Լրահոս
Օրվա լրահոսը

Վտարում են, հետո՝ իրազեկում

Հոկտեմբեր 25,2008 00:00

Գյումրեցիները փաստաբաններին ավելի հաճախ դիմում են օտարման հարցերով

Գյումրու քաղաքապետարանը վերջերս սկսել է քաղաքը «գեղեցկացնել»՝ անօթեւաններին դուրս շպրտելու միջոցով: Փողատերերին վաճառվում են հենց այն տարածքները, որտեղ գտնվում են անօթեւանների տնակները: Իսկ վերջիններիս առաջարկում են վարձով ապրել կամ էլ տնակները մեկ այլ տնակային թաղամաս տեղափոխել: Բայց քանի որ դրանք 20 տարվա հնության են, ապա տեղափոխությունից վերջնականապես փլվում են: Ու սկսվում է անզիջում «պատերազմ» քաղաքապետարանի ու անօթեւանների, անօթեւանների ու նորահայտ սեփականատերերի միջեւ:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սուսաննա Մխիթարյանի փոխանցմամբ, մարդու իրավունքների ամենատարածված խախտումը Գյումրիում վերոնկարագրյալն է, եւ իրեն հասցեագրված բողոքների մեծ մասը հենց այս հիմնահարցի շուրջ է. «Իրոք, ապօրինի որոշումները բազմաթիվ են: Բարձր տոկոս են կազմում վարչական մարմինների, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետարանի դեմ դատական հայցերը: Եթե տարածքը օրենքով համայնքին է պատկանում, եւ քաղաքապետը որոշել է այն օտարել, պետք է առաջնորդվի կառավարության հատուկ որոշմամբ, որտեղ ասվում է՝ բնակարանի կարիք ունեցողներին, որոնք երկրաշարժից տուժած անօթեւան չեն, պետք է երկու տարվա վարձավճար տան ու նոր տեղահանեն, իսկ նրան, ով երկրաշարժից անօթեւան է մնացել՝ պարտադիր պետք է համարժեք բնակարանով փոխհատուցեն կամ նրա համար նորմալ պայմաններով բնակարան վարձակալեն՝ մինչեւ նոր բնակարան ստանալը: 88-ին մարդկանց տունը քանդվել է, հետո իբր հարմարվել են դոմիկի մեջ՝ տուն են դարձրել, քսան տարի հետո դոմիկը քանդում եւ մարդուն փողոց են շպրտում:

Քաղաքապետարանի այսպիսի խախտումները շատ են: Լինում է, որ մարդը տեղյակ չէ, որ իր տնակի տարածքը վաճառել են, նա անգամ նախապատվության իրավունքից չի օգտվում՝ ամենից առաջ իրեն պետք է տեղյակ պահեն ու առաջարկեն, թե դուք ցանկանո՞ւմ եք գնել ձեր զբաղեցրած տարածքը, տուն կառուցել՝ դուրս գալով անօթեւանության կարգավիճակից: Չեն առաջարկում, փոխարենը աճուրդը կայացնում են, հետո սեփականատերը դիմում է դատարան՝ վտարելու պահանջով: Քաղաքապետարանը պնդում է, որ նախապես հայտարարություն են տվել, թող թերթը գնեին՝ իրազեկվեին: Սակայն որտե՞ղ է գրված, որ դա համարվում է հրապարակայնության ապահովում, քաղաքացին պարտավո՞ր է այդ թերթը կարդալ»:

«Առավոտի» հարցին, թե իրազեկումն ինչպե՞ս ապահովել, փաստաբանը նշեց. «Քաղաքապետարանի աշխատակիցները պետք է հնարավոր վտարվողների դռները թակեն, ըստ կառավարության որոշման, զգուշացնեն, որ տարածքը պետք է նախապես ազատվի՝ նոր վաճառվի, իսկ այստեղ վաճառում են՝ նոր ազատում: Ես ամիսը այսպիսի 3-4 գործ եմ ստանում»: Փաստաբանի դիտարկմամբ՝ Գյումրիում անենածանրաբեռնվածը վարչական դատարանն է, իսկ սա նշանակում է, որ այս քաղաքում վարչական մարմինները, պաշտոնատար անձինք իրենց բարձրության վրա չեն գտնվում: Ըստ փաստաբան Ս. Մխիթարյանի, ամենաթողության, անպատժելիության հետեւանքով մեղավորն ու անմեղը չեն տարանջատվում, մարդիկ «համարձակորեն» խելքներին փչածն անում են՝ բացարձակապես չվախենալով պատժվելուց:

Նշենք, որ ՀՀ փաստաբանների պալատը Գյումրիում մինչ օրս չունի գրասենյակ, բոլոր փաստաբանները համարվում են անհատ ձեռներեցներ: Մինչդեռ, ըստ փաստաբանների, նմանատիպ գրասենյակի առկայությունը միմիայն կբարձրացներ փաստաբանների գործունեության որակը, հատկապես նոր որակավորում ստացածներինը, հնարավորություն կտար նրանց համատեղ հավաքվել ու իրավական խճճված հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել