Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԵՐԿՐՈՐԴ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ» ՇՈՒՐՋ

Հոկտեմբեր 25,2008 00:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը երեկ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են այն հրապարակումները, ըստ որոնց՝ Ռուսաստանը պատրաստվում է Իջեւանի մոտ, Վրաստանին եւ Ադրբեջանին սահմանակից տարածքում տեղակայել նոր՝ երկրորդ ռազմակայանը, ասել է. «Մեզ համար անհասկանալի է, թե ինչ է նշանակում «երկրորդ ռուսական ռազմակայան»: Նաեւ ընդգծել է. «Ինչպես գիտեք, այսօր Հայաստանում տեղակայված է ռուսաստանյան 102-րդ ռազմակայանը»: Այնուհետեւ պարոն Ֆարմանյանը թվարկել է Հայաստանի եւ Ռուսաստանի 95, 96 97 թվականներին կնքած համաձայնագրերը, որոնք հանդիսանում են ռազմակայանի գործունեության հիմքը: «Ամեն ինչ հստակ է եւ կարգավորված,- նշել է նախագահի մամուլի խոսնակը:- Երկու դաշնակից պետությունների միջեւ ռազմական բնագավառում համագործակցությանն առնչվող որեւէ հարցի քննարկում տարակուսանք չպետք է առաջացնի, իսկ 102-րդ ռազմակայանի մարտունակության բարձրացման ու դրված խնդիրների իրականացման արդյունավետության ավելացման հետ կապված քննարկումներ միշտ էլ լինում են: Գործող իրավապայմանագրային բազան ենթադրում է, որ ռազմակայանի ստորաբաժանումների տեղաբաշխման վայրերի փոփոխությունները կյանքի են կոչվում համապատասխան համաձայնագրում արձանագրությունների միջոցով փոփոխությունների կամ լրացումների կատարմամբ: Նման փոփոխություններ ու լրացումներ կատարվել են 2000, 2003, 2005 եւ 2007 թվականներին ստորագրված արձանագրություններով, եւ այս տարիների ընթացքում ռազմակայանի տեղաբաշխման կետերի փոփոխություն միշտ էլ եղել է, ու այստեղ տարօրինակ ոչինչ չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել