեն», եւ Ջավախյանը մանրամասն պատմեց էն ամենը, որ արդեն ձեզ պատմեցի, եւ ես ասացի՝ «տղիդ կրվելը գիտեի, բայց չգիտեի, որ հետդ էդքան մարդ ես տարել» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «հիմի արդեն պարզ ա, թե ինչի ա տղեդ կրվել», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ինչի՞ ա կրվել», եւ ես ասացի՝ «տղեդ չի սիրում, որ իրա մրցումներին մոտիկներն ու հարազատները գնում են», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ չի սիրում», եւ ես ասացի՝ «դու ես հազար անգամ ասել», եւ ինքը հոգոց հանեց ու ասաց՝ «քեզ հազար անգամ ասել եմ, բայց ի՛մ գլուխը չի մտել», եւ ես ասացի՝ «որովհետեւ փառասեր ես», եւ ինքը հարցրեց՝ «խի՞ եմ փառասեր», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ուզել ես տղերքը տենան՝ ոնց ա տղեդ սաղին կրում», եւ ինքը հարցրեց՝ «դու չես ուզենա՞, որ աղջիկդ Վան Գոգից լավ նկարի», եւ ես ասացի՝ «շատ կուզենամ, բայց քիթս իրա գործերի մեջ չեմ խոթում», եւ ինքն ասաց՝ «ես էլ քիթս չեմ խոթում», եւ ես ասացի՝ «նոր դու էիր ասում, որ ձեր պատճառով ա կրվել», եւ ինքը հարցրեց՝ «բա դո՞ւ իրա կրվելն ումից ես իմացել», եւ ես ասացի՝ «Սառաջովի Սամիկից», եւ ինքն ասաց՝ «ինքը Վահագիս շատ ուժեղ բալետ ա անում», եւ ես ասացի՝ «բայց Սամիկը չի ասել, որ տերտերի ա կրվել», եւ Ջավախյանը հառաչեց ու ասաց՝ «Վահագի տրիներից իմացանք, որ էդ ճլեզը տերտեր ա» եւ մի քիչ դադար տվեց ու հառաչելով ավելացրեց՝ «գոնե տերտեր չըլներ», եւ ես ասացի՝ «ի՞նչ տարբերություն», եւ ինքը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ մի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ախր տղիս վաբշե կրող չի էղել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Հայաստանում», եւ ես հարցրի՝ «բայց արտասահմանցիներին կրվել ա, չէ՞», եւ ինքը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պատահել ա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «փաստորեն, էդ տերտերն էլ ա արտասահմանցի», եւ ինքն ասաց՝ «արտասահմանից ա, բայց հայ ա», եւ ես հարցրի՝ «Վահագի ռեկորդը խփե՞ց», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ո՞վ», եւ ես ասացի՝ «էդ տերտերը», եւ ինքն ասաց՝ «մենակ էդ էր պակաս մնացել» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «տասնմեկ ու քանիսում հազիվ տեղ հասավ», եւ ես հարցրի՝ «բա տղեդ ի՞նչ էր անում», եւ ինքն ասաց՝ «ի՞նչ պիտի աներ. շշմած ինձ ու Աբոյենց էր նայում» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «ըտենց զարմացած մի քանի վայրկյան մեզ նայեց, հետո նոր սկսեց վազել, ու էդքանից հետո էդ տերտերից ընդամենը մի քանի սանտիմ հետ մնաց», եւ ես հարցրի՝ «բա իրանց հետ ուրիշ վազողներ չկայի՞ն», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «ութ հոգի էին ֆինալ հասել, բայց որ էդ տերտերն էդ դիստանցիան կրել ա, պատկերացրու՝ մյուսներն ինչ մակարդակի վազողներ են էղել», եւ ես ասացի՝ «շատ դարդ մի արա. ինքն էլի ամենաարագավազ հայն ա», եւ Ջավախյանն ասաց՝ «դարդս էն ա, որ Պեկինի օլիմպիադան փուստ անցավ» եւ մի քիչ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «օլիմպիական մեդալը հեչ չէր խանգարի», եւ ես զարմացած ասացի՝ «ըտենց հույսեր ունեի՞ր», եւ ինքն ասաց՝ «ես է՛լ որ տղիս փոքրուց դոպինգի կապեի՝ էդ մեդալները շուտվանից ջեբներս կըլնեին» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բայց իմ էրեխի առողջությունն իմ համար ավելի կարեւոր ա, քան՝ էդ մեդալները» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «բա դու գիտես մենակ գրականության ասպարեզում ա՞ անարդարություն», եւ ես ասացի՝ «գրականության ասպարեզում գոնե դոպինգ չկա», եւ Ջավախյանն ասաց՝ «մեր գրողների մուտիլովկեքը դոպինգից բեթար են», եւ ես ծիծաղելով ասացի՝ «հեչ փորձել ե՞ս գրելուց առաջ դոպինգ օգտագործես» եւ ծիծաղելով ավելացրի՝ «կարող ա շատ ուժեղ պատմվածք ստացվի», եւ Ջավախյանն ասաց՝ «դո՛ւ պիտի դոպինգ ընդունես, որ կարենաս էդ վեպդ շարունակես», եւ ես ասացի՝ «ես գրելուց առաջ միշտ էլ դոպինգ եմ ընդունում», եւ Ջավախյանը լրջացած հարցրեց՝ «լուրջ ե՞ս ասում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «առանց դոպինգի ո՞նց վեց հատոր կգրեի» եւ ծիծաղելով ավելացրի՝ «արդեն յոթերորդն եմ սկսել», եւ Ջավախյանն ասաց՝ «իզուր էլ քեզ ասեցի», եւ ես հարցրի՝ «ի՞նչը իզուր ասեցիր», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «ես քեզ իմ անձնական գաղտնիքը վստահեցի, բայց դու ձեռ ես առնում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ անձնական գաղտնիք», եւ ինքն ասաց՝ «տղուս կրվելու մասին փաստորեն մենակ քեզ եմ ասել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «սաղ աշխարհին հետդ տարել՝ տղուդ կրվելը ցույց ես տվել», եւ Ջավախյանն ասաց՝ «բայց իրանք Վահագին կրողի տերտեր ըլնելը չգիտեն. մենակ քեզ եմ ասել», եւ ես ասացի՝ «նախքան քո ասելն էլ արդեն գիտեի», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «որտեղի՞ց գիտեիր», եւ ես ասացի՝ «Սառաջովի Սամիկից», եւ Ջավախյանը հուզված հարցրեց՝ «բայց էդ Սամիկը գիտե՞ր, որ Վահագին կրողը տերտեր ա», եւ ես ասացի՝ «դժվար թե. որ իմանար՝ երեւի կասեր», եւ ինքը խաղաղվեց ու ասաց՝ «փաստորեն, մենակ դու ու ես գիտենք, որ իրան կրողը տերտեր ա», եւ ես ասացի՝ «հանգիստ էղի. մարդու չեմ ասի», եւ ինքն ասաց՝ «գիտեմ, որ բացբերան չես, դրա համար էլ քեզ ասեցի», եւ ես ասացի՝ «փաստորեն, էսօր պատմական օր ա», եւ ինքը հարցրեց՝ «Վահագի կրվելու իմաստով ե՞ս ասում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ ինքը հարցրեց՝ «բա ի՞նչ իմաստով ա պատմական», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էսօր էլի բարիշեցինք», եւ ինքը մի քիչ մտածեց ու ասաց՝ «սիրտս էնքան նեղված էր, որ մեկին պիտի զանգեի՝ քեզ զանգեցի», եւ ես ասացի՝ «երբ քեզ պետք ա՝ խռովում ես, երբ պետք ա ըլնում՝ բարիշում ես», եւ ինքը ծիծաղելով ասաց՝ «լավ ա էդքանը հասկանում ես» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «շունգել՝ ընկեր ենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «քեզ որ չասեի՝ ո՞ւմ ասեի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «գիտեմ, որ Վահագիս շատ ես սիրում. իրա էս կրվելու վրա չես ուրախանա», եւ ես ասացի՝ «հեչ չեմ ուրախացել», եւ ինքը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դրա համար էլ որոշեցի հետդ բարիշեմ», եւ ես ասացի՝ «տես՝ էս բարիշելդ վրեդ շատ թանկ չնստի», եւ ինքը զարմացած հարցրեց՝ «խի՞ պիտի թանկ նստի», եւ ես հարցրի՝ «էդ որտեղի՞ց ես զանգում», եւ ինքը պատասխանեց ու ասաց՝ «վերնիսաժից», եւ ես ասացի՝ «բա չես մտածո՞ւմ, որ սոտըվիիդ փողերը գնում են», եւ ինքը ծիծաղելով ասաց՝ «ընկերությունը ընկերություն, բայց հո խելառ չե՞մ, որ իմ սոտըվիից հետդ էսքան գյալաջի անեմ», եւ ես հարցրի՝ «բա էդ ո՞ւմ սոտըվիով ես գյալաջի անում», եւ ինքը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «Վարոյի» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «ինքը զուգարան ա գնացել՝ սոտըվին թողել ա մոտս», եւ ես ասացի՝ «խիղճն էլ ա լավ բան», եւ ինքն ասաց՝ «շատ դարդ մի արա. ըսենց դեպքերում ինքն էլ ի՛մ սոտըվին ա ըսենց գըռռըցնում», եւ ես ասացի՝ «ինչքան խոսացինք՝ հերիք ա», եւ ինքն ասաց՝ «ճիշտ ես ասում. Վարոյի քաչալը հրեն՝ էրեւաց» եւ ավելացրեց՝ «մեկին պիտի էս գաղտնիքս ասեի՝ քեզ ասեցի. մտածեցի՝ փակբերան մարդ ես», ու էս հարցում Ջավախյանը միանգամայն ճիշտ է, եւ սա առաջին դեպքը չէր՝ որ իր անձնական գաղտնիքն ինձ էր վստահում, եւ քանի որ ինքը ժամանակին դաշնակցական էր, միշտ ինձ ու դաշնակցությանն իրար հետ համեմատելով՝ ասում է, որ ես կարեւորագույն հարցերում փակբերանության առումով դաշնակցությունից էլ եմ փակբերան, եւ չնայած ինքը դաշնակցությունից բացբերանության համար չի հեռացվել, բայց իրականում լավ էլ բացբերան է, եւ արձակից ու արծաթավաճառությունից հետո իր երրորդ մշտական զբաղմունքը բամբասանքն է, եւ իր բամբասանքի բովանդակությունը մշտապես անշառ ու անմեղ է, եւ սա իմ իսկ փորձով եմ ասում, եւ ինձ բամբասելիս հիմնականում շեշտում է, որ իբրեւ արձակագիր իր համեմատ հեչ բան եմ, եւ չնայած ինքը բամբասելու հարցում մարդկանց մեջ խտրականություն չի դնում, այնուամենայնիվ, լինում են ժամանակներ, երբ ինքը սեւեռվում ու կենտրոնանում է կոնկրետ մեկի վրա, եւ երբ ե՛ս եմ բամբասանքի իր թիրախին տեւականորեն հայտնվում, էդ շրջանում որեւէ առիթով հետս խռովում է, որովհետեւ Ջավախյանն է՛ն մարդկանցից է, ովքեր խռով վիճակում ավելի անկաշկանդ ու ավելի արդյունավետ են բամբասում, բայց սովորաբար մեր խռով մնալը տարուց ավել չի տեւում, որովհետեւ Ջավախյանն է՛ն մարդկանցից է, ովքեր միայն մեկին փնովելով չեն բավարարվում ու սահմանափակվում, եւ երբ իր թիրախին միանգամայն ա՛յլ գրողներ են հայտնվում, ինքն անմիջապես հետս բարիշում է, որովհետեւ Ջավախյանն է՛ն մարդկանցից է, ովքեր երբ ուզում՝ խռովում են եւ երբ ուզում՝ բարիշում են, եւ ինքն է՛ն եզակիներից է, որոնց էն գլխից բամբասելու իրավունք է շնորհված եւ որոնցից չեն նեղանում բամբասելու համար, եւ առավել եւս ե՛ս չեմ նեղանում Ջավախյանից եւ իր հետ խռովելուն զուգահեռ՝ մշտապես իր հետ բարիշելու ցանկություն եմ ունենում, որովհետեւ եթե Ջավախյանի հետ տեւականորեն խռով մնաս, տեւականորեն անտեղյակ կմնաս Գրողների միությունում ու հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններից՝ ներառյալ իր ընտանիքում տեղի ունեցող իրադարձությունները, որովհետեւ Ջավախյանն էն մարդկանցից է, ովքեր թեեւ սիրում են ուրիշի անձնականի մեջ խորանալ, բայցեւ ժամանակ առ ժամանակ իրենք են փնտրում մեկին, ում կարելի է սեփական անձնական խնդիրը վստահել ու ներկայացնել, ու էս ամառ էդ մեկը ես էի, եւ հերթական Համահայկականի հարյուր մետր վազքից հետո Ջավախյանն էդ տերտերի պատմությունն արեց, եւ չնայած հետո մի քանի անգամ ասել է, որ ինքը չարաչար է փոշմանել տերտերի հետ կապված էդ գաղտնիքն ինձ վստահելու համար, իրականում հեչ էլ չի փոշմանել, որովհետեւ Ջավախյանն է՛ն մարդկանցից է, ովքեր եթե իրենց սրտում ու հոգում որեւէ գաղտնիք պահեն, իրենց իսկ սիրտն ու հոգին կպայթեցնեն, իսկ ինչ վերաբերում է անձամբ Ջավախյան Լեւոնին, ինքը նույնիսկ դեմ էլ չի, որ տերտերի էդ պատմությունը ձեզ համար էսպես գրելով պատմեմ, ու էս առումով իր համաձայնությունն արդեն ունեմ, եւ չնայած սկզբում մի քիչ չեմուչում արեց, բայց հետո, երբ իրեն բացատրեցի, որ մինչեւ էս հատվածս տպեմ՝ Վահագն արդեն սպորտը թարգած կլինի, իմ կոլեգա Ջավախյանն անմիջապես համաձայնությունը տվեց, եւ բնական է՝ պիտի տար, որովհետեւ Ջավախյանն էն մարդկանցից է, ովքեր վերջնականապես են համոզվել, որ եթե ես մեկի մասին գրում եմ, էդ մեկի մասին ավելի շատ դրականն եմ գրում, քան՝ բացասականը, եւ Ջավախյանն էս հարցում անձամբ է համոզվել, եւ երբ տարիներ առաջ իր ու իր չեմպիոն որդու մասին պատմվածք գրեցի, ինքը ոչ միայն չէր նեղացել, այլեւ էդ պատմվածքս քսերոքս արել ու տարածում էր, եւ ես էդ օրերին հասկացա, որ եթե չես ուզում ինքը գրածներդ աջուձախ վատաբանի, պիտի իրեն ու առնվազն իր Վահագ որդուն գրական հերոս դարձնես, եւ հատկապես իր որդու պարագայում է դա հեշտ լուծելի, որովհետեւ Ջավախյան Վահագը ոչ միայն գրական, այլեւ իսկական հերոս է, եւ տասը տարուց ավելի հարյուր մետր վազքի հանրապետական ռեկորդը սեփականացնելն էլ հանաք մասխարություն չի, բայց, ռեկորդակիր լինելով հանդերձ, Ջավախյան Վահագը նաեւ ընկերական շրջապատի կողմից է հարգված ու սիրված եւ շատ հաճախ է տուժում իր իսկ ընկերասիրության պատճառով, եւ Վանոյի օրոք՝ իննսունհինգին, էն ժամանակ դաշնակ Ջավախյան Լեւոնն էն ժամանակ դաշնակ ու էն ժամանակ դեպուտատ Ղազինյան Ռաֆոյի ուղեկցությամբ ստիպված եղավ ներկայանալ Կենտրոնի միլպետին ու վերջինիս սեղանին դնել Վանոյի առաջին գիրքը՝ անձամբ հեղինակի մակագրությամբ եւ, ուրեմն, էդ ձեւով ու էդ ճանապարհով Կենտրոնի ոստիկանությունից դուրս բերել իր որդի Վահագին, որն արդեն օրումեջ խփում էր հարյուր մետր վազքի իր իսկ հանրապետական ռեկորդը, բայցեւ միեւնույն ժամանակ հաջողացնում էր չկտրվել ընկերական շրջապատից, ու էդ շրջապատի մեջ էր նաեւ նռնակի պայթեցման ու հայտնաբերման էդ օրը, եւ հայր Ջավախյանն էդ օրը հատկապես էր սրտնեղած, որովհետեւ մտածում-մտածում ու ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ թե՝ ինչպես էր պատահել, որ դեպքի պահին որդու բոլոր ընկերները հաջողացրել էին փախչել, եւ հենց որդին՝ աշխարհի ամենաարագավազ հայն էր հայտնվել միլիցիայի ճանկերում, եւ հոր սրտնեղությունը չէր փարատում անգամ Վանոյի գրքի ընծայագիրը՝ «Ընկերոջս՝ Ջավախյան Լյովիկին, ում արգելվում է երկու բաժակից ավել խմել, մի կնոջից ավել սիրել, տասը նախադասությունից ավել խոսել, երեք նախադասությունից ավել գրել, եւ այդպես շարունակ: Վանո»:

Եթե Վանոն իմանար, որ էսքան երկար ու էսքան շատ եմ գրելու, ժամանակին ճիշտ էդպիսի ընծայագիր էլ երեւի ինձ համար կգրեր, մանավանդ որ, ինչպես տեսնում եք, ես ոչ միայն երկար ու շատ եմ գրում, այլեւ հարկ եղած դեպքերում մեջբերումներ եմ անում իմ իսկ պատմվածքներից, բայց սա գրականության մեջ արդեն փորձված ու արդարացված բան է, եւ ժամանակին Ֆոլկներն ու Մարկեսն էլ են իրենց վեպերում որոշ կտորներ մեջբերել իրենց իսկ պատմվածքներից, եւ իմ դեպքում էս տրյուկն ավելի քան արդարացված է, որովհետեւ հայր ու որդի Ջավախյանների մասին տեղեկացված լինելու իրավունք ունեն նաեւ նրանք, ովքեր ժամանակին միանգամայն հարգելի պատճառներով Ջավախյանի մասին իմ էդ պատմվածքը չեն կարդացել:

Բայց վերադառնանք մեր օրեր ու տերտերի էդ պատմությանը: Նախքան տերտերի հետ էդ չարաբաստիկ ծանոթությունը՝ Ջավախյան Վահագն էդ Համահայկականի ջահն էնքան արագ էր Գառնիից Հանրապետական մարզադաշտ հասցրել, որ կազմակերպիչները շիվարել էին, ու Քոչարյանն էլ ստիպված էր եղել հինգ րոպե շուտ արտասանել ողջույնի իր ճառը, իսկ երկու օր հետո Արտաշատի մարզադաշտում տեղի ունեցավ այն՝ ինչն արդեն գիտեք, եւ ես էլ գիտեի՝ նախքան Ջավախյանի զանգելը, որովհետեւ Սառաջովի Սամոն՝ որ վետերան վազողների ու վազքասերների նախագահն է ու Վահագի էլ ամենաջերմ երկրպագուն, Արտաշատի դեպքի էդ նույն իրիկուն Սառաջովի «Տոտոյում» ինձ արդեն ամենայն մանրամասնությամբ պատմել ու նկարագրել էր Ջավախյան Վահագի էդ աննախադեպ պարտությունը, եւ Վահագի էդ պարտությունը նկարագրելիս Սամիկը գլուխը բռնում ու հառաչում էր եւ երկու ձեռքերով գլուխը բռնում ու խորը հառաչում էր հատկապես է՛ն պահերին, երբ նկարագրում էր հաղթողի արտաքին տվյալները, եւ երբ իրեն հարցրի՝ «էդ կրողն ո՞վ էր», ինքը հառաչելով պատասխանեց ու ասաց՝ «մի հատ լրիվ անծանոթ մորուքավոր էր. դրան առաջին անգամ էի տենում», եւ հառաչելով ավելացրեց՝ «Լոսից մի հատ կոլոտ հայ էր. էդ բոյի հարուր մետր վազող կյանքումս առաջին անգամ էի տենում», եւ ես զարմացած հարցրի՝ «էդ կոլոտը լավ արդյունք ցույց տվե՞ց», եւ Սամոն ծիծաղելով ասաց՝ «ի՞նչ արդյունք. էդ մորուքավորը տաս ու հինգում վազեց, Վահագը՝ տաս ու վեցում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Վահագին որ քնած տեղից էլ հանես՝ հարուր մետրը տաս ու էրկուսում կվազի», եւ երբ հաջորդ առավոտ Ջավախյանն ինձ զանգեց, ես արդեն ամեն ինչ գիտեի, բայց Ջավախյանն ինձ ասաց կարեւորագույնը՝ ինչից Սամիկն անտեղյակ էր, այն է՝ Վահագին հաղթողը մեր առաքելական եկեղեցու ներկայացուցիչ էր՝ սովորական ու շարքային տերտեր, որը միկրոինֆարկտից հետո բժիշկների խորհրդով սկսել էր ամեն առավոտ վազել եւ ամեն Աստծո առավոտ պարտաճանաչորեն վազելով՝ ահա հասել էր Համահայկական խաղեր ու էստեղ Հայաստանի մշտական ռեկորդակիր Ջավախյան Վահագին հաղթելով՝ ինքն իր էդ անակնկալ հաղթանակից ամենից շատ էր ապշել, եւ երբ հաջորդ իրիկուն նույն էդ «Տոտոյում» Սամիկին իրազեկեցի, որ Վահագին հաղթողն ամենասովորական տերտեր է, Սամիկն, իհարկե, զարմացավ, բայց էնքան չզարմացավ՝ ինչքան ես էի սպասում, որովհետեւ, ինչպես քիչ անց պարզվեց, Վահագն էդ օրն էլ օրը ցերեկով նույն Արտաշատում նույն էդ տերտերին երկու հարյուր մետր վազքում էր պարտվել, եւ Սամիկի աչքն արդեն որոշ չափով վարժվել էր Վահագի պարտվելուն, եւ էդ երկու պարտություններից հետո Սամիկի վերջնական եզրակացությունը հետեւյալն էր՝ «էդ տղի հետ ինչ-որ բան ա կատարվում», եւ ես ասացի՝ «ես գիտեմ իրա կրվելու պատճառը», եւ Սամիկն ասաց՝ «ես էլ գիտեմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ գիտես», եւ Սամիկը պատասխանեց ու ասաց՝ «պսակվելուց հետո ռեժիմը ռեզկի փոխվել ա», եւ ես ասացի՝ «ես իսկական պատճառը գիտեմ», եւ Սամիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ իսկական պատճառ», եւ ես Ջավախյանի ու պատվիրակության մասին պատմելով՝ Սամիկին հարցրի՝ «հիմի հասկացա՞ր՝ Վահագը խի ա կրվել», եւ Սամիկն ինձ ուշադիր լսելուց հետո հարցրեց՝ «կարող ա՞ հանաք ես անում», եւ ես ասացի՝ «խի՞ պիտի հանաք անեմ», եւ Սամիկն ասաց՝ «կարող ա քեզնից ենթադրություն ես անում», եւ ես ասացի՝ «ես որ մի բան հաստատ չիմանամ՝ չեմ ասի», եւ Սամիկը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «գիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «իրա հերն ընկերդ ա, չէ՞», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հա», եւ Սամիկը հարցրեց՝ «իրա հերն էլ ա չէ՞ գրող», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Սամիկը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «որ գրող ա, խի՞ ա էդ ղալաթն արել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «մտածել ա, որ իրանց ներկայությունից Վահագը կոգեւորվի ու ավելի լավ կվազի», եւ Սամիկը քամահրանքով ասաց՝ «շա՜տ լավ վազեց» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հերը որ գրող ա, էդ հոգեբանական նրբությունները պիտի հասկանար» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «հերն իրա տղու հոգեբանությունն ավելի լավ պիտի իմանար, քան՝ ես ու դու», եւ ես ժպտալով ասացի՝ «սրանից հետո կիմանա», եւ Սամիկը տխուր ժպտալով ասաց՝ «հիմի արդեն շատ ուշ ա. Պեկինի պուծյովկեն արդեն ծյուծյո՜ւ», եւ ես հարցրի՝ «հիմի էդ տերտերն ա՞ Պեկին էթալու», եւ Սամիկը ծիծաղելով ասաց՝ «ձեռ ե՞ս առնում. էդ տերտերը տաս ու հինգում հազիվ ֆինիշ հասավ», եւ ես ասացի՝ «բա ասում են՝ տասնմեկում ա հասել», եւ Սամիկը զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա ասում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Վահագի հերն ա ասում», եւ Սամիկն ասաց՝ «Վահագի հերը չափազանցնում ա» եւ ավելացրեց՝ «իմ սեփական սեկունդամերով եմ չափել. էդ ասածդ տերտերը տաս ու հինգում հասավ, Վահագը՝ տաս ու վեցում» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «ես իմ էս տարիքում իրանցից շուտ ֆինիշ կհասնեի», եւ ես ասացի՝ «որ Վահագն իրա հորն ու հոր ընկերներին տեսել ա՝ երեւի հուզվել ա», եւ Սամիկն ասաց՝ «պարզ ա՝ կհուզվեր. ինքը սովոր չի, որ իրա հարազատներն իրա մրցումներին գան», եւ ես հարցրի՝ «բա էսօ՞ր ոնց ա էրկու հարուր մետրը կրվել. էսօր էլ հո հարազատները չե՞ն էկել», եւ Սամիկն ասաց՝ «էրեկ որ հարուր մետրը կրվել ա, սաղ գիշեր մանթռաշից չի կարացել քնի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «առանց քնելու ո՞նց կարաս վազես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էդ տերտերը երեւի շատ լավ ա քնել», եւ Սամիկն ասաց՝ «կքներ՝ խի՞ չէր քնի. փաստորեն, Հայաստանի տասը տարվա չեմպիոնին ա կրել», եւ ես ասացի՝ «Վահագի հոր ու հոր ընկերների շնորհիվ», եւ Սամիկն ասաց՝ «ես էլ զգացի, որ ստարտի վախտ Վահագն ահագին պաուզա տվեց ու նոր տեղից պոկվավ», եւ ես ասացի՝ «որ հորն ու հոր ընկերներին տեսել ա, շատ ա զարմացել», եւ Սամիկը հարցրեց՝ «ասում ես՝ հերը կարգին գրող ա՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Սամիկն ասաց՝ «իրա հոր գրածը կարդացել եմ, բայց բան չեմ հասկացել», եւ ես հարցրի՝ «իրա հոր ո՞ր գրածն ես կարդացել», եւ Սամիկն ասաց՝ «մի քանի տարի առաջ Վահագի հարուր մետր վազքի մասին «Գարունի» մեջ ինչ-որ հոդված էր գրել», եւ ես ասացի՝ «հոդված չէր՝ պատմվածք էր», եւ Սամիկը հարցրեց՝ «հոդվածն ու պատմվածքն իրարից շատ ե՞ն տարբերվում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ահագին», եւ Սամիկը ժպտալով ասաց՝ «դե թող հիմի էդ տերտերի մասին պատմվածք գրի», եւ ես ասացի՝ «ես եմ տերտերի մասին գրելու», եւ Սամիկը հարցրեց՝ «տերտերի մասին ի՞նչ ես գրելու», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «վեպ», եւ Սամիկը հարցրեց՝ «Րաֆֆու «Սամվելն» էլ ա չէ՞ վեպ», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, գրականությունից էլ ես ուժեղ», եւ Սամիկը ժպտալով ասաց՝ «ըտենց էլ չհասկացա, թե էդ Սամվելն իրա հորնումորը խի սպանեց», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էդքանը որ հասկանայիր, գրականագետ կըլնեիր», եւ Սամիկը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «բայց խի՞ սպանեց», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հանուն հայրենիքի», եւ ինքը հարցրեց՝ «հանուն հայրենիքի կարելի՞ ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չգիտեմ», եւ ինքն ասաց՝ «էլ ի՞նչ գրող, որ էդ հասարակ բաները չես իմանում», եւ ես ասացի՝ «հեչ հասարակ բան չի», եւ Սամիկն ասաց՝ «փոխանակ ձեր մասնագիտության մեջ խորանաք, ձեր չիմացած բաների մեջ եք խորանում», եւ ես ժպտալով ասացի՝ «մեկ ա՝ էդ տերտերի պատմությունը գրելու եմ», եւ Սամիկն ասաց՝ «հերիք չի՝ գնացել տղին խանգարել եք, հիմի էլ գրականությունով ե՞ք ուզում վարկաբեկեք», եւ ես ասացի՝ «ես էդ խանգարողների հետ չեմ էղել», եւ Սամիկն ասաց՝ «պիտի ձեռները բռնեիր՝ չթողեիր գնան», եւ ես ասացի՝ «իրանց գնալու մասին չեմ իմացել», եւ Սամիկը հարցրեց՝ «բա ո՞նց ա՝ քեզ չեն ասել», եւ ես ասացի՝ «Վահագի հոր հետ խռով էի», եւ Սամիկը զարմացած հարցրեց՝ «գրողներն էլ ե՞ն իրար հետ խռովում», եւ ես ասացի՝ «գրողները մյուսներից շատ են իրարից խռովում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել