Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴՀԱՏԵ՞Լ ԿՅԱՆՔԸ, ԹԵ՝ ՈՉ

Հոկտեմբեր 25,2008 00:00

Երեկ Երեւանի պետական համալսարանում (ԵՊՀ) կայացավ Հերացու անվան բժշկական պետական համալսարանի եւ ԵՊՀ-ի ուսանողական գիտական ընկերությունների կազմակերպած գիտաժողով-քննարկումը՝ «Էֆթանազիա. տեսական եւ պրակտիկ հիմնախնդիրներ» թեմայով: «Ըստ իս՝ հասունացել է այն պահը, երբ մենք պետք է քննարկենք էֆթանազիա երեույթը, դրա դրական եւ բացասական ազդեցությունները: Մեր հասարակությունը դեռեւս լիարժեք չի տիրապետում դրան: Կա լուրջ հակասություն՝ ճի՞շտ է այն, թե՞ սխալ: Մարդկանց կողմնորոշման եւ հասարակական կարծիքի ձեւավորման տեսանկյունից, կարծում եմ, գիտաժողովը ժամանակագրական է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց բժշկական համալսարանի ուսանողական գիտաժողովների ընկերության նախագահ Նարեկ Վերանյանը: Ինչպես նա մանրամասնեց, էֆթանազիան մարդու կյանքի վերջին կրիտիկական շրջանում, իր իսկ ցանկությամբ կյանքի ընդհատումն է՝ բժիշկների ձեռքով: Գիտաժողովի ընթացքում հնչեցին զեկույցներ «Էֆթանազիա. մտածված սպանությո՞ւն, թե՞ գթասրտություն», «Էֆթանազիայի հիմնախնդիրները օրենսդրական ոլորտում», «Էֆթանազիային այլընտրանք», «Փաստարկներ՝ էֆթանազիայի օրինականացմանը կողմ» թեմաներով, եղան քննարկումներ: Ըստ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Տաթեւիկ Ներկարանյանի, էֆթանազիայի երեւույթը պետք է բացառել Հայաստանում. «Դեմ եմ էֆթանազիային: Գտնում եմ, որ այն սխալ է դիտարկել գթասրտության, բարեհոգության քողի ներքո: Բարոյական, կրոնական եւ մարդկային տեսակետից այն անընդունելի է: Առաջարկում եմ ՀՀ օրենսդրությամբ էֆթանազիան որպես առանձին քրեաիրավական արարք որակել»: Նույն կուրսի ուսանող Աշոտ Ադամյանն այլ կարծիք ուներ. «Ես ընդունում եմ էֆթանազիան եւ գտնում եմ, որ համապատասխան օրենսդրական ակտերով պետք է կարգավորվի ոչ միայն թույլատրումը, այլ նաեւ ընթացակարգը»: Ըստ բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Վաթյանի. «Յուրաքանչյուր բժիշկ Հիպոկրատի երդումն ընդունելիս մերժում է հիվանդին թունավոր դեղաչափ կամ թույն տալը: Ցանկացած բժիշկ պարտավոր է հիվանդի կյանքի համար պայքարել մինչեւ վերջ»: Նույն կուրսի ուսանողուհի Հռիփսիմե Նահապետյանն էլ ասաց. «Ես ոչ մերժում եմ, ոչ էլ ընդունում: Ըստ իս, պետք է մի կառույց ստեղծվի, որը յուրաքանչյուր դեպքի համար կամ կթույլատրի, կամ կմերժի էֆթանազիան»: Բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Տիգրան Սահակյանը համամիտ է Հռիփսիմեի հետ. «Լինում են դեպքեր, երբ ուղղակի անհրաժեշտ է էֆթանազիա, դեպքեր էլ՝ երբ սպանություն է դիտվում: Ես չեմ կարող ասել՝ դե՞մ եմ, թե՞ կողմ: Այն եւ ճիշտ է, եւ սխալ, բայց հակված եմ այն գաղափարին, որ ցանկացած մարդու կյանք տալիս է Աստված, ուրեմն հենց նա՛ իրավունք ունի այն տնօրինել»: Խնդրի առնչությամբ գիտաժողովի ընթացքում անցկացվում էր նաեւ սոցհարցում: Ձայները բաշխվել էին՝ 97 դեմ եւ 56 կողմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել