Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ոչ մի զիջում»

Հոկտեմբեր 25,2008 00:00

ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը դժգոհելով, որ որոշ լրատվամիջոցներում ի հայտ են եկել կարծիքներ՝ տարածքները զիջելու պատրաստակամության մասին, հորդորեց ավելի զգույշ լինել այս հարցում. «Նման մոտեցումը շատ վնասաբեր է եւ շատ վտանգավոր: Մենք կարծում ենք, որ հասարակությունը պետք է հստակ հասկանա, որ մեկ սանտիմետր կորցնելու դեպքում մենք կորցնելու ենք ամեն ինչ: Ես խնդրում եմ ձեզ եւ առաջարկում, նայեք Սերբիայի օրինակը, այդ երկիրը ամեն անգամ մի բան տալով մտածում էր՝ կզիջեմ եւ սրանով կավարտվի: Չավարտեց: Բոլոր սերբաբնակ տարածքները զիջեց, Կոսովոն, որը իրենց հայրենիքի, իրենց քաղաքակրթության օրրանն էր, զիջեց՝ մտածում էին, որ Եվրամիություն կմտնեն եւ կպրծնեն, հիմա Վոյեւոդինան են իրենցից պոկելու: Եվ, իմացեք, որ եթե մենք այսօր մի քանի տարածք զիջենք՝ դրանով չի սահմանափակվելու, այդ փոքրիկ միջանցքը որ մնա, դա էլ ենք կորցնելու: Հետո՝ Ղարաբաղը, հետո՝ մնացածը: Երբեք չմտածեք, որ մենք ռազմաքաղաքական այս արդյունավետ եւ շատ հաջող դիրքը զիջելով՝ ստանալու ենք խաղաղություն: Մենք կարեւորում ենք հասարակության պատրաստակամությունը՝ կանգնել նախագահի եւ, ընդհանրապես, երկրի հեղինակության, տարածքային ամբողջականության պաշտպանության կողքին: Շատ վտանգավոր եմ համարում հասարակության որոշ շերտի պատրաստակամությունը, որ մտածում են՝ տանք եւ հանգիստ կապրենք: Իմացեք, որ հանգիստ չեք ապրելու, ավելի վատ է լինելու, դրա համար եկեք բոլորս միահամուռ ասենք, որ մենք որեւէ զիջման չենք գնալու»: Ասաց նաեւ, թե աշխարհի համար Ղարաբաղի հարցն ամենեւին էլ հրատապ չէ, եւ հարցը աշխարհում լուծված չէ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի համար. «Հայաստանի Հանրապետությունը իր դիրքորոշումը պետք է հստակ արտահայտի, հավատացնում եմ, որ Ղարաբաղի այս ստատուս-քվոն ձեռնտու է բոլորին, եւ զիջել են տալիս նրան, ում կարող են ստիպել, ճնշում են նրան, ով ավելի թույլ է: Իմացեք, ինչքան թույլ լինեք՝ այնքան շատ են ճնշելու, եւ լուծումը լինելու է ոչ բարենպաստ, եթե մեր դիրքերն ամուր լինեն՝ որեւէ ճնշում չի լինելու»:

Երեկվա ճեպազրույցների ժամանակ կոալիցիոն բոլոր ուժերի ներկայացուցիչները վստահեցրին, որ իրականությանը չեն համապատասխանում մամուլում տարածված այն տեղեկությունները, որ Սերժ Սարգսյանն է խնդրել Աբդուլա Գյուլին՝ միջնորդ դառնալ Ղարաբաղի հարցում: Դաշնակցական Արա Նռանյանն ասաց. «Հիմա խնդիր է առաջանում, թե մենք ո՞ր նախագահին ենք հավատում՝ մեր երկրի՞ նախագահի խոսքին, թե՞ Թուրքիայի: Ես հիշում եմ, որ դեռ Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից անմիջապես հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահն առաջարկել է իր աջակցությունը այս խնդրում, եւ այս առումով ես ավելի հակված եմ հավատալ մեր նախագահին, քան՝ Թուրքիայի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել