Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՄ ԿԱՆԱՅՔ ՎՈՒԼԳԱՐ ՉԵՆ»

Հոկտեմբեր 25,2008 00:00

\"\"Ասում է ճանաչված գեղանկարիչ Հովհաննես Հարությունյանը

Օրերս «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվեց գեղանկարիչ Հովհաննես Հարությունյանի անհատական ցուցահանդեսը:

Թեեւ ցուցահանդես հրավիրող պաստառներում նշված չէր որեւէ հոբելյանի մասին, սակայն ծանոթանալով գեղանկարչի ստեղծագործական կենսագրությանը, «Առավոտը» Հ. Հարությունյանին հիշեցրեց 1968թ. Հայաստանի նկարչի տանն իր առաջին ցուցադրությունը, հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է լռում իր գործունեության 40-ամյա հոբելյանի առիթով: «Առաջին ցուցահանդեսը, որտեղ Ռոբերտ Էլիբեկյանի, Վարուժան Վարդանյանի, Ալեքսան Կարապետյանի եւ այլոց աշխատանքների կողքին տեղ էր գտել նաեւ ինքնանկարս, երեք օր հետո Կենտկոմի հրահանգով փակվեց՝ բուրժուական արվեստ պրոպագանդելու պատճառաբանությամբ: Կոնկրետ իմ աշխատանքը, որ արված էր ակտիվ դեղին, կապույտ ու կարմիր գույներով, հավանաբար «վերեւներին» հիշեցրել էր Վան Գոգին, թեեւ ես այսօր էլ չեմ թաքցնում, որ դա մեծանուն նկարչի գործերի ազդեցությունն էր կրում: Չեմ թաքցնում նաեւ, որ շուրջ 20 տարի ստեղծագործելով խորհրդային համակարգի ճնշման տակ, փորձ եմ արել ու ազատագրվել այդ տարիներին իշխող սոցռեալիզմի կաղապարներից»,- հիշեց գեղանկարիչը:

Նրա նկարներում գերիշխում է էրոտիկան, մերկ կանայք: Արվեստագետն ասաց, որ «իր կանայք» վուլգար չեն: Իսկ ժամանակին իրեն «շնորհված» անվան մասին տեղեկացրեց. «1990թ. Փարիզի հռչակավոր «Սիթե դե Զաղ»-ում Հայաստանի նկարիչներին շուրջ երկամսյա ստեղծագործելու հնարավորություն տրվեց՝ հատկացնելով արվեստանոց: Ընդ որում, հայերս ռուսներից հետո թվով 33-րդն էինք, որ նման պատվի արժանացանք եւ մինչ այսօր Փարիզում ստեղծագործելու հաճույք է ստացել հայաստանցի ավելի քան 100 նկարիչ»: Հ. Հարությունյանն ասաց, որ արվեստանոցը ձեռք բերելու համար, որը հատկացված էր Փարիզի քաղաքապետարանի կողմից, հայկական կողմը վճարել է շուրջ կես մլն ֆրանկ՝ մեր նկարիչների գործերի աճուրդից ստացված գումարից: Գեղանկարիչը, որ մշտապես ցուցադրվում է նաեւ Ֆրանսիայի ազգային ժողովում, հայտնեց. «Երբ 1998թ. Ֆրանսիայի պառլամենտն ընդունեց փաստաթուղթ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, այդ իրադարձության առիթով նկարեցի «24 ապրիլ 1915թ.» մեծադիր կտավը, որը նույն տարում ներկայացվեց Փարիզում ամեն տարի ընթացող «Աշնանային սալոն» ցուցադրությանը, իսկ մեկ տարի անց ֆրանսահայ համայնքի եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան կողմից նվիրվեց տեղի ԱԺ-ին»:

Հարցին՝ համապատասխանո՞ւմ են իրա կանությանը այն խոսակցությունները, թե իբր հայաստանցի նկարիչները պատրաստ են արտերկրում, կոնկրետ՝ Ֆրանսիայում, գրոշներով վաճառել իրենց կտավները, Հ. Հարությունյանը պատասխանեց. «Որոշ չափով կարող եմ դա հաստատել: Բայց մյուս կողմից էլ, իրեն հարգող ու գնահատող նկարիչը չի կարող այդպես վարվել: Իսկ, ընդհանրապես, Ֆրանսիայում նկարչի «գինը» բարձրանում է, ինչպես ընդունված է ամենուր, իր հայտնիության աստիճանով եւ «հասարակական» աճուրդների ժամանակ իր գործերի վաճառված գներով»: Իսկ թե հայաստանցի ո՞ր նկարիչն է ավելի «թանկ» Փարիզում, Հ. Հարությունյանն ասաց. «Ճիշտ կլիներ հարցնել, թե Հայաստանը ո՞ւմ նկարներով է ճանաչվում Ֆրանսիայում: Երկու անուն կարող եմ տալ՝ Գառզու, Ժանսեմ: Ասեմ նաեւ, որ ամեն առիթ օգտագործում ենք ժամանակակից հայ նկարիչներին ցուցադրելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել