Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ՝ ՊԵՏԻ ՄԵՔԵՆԱՅՈՎ

Հոկտեմբեր 25,2008 00:00

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պահպանության վաշտի վարորդ-ոստիկան Լեւոն Խաչատրյանի նկատմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հարուցել է քրեական գործ՝ «անզգույշ մահվան» պատճառ դառնալու համար:

Լեւոն Խաչատրյանն իր ծանոթի՝ Էդգար Ոսկանյանի ավտոմեքենայով այս տարվա հուլիսի 6-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Դավիթաշենի 4-րդ թաղամասում հանդիպել էր ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետին, նրանից վերցրել ոստիկանությանը պատկանող «Սամանտ» մակնիշի 016 NU 02 պետհամարանիշի ավտոմեքենան: Ըստ գործի նյութերի, Լ. Խաչատրյանը գնացել էր Ազատության հրապարակում գտնվող սրճարան, հանդիպել ընկերների հետ: Գիշերվա ժամը 1-ի սահմաններում նա ծառայողական մեքենայով Կոմիտաս-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում ընդհարվել էր Կիեւյան փողոց ընթացող՝ Վաչե Խաչատրյանի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի 14 ՏԼ 597 պետհամարանիշի ավտոմեքենային: Վերջինս ծանր վիճակով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել էր: «ՎԱԶ»-ի ուղեւոր Եկատերինա Միրզոյանը ստացել էր կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ. ստորին ծնոտի կոտրվածք, փայծաղի պատռվածք:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, եւ, «Առավոտի» տեղեկություններով, օրերս գործն ուղարկվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Լ. Խաչատրյանը Երեւանի ոստիկանապետի տեղակալ Յուրի Չիբուխչյանի վարորդն է եւ նրա մերձավոր շրջանակից, այդ պատճառով նրա նկատմամբ հարուցված քրեական գործի հիմքում դրվել է ճանապարհային երթեւեկության շահագործման կանոնների խախտում եւ անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու հոդվածը: Նշենք, որ Լ. Խաչատրյանն, օգտվելով մեղադրյալի իրավունքից, ցուցմունք չի տվել, ավելին՝ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Լ. Խաչատրյանը, որը վթարից 4 օր հետո է միայն հարցաքննվել որպես վկա, բացատրություն է տվել, որ իր վարած ծառայողական մեքենան սլացել է 50-60 կմ/ժամ արագությամբ, ճանապարհի երրորդ շարքով: Նաեւ հայտնել էր, որ Կոմիտասի-Գրիբոյեդովի խաչմերուկ չհասած, մոտ 15 մետր հեռավորությունից նկատել է, որ «իր երթեւեկության համար լուսացույցը ազդանշել է կանաչ գույնը, որից հետո մուտք է գործել խաչմերուկ»: Ոստիկան-վարորդի տեղեկացմամբ, իր դեմ դուրս եկած ավտոմեքենան ընթացել է 80 կմ/ժ-ից արագ, հետեւաբար՝ չկարողանալով արգելակել, ավտոմեքենայի ձախ հատվածով բախվել է «իր ուղեմաս մուտք գործած ավտոմեքենային»:

Նախաքննության մարմնին ցուցմունք էր տվել նաեւ տուժող Եկատերինա Միրզոյանը: Նա հայտնել էր, որ ամուսինը՝ Վաչե Խաչատրյանը, երեք ամիս առաջ էր գնել «ՎԱԶ-2107» ավտոմեքենան: Դեպքի օրը տուն վերադառնալու ժամանակ ամուսինը մեքենան վարել է հանգիստ, Կոմիտասի պողոտայով վերեւ ընթանալու ժամանակ՝ մոտ 50 կմ/ժ արագությամբ, երբ անցել են նշված խաչմերուկով՝ նկատել են, որ «բարձր արագությամբ առաջ սլանալով՝ իրենց ուղեմաս է դուրս եկել մի ավտոմեքենա եւ բախվել իրենց ավտոմեքենայի առջեւի հատվածին»: Դրանից հետո տուժողը կորցրել է գիտակցությունը:

Հավելենք, որ Ե. Միրզոյանը ունի Բ կարգի վարորդական իրավունքի վկայական եւ գիտե մեքենա վարել:

Վկայի կարգավիճակով հարցաքննվել է Երեւանի ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության քաղաքային վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ Յուրի Չիբուխչյանը, որի ծառայողական մեքենան էր վարել ոստիկան Լ. Խաչատրյանը: Նա հայտնել էր, որ աշխատանքային ժամերից հետո Լեւոնը ավտոմեքենան տանում-կանգնեցնում էր իր ավտոտնակում (տեղեկացնենք, ի դեպ, ծառայողական ավտոմեքենան իրավունք չունեն մասնավոր տարածքում կանգնեցնելու- Ռ. Մ.): Նա տեղեկացրել էր, որ հուլիսի 6-ին, ժամը 22.30-ի սահմաններում ավտոմեքենան գտնվել է իր տրամադրության տակ, որից հետո Լեւոնին կանչել է իրենց բակ, որպեսզի վերջինս ավտոմեքենան տանի եւ կանգնեցնի իր ավտոտնակում: Դեպքի օրը, ժամը 22.40-ի սահմաններում, վարորդ-ոստիկանը եկել է իրենց բակ, որտեղ նրան է հանձնել ավտոմեքենայի բանալիները: Ժամը 1.30-ի սահմաններում վարորդը տեղեկացրել է, որ վթար է տեղի ունեցել: ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության տեղեկացմամբ էլ, ավտովթարի հետեւանքով պատճառվել է 1.752.000 դրամի նյութական վնաս:

Փորձաքննության ներկայացված «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենայի ուսումնասիրությունից պարզվել է, որ «Վարորդ Վ. Խաչատրյանը զրկված է եղել ընդհարումը կանխելու տեխնիկական հնարավորությունից: Փորձաքննությանը ներկայացված ելակետային տվյալների պայմաններում, տեխնիկական տեսակետից, Վ. Խաչատրյանը թույլ չի տվել գործողություններ, որոնք հակասեին ՃԵԿ-ի եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որոնցով պայմանավորված լիներ ընդհարումը»: Լ. Խաչատրյանը ներկայումս գտնվում է արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել