Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Թուրքիան կվերադառնա Արեւմուտքի գիրկը»

Հոկտեմբեր 25,2008 00:00

Համոզված է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, որի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունները մաս են կազմում տարածաշրջանում առկա բարդ խճանկարի:

Երեկ ՄԱԱ-ում կազմակերպված «Հայ-թուրքական հարաբերությունների ներկան եւ հեռանկարը» թեմայով քննարկմանը մասնակցում էին ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը, ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը եւ այլք: Ըստ Ա. Նռանյանի, հայ-թուրքական հարաբերությունները չնայած շատ ուսումնասիրված ու քննարկվող հարցերից են, բայց միշտ էլ դրանց նկատմամբ հետաքրքրությունը մեծ է. «Ցանկացած քննարկում, անկախ ֆորմատից, որը կվերաբերի ցեղասպանության խնդրին, միայն վնաս է մեզ բերելու: Մենք կասկածներ ունենք ու տեսնում ենք վտանգը, որ դա կվնասի նաեւ մեր հարաբերություններին՝ այլ երկրների ու այլ քաղաքական գործիչների հետ, որոնք ժամանակին նպաստել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Մեր խմբակցությունը նման ազդակներ է ստանում: Չեք պատկերացնում, թե ինչ բացասական անդրադարձներ եղան այն երկրներում ու այն քաղաքական գործիչների մոտ, որոնք ժամանակին աջակցել են մեզ ու հանուն պատմական արդարության, հանուն հայ ժողովրդի հետ բարեկամության ու լավ հարաբերությունների՝ գնացել են Թուրքիայի հետ հակամարտության եւ հակասությունների սրման: Այսօր մեր ոչ խոհեմ պահվածքը կարող է այդ երկրների եւ քաղաքական գործիչների մոտ Հայաստանը եւ մեզ ներկայացնել որպես ոչ վստահելի գործընկերներ ու վնասել մեր երկրի վարկանիշը»:

Ա. Նռանյանի փոխանցմամբ՝ Հայ դատը եւ Հայոց ցեղասպանության խնդիրը մեծ դեր են խաղացել Սփյուռքի ինքնակազմակերպման համար եւ այսօր Ցեղասպանության վերաբերյալ խոսել այն ֆորմատով, որը հաճախ լսում ենք տարբեր քաղաքական գործիչներից, նշանակում է վտանգել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները. «Իսկ ի՞նչ է արժենալու Հայաստանը առանց յոթ միլիոնանոց Սփյուռքի, առանց այն աջակցության ու հզոր օժանդակության, որը վերջին տարիներին ստացել ենք Սփյուռքի շնորհիվ: Վտանգելով Սփյուռքի հետ հարաբերությունները եւ այն ազգային արժեքները, որով Սփյուռքը պահպանվել է այսքան տարիներ՝ վտանգում ենք ՀՀ ապագան»: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ըստ պարոն Նռանյանի. «Այս հարցի վերաբերյալ կա սխալ ու տարածված կարծիք, իբր դաշնակցությունը դեմ է սահմանի բացմանը: Նման բան չկա: Մենք ասել ենք, որ դեմ ենք սահմանի բացման դիմաց՝ քաղաքական զիջումների գնալուն: Նշել ենք, որ սահմանը փակել է Թուրքիան ու նա էլ պիտի բացի: Միանշանակ է, որ Թուրքիան սահմանի բացումն այսօր օգտագործում է որպես լծակ՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, վաղն էլ բաց սահմանի դեպքում օգտագործելու է փակելու վտանգը: Ինչ վերաբերում է զիջումներին, եթե նույնիսկ 1սմ զիջենք, ապա զիջելու ենք ամեն ինչ…»:

Իսկ Համլետ Հարությունյանը կարծում է. «Հայ-թուրքական հարաբերություններ, որպես այդպիսին, գոյություն չունեն: Խոսքը դիվանագիտական հարաբերությունների մասին է: Եթե ֆուտբոլային դիվանագիտությունն էլ հաշվի չառնենք, ապա Թուրքիայի հետ ընդհանրապես պաշտոնական հարաբերություններ չունենք: Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող զարգանալ առանց Ցեղասպանության հարցի լուծման, մանավանդ՝ Թուրքիայի արտաքին դիվանագիտությունը հայերի ու Հայաստանի հանդեպ այսօր էլ նույնն է, ինչ նախկինում: Հավելենք, որ Թուրքիան տարածաշրջանում, բացի իր անձնական հետաքրքրություններից, ուրիշ ոչ մի բան չի փնտրում ու անում է ամեն ինչ՝ Ղարաբաղի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու համար: Ադրբեջանը երբեք չի ունեցել իր սեփական դիվանագիտությունը, այն ամբողջովին փոխանցված է Թուրքիային եւ վերջինս էլ բոլոր միջազգային ատյաններում ներկայացնում է իր ու Ադրբեջանի շահերը»:

Ս. Սաֆարյանի ձեւակերպմամբ էլ. «Հայ-թուրքական հարաբերությունները մաս են կազմում այն բարդ խճանկարի, որն առկա է տարածաշրջանում եւ որի ցանկացած դետալի խախտումը ակնհայտորեն ազդում է ոչ միայն տարածաշրջանի անվտանգության, այլեւ միջազգային հարաբերությունների վրա»:

Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին, պարոն Սաֆարյանը նշեց. «Ես մի փոքր վատատես եմ ռուս-թուրքական սիրախաղի կապակցությամբ, որովհետեւ այս պետությունների հետապնդած նպատակները միանգամայն տարբեր են: Վաղ թե ուշ Թուրքիան վերադառնալու է Արեւմուտքի գիրկը, այն բանից հետո, երբ նրան ավելի մեծ երաշխիքներ տրամադրվեն ԵՄ անդամակցության հեռանկարները պարզեցնելու կտրվածքով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել