Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՃԳՆԱԺԱՄԻ ՇՈՐՇՈՓՆԵՐԸ ՄԵԶ ԷԼ ԿՀԱՍՆԵՆ»

Հոկտեմբեր 25,2008 00:00

Ըստ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամն իր բիզնեսին չի վնասի,

բայց Հայաստանի վրա բացասաբար կանդրադառնա:

Վրաց-հարավօսեթական պատերազմի ընթացքում, երբ հեղուկ վառելիքով բեռնված վագոնները մնացել էին Վրաստանում, եւ մեր երկրում բենզինի ու դիզելային վառելիքի դեֆիցիտ էր, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ պետական այլ պաշտոնյաներ հավաստիացնում էին, որ ժողովուրդը զուր է խուճապի մեջ ընկել: Ըստ նրանց՝ իրականում ոչ մի դեֆիցիտ չկա եւ չի կարող լինել, քանի որ Հայաստանը հեղուկ վառելիքի ավելի քան 6 ամսվա ռազմավարական պաշար ունի: Պարզվում է, որ մեր երկրի ղեկավարները իրականում ժողովրդի աչքին «թոզ էին փչում»: Բենզինի եւ դիզելային վառելիքի ներկրմամբ զբաղվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը երեկ, «Առավոտի» հետ զրույցում, հավաստիացրեց, որ ոչ մի ռազմավարական պաշար էլ չկար. «Մեր ռազմավարական պաշարներով մենք, պատրաստ չէինք: Եթե Իրանը մեզ չօգներ եւ ճանապարհ չտրամադրեր, մենք, հնարավոր է, հայտնվեինք ծայրահեղ վիճակում: Պատերազմը տեւել է ընդամենը 5 օր եւ այդ օրերի ընթացքում պարզվեց, որ մասնավոր եւ իշխանական կառույցները պատրաստ չէին այդ մարտահրավերներին»:

Մեր այն հարցին, թե համաշխարհային ֆինանսական ճգնաժամն անդրադարձե՞լ է «Ֆլեշ» ընկերության գործունեության վրա, պարոն Բեգլարյանն ասաց. «Ես այդքան խորը կապված չեմ եվրոպական ոչ մի կառույցի հետ: Ուղիղ 1 շաբաթ հետո Եվրոպայի զարգացման բանկը, որը շատ «սկուպոյ» բանկ է եւ շատերի հետ չի աշխատում, ինձ պատկանող «Արարատբանկի» հետ կնքելու է պայմանագիր: Իմ բանկի 25% ակցիաները ես նրանց եմ վաճառելու եւ նրանք մեծ կապիտալով մտնելու են Հայաստան: Այդ գործընթացը սկսվել էր դեռեւս փետրվարից: Նրանք մի 10 օր առաջ հրաժարվել էին, ասացի՝ (շատ կներեք) քարն իրենց գլուխները, մեկ էլ 3 օր առաջ ասացին՝ չէ, ուզում ենք: Կան բաներ, որ փոխկապակցված են եւ հետագայում ճգնաժամի շորշոփները մեզ կարող են հասնել: Անձամբ ինձ չի հասնի, բայց Հայաստանին՝ հաստատ կհասնի: Շատ կազմակերպություններ, որոնց կապիտալը դրսի կապիտալ է, ինչ-որ ձեւով կվտանգվեն, խոսքը վերաբերում է մեծ ծրագրերին: Մեր երկրի շինարարությունը որոշ մասով կանգ կառնի»: «Առավոտի» հարցին, թե՝ «այն ժամանակ, երբ Վրաստանում շատ լարված իրավիճակ էր եւ բենզինն անհամեմատ թանկացել էր, Դուք բենզինի 1 տոննայի գինն էժանացրիք $100-ով, ինչը պայմանավորում էիք միջազգային շուկայում գների անկմամբ, սակայն մեր տեղեկություններով, պատճառը ոչ թե դա էր, այլ այն, որ Ձեզ հորդորել էր նախագահ Սերժ Սարգսյանը՝ որպեսզի երկրում փոքր-ինչ մեղմվի լարված իրավիճակը», պարոն Բեգլարյանը պատասխանեց. «Ես միանշանակ կասեմ, որ նման բան հնարավոր չէ, որ որեւէ երկրի պաշտոնյա կարողանա իմ նման տնտեսվարող սուբյեկտին պարտադրել արհեստականորեն գներն իջեցնել: Ամբողջ հարցն այն է, որ այդ ժամանակահատվածում գներն իսկապես սկսեցին նվազել, եւ, որպես տնտեսվարող, մենք պարտավոր էինք համահունչ իջեցնել գները: Անկախ նրանից, թե այդ պահին մեզ վրա վառելիքը թա՞նկ էր նստած, թե՞ էժան: Այո, կարող է նույնիսկ որոշ կորուստներ ունենայինք, դրանք շուկայական հարաբերությունների կանոններն ու օրենքներն են: Ես պաշտոնապես եւ մարդկային ձեւով ասում եմ, որ բացարձակապես երկրի նախագահը չի կարող նման հարցերում խառնվել, նման բան անհնարին է»:

Հ. Գ. Բարսեղ Բեգլարյանի հետ հանդիպեցինք «Բարեպաշտ սերունդ» հ/կ-ի կազմակերպած միջոցառման ժամանակ, որի հիմնադիրը պարոն Բեգլարյանն է: Միջոցառման ժամանակ Բ. Բեգլարյանն իր ելույթում անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության խնդրին: Նրա խոսքերով. «Ղարաբաղի խնդիրն այսօր ամենագլխավոր հարցն է: Կարծես թե միջազգային հանրությունը ուզում է արագացնել այս հարցի լուծումը, բայց ինչպե՞ս այն կլուծվի՝ ի նպաստ հայ ժողովրդի՞, թե՞ ոչ: Իրոք վտանգավոր շեշտադրումներ կան: Եթե մենք Ղարաբաղի հարցում շատ վատ որոշում կայացնենք, ապա դա կլինի հայ ժողովրդի կործանման սկիզբը: Դրա համար շատ լուրջ, ժողովրդի լեզվով ասած, «բազար» պետք է անենք, եւ իմանանք թե դրա փոխարեն ինչ ենք ստանում: Եթե մեր բնակչության 51%-ն ասաց, որ պետք է հանձնենք այդ ուռուցքը, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ասում՝ Ղարաբաղը մեր կոկորդին նստած է, նշանակում է, որ պետք է Ղարաբաղը տանք, բայց մենք այդպես շատ չենք ձգի»: «Առավոտի» հետ զրույցում Բ. Բեգլարյանը նաեւ ասաց. «Իհարկե, Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ էր Ղարաբաղի հարցի կարգավորմանը եւ դա պարզ երեւում է: Նա արդեն Լիսաբոնում հարցը լուծում էր ի վնաս Ղարաբաղի: Եթե ձեզ թվում է, թե նա ավելի վատ հայրենասեր է, քան ես, չարաչար սխալվում եք: Ես նման բան չեմ ասել, ես նրա հետ անցած ուղի ունեմ, էդ մարդու համար կռիվ եմ տվել, քյալլա եմ տվել, նա կարգին նորմալ մարդ է եղել: Բայց էդ մարդը ունի իր մոտեցումը ղարաբաղյան հարցի լուծմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել