Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ՉԵՄՊԻՈՆԸ՝ ՓՈՂՈՑՈՒՄ

Հոկտեմբեր 25,2008 00:00

Բռնցքամարտի Հայաստանի եւ ՍՍՀՄ նախկին չեմպիոն Արմեն Խլոյանը երկուշաբթի օրվանից Սուրբ Սարգիս եկեղեցուն հարող տարածքում անժամկետ հացադուլ է հայտարարելու: Այս ծայրահեղ քայլի պատճառն այն է, որ Արմեն Խլոյանը 2004-ից ցայսօր պայքարում է անօրինական կերպով իրենից խլած բնակարանը վերադարձնելու համար: Տեւական ժամանակ Հայաստանից բացակայելուց հետո վերադառնալով՝ Ա. Խլոյանը հայտնաբերում է, որ իր սեփականություն հանդիսացող բնակարանը պատկանում է Վրաստանի քաղաքացուհի Դոնարա Դավթյանին: Փաստի առիթով նա դիմել է դատարան: 2004թ. Շենգավիթ համայնքի 1-ին ատյանի դատարանն անվավեր է ճանաչել Երեւան քաղաքի Չեխովի 33 շենքի թիվ 7 բնակարանի նկատմամբ 21.10.1998թ. կնքված առուծախի պայմանագիրը եւ դրա հիմքով` Դոնարա Դավթյանի անվամբ 14.12. 98թ. տրված թիվ 054314 սեփականության իրավունքի վկայագիրը: Չորս ամիս անց ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում նոր դատական նիստ է նշանակվել. «Վերաքննիչի դատավոր Լյովա Գրիգորյանն ինձ ասաց՝ ես քեզ բնակարանդ եմ վերադարձնում, իսկ դու տալիս ես բնակարանիդ շուկայական արժեքի 20%-ը (այդ ժամանակ բնակարանը $15000 է արժեցել- Ն. Գ.): Ասում է՝ սիստեմն է. դու ինձ ես տալիս, ես՝ վերեւին: Քանի որ հրաժարվեցի գործարքից, նա ինձ ասաց՝ եթե գումար չունեք, խոսելու բան չկա, մյուս կողմը կտա` կանեմ»,- պատմում է Ա. Խլոյանը: Ի թիվս այս գործին մասնակից պաշտոնյաների՝ մեր զրուցակիցն առանձնացրեց առաջին նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի, կադաստրի Էրեբունու տարածքային ստորաբաժանման այն ժամանակվա պետի անունները: Մեր տեղեկություններով՝ Էմմա Շաբոյանի հետ կապված բազմաթիվ բողոքներ կան դատախազությունում, սակայն քանի որ նա արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հովանավորյալն է, բողոքներին ընթացք չի տրվում: Ա. Խլոյանը տարբեր ատյաններ է դիմել, բայց նրա դիմումները «ցրողական» պատասխանների են արժանացել, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը որոշել է չքննարկել Խլոյանի դիմումը: Հացադուլ հայտարարելով՝ նախկին չեմպիոնը հույս ունի արժանանալ նախագահի ուշադրությանը, որը կոռուպցիայի դեմ պայքարի ջատագովն է: «Ահա փաստերը՝ վերականգնեք արդարությունը»,- ասում է Ա. Խլոյանը, ով պաշտպանել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել