Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

Հոկտեմբեր 25,2008 00:00

\"\"Թուրքական ուղեկալի վրա հարձակումը զինվորականներին կանգնեցրել է նոր ռազմավարության որդեգրման խնդրի առջեւ

Թուրքիայի քաղաքական ու զինվորական իշխանությունները կանգնել են ահաբեկչության դեմ պայքարի նոր ռազմավարական մոտեցումների անհրաժեշտության առջեւ: Քուրդ զինյալների կողմից հոկտեմբերի 3-ին թուրք-իրաքյան սահմանին տեղակայված Աքթյութունի զինվորական ուղեկալի վրա հարձակման հետեւանքով զոհ գնաց թուրքական բանակի 17 զինծառայող: Թուրքական օդուժը շարունակաբար սկսեց օդային հարվածներ հասցնել Հյուսիսային Իրաքի ՔԲԿ դիրքերին: Դրա մասին նշել էինք նախորդ հրապարակման մեջ («Առավոտ», 18.10.2008):

Նոր ռազմավարության հիմքում է դրվում պրոֆեսիոնալ բանակի գաղափարը, որը դեռ 2007թ. առաջ քաշեց այն ժամանակ ցամաքային զորքերի, իսկ ներկայումս թուրքական բանակի գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղը: Հիմնականում սպաներից ու ենթասպաներից կազմված Ժանդարմերիայի գումարտակներից ու հրամանատարական բրիգադներից 7 հազարանոց հատուկ նշանակության ուժեր կկազմվեն, որոնք կտեղակայվեն այդ սահմանային շրջաններում: Ժանդարմերիայի հրամանատարության հիմքի վրա ստեղծվելիք Հատուկ նշանակության ուժերը մեկ տարի հետո կհամալրվեն եւս 8 հազարով: Հայաստանի հետ Թուրքիայի սահմանից մինչեւ Հաթայ, թուրք-սիրիական սահմանը ներառյալ, ամբողջ երկայնքով տեղակայվելու են հատուկ նշանակության սահմանային ուղեկալներ: Նախատեսվում է քաղաքներում հնարավոր ահաբեկչական գործողությունները կանխելու համար ուժեղացնել նաեւ Անվտանգության գլխավոր տնօրինության հատուկ նշանակության ուժերի ծառայությունը:

Ըստ թուրքական աղբյուրների՝ երկրի բարձրագույն զինվորականությունը ամբողջությամբ իր ձեռքն է վերցրել ոչ միայն անդրսահմանային ռազմական գործողությունների անցկացման իրավասությունը, այլ նաեւ երկրում ընդհանրապես քրդական հարցին վերաբերող ցանկացած խնդրի լուծումը: Թուրքական ռազմական հետախուզությունը մեկուսացրել է անմիջականորեն վարչապետին ենթարկվող Ազգային հետախուզական կազմակերպությանը, ինչը զրկել է կառավարությանը՝ լիարժեք տեղեկատվությունից: Իսկ սա նշանակում է, որ երկրում անվտանգությանը, եւ ոչ միայն, առնչվող ցանկացած հարցում կրկին հիմնական դերակատարությունն ստանձնում է երկրի զինվորականությունը, ինչը կարող է նոր զարգացումների հանգեցնել ինչպես ներքաղաքական կյանքում, այնպես էլ արտաքին քաղաքականության բնագավառում:

Նույն աղբյուրների համաձայն՝ երկրի զինվորականությունը կառավարությունից բավականին լայն լիազորություններ է պահանջում: Մասնավորապես, զինվորականների կողմից խնդիր է դրվում վերահսկել մամուլը՝ ՔԲԿ-ի ու քրդական անջատողականության վերաբերյալ քարոզչական տեղեկատվության տարածումը կանխելու համար: Բացի այդ, զինվորականությունը տներում, աշխատատեղերում ու ոչ կառավարական հաստատություններում խուզարկությունների անցկացման, ձերբակալություններ կատարելու եւ կալանքի ենթարկելու իրավասություն է ուզում ստանձնել, ինչպես նաեւ ոստիկանության մի շարք գործառույթների փոխանցում՝ Ժանդարմերիային:

Ահաբեկչության դեմ պայքարի բարձրագույն խորհրդի գումարված նիստում որոշում է կայացվել ահաբեկչության դեմ պայքարի գործողությունների համակարգման նպատակով ներքին գործերի նախարարության համակարգում նոր կառուցվածքային փոփոխություններ կատարել: Նիստի ընթացքում զինվորականությունը հանդես է եկել «նոր համակարգող մարմնի» ստեղծման, ինչպես նաեւ Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության համակարգում նոր աշխատանքների իրականացման պահանջով, սակայն կառավարությունը հաստատել է ահաբեկչության դեմ պայքարի նկատմամբ իր վերահսկողության անհրաժեշտությունը: Նիստի ընթացքում քննարկվել են օրենսդրական փոփոխություններին, անվտանգության ուժերի առջեւ կանգնած դժվարություններին ու բացթողումներին, անդրսահմանային գործողություններին վերաբերող, սահմանների անվտանգության ապահովման ոլորտում ձեռնարկվելիք ռազմավարական քայլերը, ինչպես նաեւ ՔԲԿ արտաքին աշխարհի հետ կապերը վերացնելու, այդ ուղղությամբ դիվանագիտական ու ռազմական գործողությունների ակտիվացման խնդիրները: Ընդհանուր առմամբ, խնդիր է դրված առավելագույն չափով ապահովել Ազգային հետախուզական ծառայության, Ժանդարմերիայի ու ներքին գործերի նախարարության, ինչպես նաեւ անվտանգության այլ մարմինների միջեւ համագործակցությունն ու օպերատիվ տեղեկատվության արագընթաց փոխանակումը:

Ազգային անվտանգության խորհրդի հոկտեմբերի 21-ին անցկացված նիստի հիմնական քննարկման թեման էր հակաահաբեկչական պայքարի նոր մոտեցումներն ու ձեռնարկվելիք քայլերն այդ ուղղությամբ: Նիստի ընթացքում որոշվել է «ահաբեկչության դեմ պայքարի համակարգումն ավելի ուժեղացնելու համար նոր կառուցվածքային վերափոխումներ իրականացնել»: Ներքին գործերի նախարարության, Գլխավոր շտաբի, Անվտանգության գլխավոր տնօրինության ու Ազգային հետախուզական կազմակերպության համատեղ առաջարկությունների հիման վրա մի օրենքի նախագիծ է մշակվել: Ըստ նախագծի՝ ՆԳ նախարարը միեւնույն ժամանակ հանդիսանալու է վարչապետի օգնականը: Ստեղծվելու են երկու նոր կառույցներ՝ Ներքին անվտանգության բարձրագույն խորհուրդ եւ Ներքին անվտանգության գլխավոր քարտուղարություն, որոնք գործելու են ղեկավարման, համակարգման, ռազմավարության սահմանման ու ընդհանուր ուսումնասիրման ոլորտներում: Անվտանգության գլխավոր տնօրինությանն է միանալու Առափնյա պահպանության հրամանատարությունը, ստեղծվելու է «սահմանային անվտանգության» առանձին վարչություն: Ներքին անվտանգության բարձրագույն խորհրդի ու Ներքին անվտանգության գլխավոր քարտուղարության ներկայացուցչություններ կբացվեն եվրոպական ու մերձավորարեւելյան մի շարք երկրներում՝ նկատի առնելով քրդական բնակչության առկայությունը:

Ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ու նոր ռազմավարության շուրջ քննարկումները ընդգրկել են ոչ միայն քաղաքական ու զինվորական իշխանություններին, այլ նաեւ երկրի հասարակական-քաղաքական, գիտական ու վերլուծական շրջանակներին: Զինվորականությունը համարում է, որ իր լիազորությունները ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում խիստ նվազել են ԵՄ անդամակցության ուղղությամբ կատարված բարեփոխումների արդյունքում եւ ընդլայնելով դրանք, ավելի արդյունավետ կլինի հակաահաբեկչական պայքարը: Սակայն թուրք փորձագետները գտնում են, որ խնդիրը ոչ թե զինվորականների արտակարգ լիազորությունների մեծացման մեջ է, այլ հակաահաբեկչական նոր ռազմավարության ընդունման, ներկա ռազմական մարտավարության, ինչպես նաեւ ռազմական ու անվտանգության ուժերի համակարգվածության կատարելագործման մեջ է: Անկարայի ոստիկանության ակադեմիայի հրահանգիչ Օնդեր Այտաչի համոզմամբ՝ Թուրքիայի հակաահաբեկչական օրենսդրությունը նորմալ է, խնդիրը ռազմավարության մեջ է: Ըստ նրա՝ ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի իրականացումը ոչ թե կոշտ օրենսդրության, այլ օրենքի հարկադրման մարմինների կողմից քայլեր ձեռնարկելու մեջ է: Առկա է լուրջ պակաս հատկապես հետախուզական մարմինների միջեւ կոորդինացիայի հարցում: Դա էլ վկայում է, որ հետախուզական տեղեկատվության հայթայթման գործում կան թերություններ ու ձախողումներ: Նրա համոզմամբ՝ «եթե երկրում մեկ մարմին է պատասխանատու հետախուզական տեղեկատվության հայթայթման համար, նշանակում է, որ կլինեն բացթողումներ ու թերություններ անվտանգության պահպանման մեջ»:

Անկարայի միջազգային ռազմավարական հետազոտությունների կազմակերպության փորձագետ Իհսան Բալի կարծիքով, ահաբեկչական արդյունավետ պայքարի իրականացման տեսանկյունից, Ժանդարմերիայի հրամանատարության, սահմանապահ հրամանատարության ու ոստիկանության ստորաբաժանումների միջեւ հարաբերությունների վերանայման անհրաժեշտություն է առաջացել: Ըստ նրա՝ առաջնային խնդիրը անվտանգությւան մարմինների համագործակցության կոորդինացումն է, ինչպես նաեւ ռազմական հետախուզության որակի բարձրացման նպատակով կառուցվածքային բարեփոխումները:

Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի անվտանգության հարցերով փորձագետ Նիհաթ Ալի Օզջանը գտնում է, որ առաջին հերթին պետք է հստակեցվի հակաահաբեկչական ռազմավարությունը, սահմանվեն ռազմաքաղաքական նպատակներն ու անհրաժեշտ ռեսուրսները:

Թոշակառու գեներալ Ադնան Թնրըվերդիի համոզմամբ՝ նոր ռազմավարության սահմանման պարագայում պետք է հստակեցվեն Ժանդարմերիայի ու զինված ուժերի դերակատարությունը: Առաջինին պետք է վերապահվի երկրի ներսում գործողությունների իրականացումը, իսկ երկրորդը պետք է հիմնականում իր ուժերը կենտրոնացնի երկրի սահմաններից դուրս, անդրսահմանային գործողությունների վրա:

Անկարայի միջազգային ռազմավարական հետազոտությունների կազմակերպության նախագահ Սեդաթ Լաչիների (նա հանդիսանում է Հայաստանին ու հայկական թեմաներին վերաբերող բազում հոդվածների ու վերլուծական նյութերի հեղինակ) համոզմամբ՝ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում կարեւոր բացթողում է նախկին փորձի ոչ լիարժեք ուսումնասիրումն ու համալսարանական-գիտական կենտրոններում վերլուծական մշակումների բացակայությունը կամ ոչ լիարժեքությունը: Լուրջ թերություն է նաեւ այն, որ անվտանգության ոլորտին առնչվող խնդիրներում քաղաքական իշխանություններն ու հասարակությունը, պետական մյուս մարմինները չեն մասնակցում եւ այն հիմնականում թողնված է զինվորականությանը: Մեջլիսի, կառավարության ու քաղաքացիական հասարակության մասնակցության պակասը, հատկապես ահաբեկչության դեմ պայքարի հարցերում, խիստ նվազեցնում է ոչ միայն այդ պայքարի արդյունավետությունը, այլ նաեւ վերահսկողությունն այդ ոլորտում:

Դեռեւս 2006թ. Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Յաշար Բյույուքանըթն իր առաջին ելույթներից մեկում անդրադարձել էր բանակի բարեփոխումների անհրաժեշտությանը՝ հայտարարելով ցամաքային զորքերի հնարավոր կրճատման մասին: Ըստ նրա՝ նախատեսվում է մինչեւ 2014թ. կրճատել ցամաքային զորքերի թվաքանակը եւ հասցնել մոտ 180 հազարի, որոնք կազմված կլինեն ժամանակակից եւ հզոր սպառազինությամբ հագեցված բրիգադներից: Նշենք, որ 2005 թ. դրությամբ Թուրքիայի զինված ուժերի ընդհանուր թվաքանակը կազմել է 514 հազար, որից 402 հազարը՝ ցամաքային, 52 հազարը՝ ծովային, 60 հազարը՝ օդային ուժերն են: Որպես առանձին ռազմականացված կառույցներ, 150 հազար թվակազմով առանձնանում են Ժանդարմերիան եւ Ազգային գվարդիան: Բանակի պահեստազորի թվաքանակը կազմում է մոտ 378 հազար (ըստ Լոնդոնի ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի «The Military Balance» տարեգրքի): Բանակի թվակազմի զգալի կրճատումներ կատարվել են դեռ նախկինում. 2001թ. բանակի ընդհանուր թվաքանակը շուրջ 609 հազարից իջեցվել է ներկայիս 514 հազարի:

Թուրքական խորհրդարանը մեկ տարով երկարաձգեց Հյուսիսային Իրաքի տարածքում քուրդ գրոհայինների ու քրդական բազաների դեմ ռազմական գործողությունների անցկացումը: Չնայած Թուրքիայի անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ այդ գործողությունները այնքան էլ արդյունավետ չեն այդ երկրի որդեգրած ընդհանուր հակաահաբեկչական պայքարում: Ընդհանուր առմամբ, թուրքական զինուժը մոտ 25 անդրսահմանային գործողություն է իրականացրել, որոնք միշտ թուրքական բանակի հրամանատարության կողմից գնահատվել են արդյունավետ:

Թուրքական աղբյուրների համաձայն՝ քուրդ գրոհայինների կողմից թուրքական ռազմական ուղեկալների վրա կատարվել է ավելի քան 38 հարձակում, որոնց պատճառով այդ երկրի բանակը կորցրել է 366 զինծառայող: Իսկ ընդհանուր առմամբ, ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում, ըստ պաշտպանության նախարարության տվյալների, Թուրքիան կորցրել է 7964 զինծառայող, որից 5821-ը՝ թուրքական զինված ուժերի, 775-ը՝ անվտանգության մարմինների ծառայողներ: Ամենաշատ զոհերը, քրդական հարձակումների պատճառով, տվել են Թուրքիայի հարավարեւելյան Հաքքյարի եւ Շըրնակ նահանգները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել