Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՏԱՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊՎԱԾ Է ՆԱԵՎ ՏԱՌԱՉԱՓԻՑ

Հոկտեմբեր 25,2008 00:00

\"\"Հասարակությունն առանձնակի ուշադրություն է դարձնում նոտարների գործունեությանը, մասնավորապես՝ նրանց մատուցած ծառայությունների որակին: Այս բնագավառում տիրող իրավիճակի եւ նախատեսվող փոփոխությունների մասին «Առավոտի» իրավական բաժինը փորձեց պարզաբանումներ ստանալ ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանից:

– Պարոն Մալխասյան, նոտարների գործունեության հետ կապված բազմաթիվ դժգոհություններ կան: Ձեզ հատկապես ո՞ր խնդիրներն են մտահոգում այսօր:

– Նոտարական գրասենյակների գործունեության հետ կապված հասարակության, կառավարության եւ արդարադատության նախարարության մոտ առաջացել են մի շարք խնդիրներ, որոնք ենթակա են շուտափույթ, բայց, միեւնույն ժամանակ, հիմնավոր կարգավորման: Այդպիսի խնդիրներից մեկը նոտարական որոշ գրասենյակներում մեծ հերթերի գոյացումն է եւ դրանով պայմանավորված անհարմարությունները թե՛ քաղաքացիների, թե՛ աշխատակիցների համար:

Մյուս խնդիրը Երեւանի Բաղրամյան պողոտայում գտնվող նախկին N 1 նոտարական գրասենյակի մենաշնորհն էր՝ ժառանգության հարցերով գործառնությունների կատարման ոլորտում, որտեղ կար ընդամենը 1 խորհրդատու եւ ժառանգության հարցերով զբաղվող 3 նոտար: Կան դժգոհություններ նոտարական գրասենյակների կողմից մատուցված ծառայությունների եւ սպասարկման մակարդակի վերաբերյալ (որի ոչ այնքան բարվոք լինելու մասին են վկայում նաեւ 2008թ. հուլիսին տեղի ունեցած նոտարների թեկնածուների քննության արդյունքները, երբ 25 թեկնածուից մասնակցեց 21-ը եւ ոչ ոք չկարողացավ հաղթահարել մրցույթը): Քաղաքացիները դիմում են մեզ՝ ասելով, որ գրասենյակներում չեն կարողանում պատշաճ իրազեկվել մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող գումարների եւ տուրքերի, ինչպես նաեւ նոտարական գործառույթներ իրականացնելու համար նախապես պահանջվող ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայության մասին, քանի որ այդ ցուցումներով պաստառները փակցված են բարձր տեղում, փոքր տառատեսակով, երբեմն էլ մոտենալու համար դժվար հասանելի վայրերում:

– Որեւէ քայլ այդ կապակցությամբ ձեռնարկվու՞մ է:

– Նախ տեղեկացնեմ, որ ՀՀ արդարադատության նախարարի 2008թ. արդեն ուժի մեջ մտած N 145 հրամանով վերացել է Բաղրամյան պողոտայում գործող նոտարական գրասենյակի՝ ժառանգության հարցերով զբաղվելու մենաշնորհը: Հոկտեմբերի 15-ից հետո մահացած անձանց ժառանգման գործերով քաղաքացիները այսուհետեւ պետք է դիմեն մահացողի բնակության վայրի նոտարական գրասենյակ: Այդ գրասենյակներում հստակ նշված կլինեն այն նոտարների տվյալները, ովքեր իրավասու են զբաղվել այդ գործերով: ՀՀ բոլոր նոտարական գրասենյակներում մեծ տառաչափերով, միանման բովանդակությամբ եւ հասանելի տեղերում փակցված կլինեն նոտարական գործառնությունների եւ մատուցված ծառայությունների հետ կապված գանձվող պետական տուրքերի եւ սակագների արժեքները, պահանջվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ գործառնության համար ներկա գտնվող անձանց կազմը՝ ոչ կարեւոր անձանց ներկայությունից առաջացող լրացուցիչ հերթերից խուսափելու նպատակով:

– Պարոն Մալխասյան, մենք տեղյակ ենք նաեւ, որ նախարարի հրահանգով քաղաքացիներն՝ իրենց ցանկությամբ, կարող են եւ իրավունք ունեն նախապես գրանցվել ընդունելության համար՝ իրենց հարմար օրերին եւ ժամերին: Ուրիշ այլ նորամուծություն կա՞:

– Երեւան քաղաքի նոտարական գրասենյակներում շուտով հայտարարություն կլինի այն մասին, որ եթե քաղաքացին հերթ առաջանալու դեպքում չի ուզում երկար սպասել այդ գրասենյակում, ապա նա իրավունք ունի դիմել այլ նոտարական գրասենյակներ, որոնք զբաղվում են նույն հարցով: Այդ գրասենյակների ցանկն ու հասցեները փակցված կլինեն դրանց համար նախատեսված համապատասխան տեղերում:

– Վերջերս «Լատինական միջազգային նոտարիատի» միության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ ՀՀ արդարադատության նախարարությունում կազմակերպվեց սեմինար: Ի՞նչ կհետեւի դրան, ի՞նչ է սպասվում Հայաստանի նոտարիատին:

– Սեմինարի ժամանակ նրանց կողմից ստացվել է առաջարկ՝ ավելացնել նոտարների թվաքանակը, որոնք մեզ մոտ հիմա 70-72 են: Մենք, հավանաբար, եւս գնանք դրան, սակայն հաշվի ենք առնելու նաեւ միջազգային փորձը, որի պրակտիկայում հայտնի են դեպքեր, երբ նոտարների թվի ավելացման պատճառով նոտարներից շատերը մնում են անգործ կամ, շատ հաճախորդ ունենալու ձգտումից թելադրված, նոտարական գրասենյակներն ու նոտարները ընդունում են ցանկացած գործ՝ դրանց բոլորին շուտափույթ լուծում տալու պատճառով թույլ տալով մի շարք թերություններ, որոնք հետագայում դառնում են դատական մեծ քաշքշուկների առարկա: Ուստի մեզ մոտ ՀՀ արդարադատության նախարարի հրամանով կավելանա նոտարների թվակազմը այն գրասենյակներում, որտեղ մեծ հերթեր են գոյանում եւ մեծ քանակությամբ գործեր են մուտքագրվում: Վերանայվելու են նոտարների թեկնածուների հարցաշարերը, պարզեցվելու է այդ քննության ընթացակարգը, կապահովվի թափանցիկությունն ու հրապարակայնությունը՝ ընդհուպ մինչեւ ԶԼՄ-ների ներկայությունը քննություններին: Նախարարությունը մի շարք հասարակական կազմակերպությունների հետ կիրականացնի մոնիտորինգ, թե արդյո՞ք ճիշտ են կատարվող գանձումները, սպասարկման մակարդակը համապատասխանու՞մ է քաղաքացիների շահերին:

Հ. Գ. Արդարադատության փոխնախարար Գ. Մալխասյանը առաջարկում է պետական կազմակերպություններին եւ հատկապես բանկերին, որ այն քաղաքացիները, ովքեր իրենց միջոցով գործարքներ են կատարում, թույլատրել դրանք իրականացնել ոչ միայն իրենց կողմից վստահելի նոտարների, այլեւ քաղաքացու կողմից ընտրված ու իր ցանկությամբ նշված նոտարի միջոցով, քանի որ քիչ չեն դատական պրակտիկայում այնպիսի դեպքերը, երբ քաղաքացիները բողոքում են, որ բանկի վստահված նոտարը կողմնապահ է գտնվել եւ պաշտպանել է բանկի շահերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել