Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ԿԱՐԾԻՔ

Հոկտեմբեր 25,2008 00:00

Երեկ «Հայելի» ակումբում բանավիճում էին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը եւ «Ինքնագիր» հանդեսի գլխավոր խմբագիր, գրող-հրապարակախոս Վիոլետ Գրիգորյանը: Նրանք բանավիճեցին ստեղծագործական ազատության թեմայով: «Մենք այսօր ապրում ենք խմորումների ժամանակաշրջանում, կործանումների ու նորոգումների, փլուզումների ու կառավարումների շրջանում, ու հիմա արվեստն առավել մեծ խնամքի է արժանի…»,- ասաց Տիգրան Մանսուրյանը: Այլ կարծիքի է գրող Վիոլետ Գրիգորյանը. «Հիմա ապրում ենք սպասման շրջանում, այս սպասումը միանշանակ կապված է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հետ… Ես իմ ամերիկաբնակ ազգականներին խնդրել եմ $10 փոխանցել Օբամայի ընտրարշավի ֆոնդին»:

Արվեստագետները խոսեցին նաեւ ազատության իրենց պատկերացումներից: «Շատերը կարող են այս մասին հատորներ գրել, այլ բան է ազատությունը՝ հասարակական-քաղաքական իմաստով: Ժամանակն է եկել, որ էություն եւ իմաստ «ներարկենք» այս հարցի մեջ»,- ասաց Վ. Գրիգորյանը: Իսկ Տ. Մանսուրյանն ասաց, որ ԽՍՀՄ տարիներին ինքն ու իր սերնդակիցները լուրջ խնդիրներ ունեին. «Մենք ստեղծում էինք ավանգարդ երաժշտություն… Հիմա սահմանափակումներ չկան եւ եթե արվեստագետը որեւէ պարտականություն ունի հասարակության առաջ, ապա դա լավ ստեղծագործելն է»:

Վ. Գրիգորյանի խոսքով. «Քաղաքական գործիչները միշտ արհամարհում են արվեստագետներին եւ վերջիններս կարծում են, որ իրենք միշտ ենթակա պետք է լինեն: Սա, փաստորեն, խորհրդային դառը մնացուկներից է, որ պահպանվում է մինչեւ այժմ»: Տ. Մանսուրյանն էլ ավելացրեց՝ որպեսզի արվեստի հանդեպ սերը չմարի՝ մամուլում պետք է տեղ գտնեն լուրջ հոդվածներ ու քննադատական հրապարակումներ:

Լրագրողների դիտարկմանը, թե այսօր արվեստագետները հիմնականում զբաղված են իշխանություններին գովելով, Վ. Գրիգորյանը պատասխանեց. «Եվ իշխանությանը, եւ հասարակությանը քծնելը հավասարապես զզվելի է: Այսօր իմ ճանաչած բոլոր արվեստագետները քծնում են ժողովրդին»:

Տ. Մանսուրյանը պարզաբանեց, թե այսօրվա ֆիլմերում ինչու տեղ չի գտնում իր երաժշտությունը: «Սովետական շրջանում իմ սփոփանքը ֆիլմերի համար երաժշտություն գրելն էր: Հետո զգացի, որ այդ ժամանակվա իշխանություններն ինձ մղում են դեպի կինո, դրա համար էլ որոշեցի զբաղվել լուրջ երաժշտություն գրելով՝ արդյունքում հետզհետե հեռանալով կինոյից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել