Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Հոկտեմբեր 25,2008 00:00

Առանց մրցանակային տեղերի

\"\"Հունաստանի Կալիթեա քաղաքում ավարտվեցին շախմատի Եվրոպայի տղամարդկանց 24-րդ եւ կանանց 13-րդ ակումբային առաջնությունները, որոնց մասնակցող Հայաստանի չորս թիմերից եւ ոչ մեկը մրցանակային տեղի չարժանացավ:

Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի երեք ակումբներից լավագույնը 7-րդ հորիզոնականը գրաված «Բանկային Արքան» էր՝ թիմային 10 եւ անհատական 27,5 միավորով: «ՄԻԿԱ» շախմատային ակումբը թիմային նույնքան, բայց երկրորդ ցուցանիշով 24 միավորով բավարարվեց 12-րդ տեղով, իսկ ՖԻՄԱ երիտասարդական թիմը հանգրվանեց 20-րդ հորիզոնականում (թիմային՝ 8, անհատական՝ 25,5 միավոր):

Իսկ մրցանակային եռյակը կազմեցին Սվերդլովսկի «Ուրալը», «Բադեն Բադենը» եւ Կիեւի «Չեսս» ակումբը:

Կանանց առաջնությունում «ՄԻԿԱ Երեւան»-ը թիմային 9 (17,5) միավորով պայքարը եզրափակեց 5-րդ հորիզոնականով: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց «Մոնտե Կառլոն», որին մրցանակային եռյակում հաջորդեցին Վիդնոյեի «Սպարտակը» եւ Պոդգորիցայի «Տ-Կոմ»-ը:

Ոչ-ոքի՝ Անգլիայի հետ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը, որը համալրված է հիմնականում ներհանրապետական առաջնության 1-ին խմբում հանդես եկող ֆուտբոլիստներով, Իսպանիայում այդ տարիքային խմբի Եվրոպայի 2008/2009 թթ. առաջնության որակավորման փուլի (13-րդ խումբ) մեկնարկային խաղում հանդիպել է Անգլիայի իր հասակակիցների հետ: Խաղն ավարտվել է 0:0 հաշվով: Այսօր ավագ մարզիչ Սամվել Պողոսյանի սաները հանդիպելու են Իսպանիայի հավաքականի հետ:

Անանդը գրեթե աշխարհի չեմպիոն է

\"\"Բոննում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար 12 հիմնական պարտիայից բաղկացած Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)- Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) մրցամարտն աննկատ մոտենում է ավարտին:

Երեկ աշխարհի ներկայիս երկու ուժեղագույն գրոսմայստերները մրցաշարի շրջանակներում խաղատախտակի շուրջ հանդիպեցին ութերորդ անգամ: Ու թեեւ ռուսաստանցի շախմատիստը կանգնած է մրցամարտի ընդհանուր արդյունքում շախմատային թագին տիրելու հեռանկարից զրկվելու իրական վտանգի եւ վճռական քայլերի դիմելու անհրաժեշտության առջեւ, 39-րդ քայլում համաձայնեց ոչ-ոքիի: Մրցամարտի հաշիվը դարձավ 5,5:2,5՝ հօգուտ Անանդի:

Չնայած գրոսմայստերները խաղալու դեռ չորս պարտիա ունեն, բայց դատելով մրցապայքարի ընթացքից՝ արդեն կարելի է վստահաբար ասել, որ շախմատային թագը բաժին է հասնելու Վիշվանաթան Անանդին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել