Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փաստահավաք խմբից ակնկալիքները շատ են

Հոկտեմբեր 25,2008 00:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը՝ փաստահավաք խումբ ստեղծելու մասին, «Ժառանգության» անդամ Ստեփան

Սաֆարյանը որակեց ուշացած, բայց ողջունելի քայլ:

Նախագահի կարգադրությունը՝ 10 օրվա ընթացքում ստեղծել մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման փաստահավաք խումբ, անմիջապես ողջունեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Փաստահավաք խմբի ստեղծման մասին կարգադրությունը հայաստանյան գրեթե բոլոր քաղաքական ուժերը եւս ընդունեցին անվերապահորեն: Խորհրդարանական ուժերը երեկ ճեպազրույցների ժամանակ հայտարարեցին, որ փաստահավաք խմբի ստեղծումը միայն կարող է օգնել մարտի 1-ի ճշմարտության բացահայտմանը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը կարծիք հայտնեց, որ թերեւս ավելի ազդեցիկ եւ իրավական տեսանկյունից անխոցելի կլիներ, եթե փաստահավաք խմբի ստեղծման մասին լիներ ոչ թե նախագահի կարգադրությունը, այլ՝ համապատասխան օրենք: «Առավոտը» խնդրեց փաստահավաք խմբի ստեղծմանը տալ քաղաքական գնահատական եւ հիշեցնելով, որ փաստահավաք խմբի ֆինանսավորման հարցերը պետք է լուծվեն ՀՀ նախագահի աշխատակազմի միջոցներից, ուզեց հստակեցնել՝ ընդդիմությունն ինչպե՞ս է իրեն զգալու այս իրավիճակում: Ընդդիմադիր պատգամավորները նկատեցին, որ դա ամենեւին չի նշանակում, թե նախագահն է վարձատրում: «Դրանք պետական միջոցների գումարներ են, եւ էական չէ, թե որ խողովակով կվարձատրվեն խմբի անդամ փորձագետները: Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականին, ապա սա թեպետ ուշացած, բայց ողջունելի քայլ է»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց. «Շատ կարեւորում եմ, որ այդ խմբում ներկայացված են լինելու մասնագետներ՝ կոալիցիայի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, «Ժառանգության» եւ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, որոնք անկուսակցականներ են լինելու»: Մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի համար ամենակարեւորն այն է, որ մասնագիտական փորձաքննություն կանցկացվի մարտի 1-2-ին մարդկանց մահվան հանգամանքների ուսումնասիրության հարցում. «Մնացած խնդիրների վերաբերյալ հանձնաժողովն, ըստ էության, փաստերի ծանրակշիռ մասը ունի: Խնդիրը հիմնականում մահվան հանգամանքների ուսումնասիրության հետ է կապված: Մեր ակնկալիքը հիմնականում այդ ոլորտից է, մասնավորապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստահավաք խմբում լինելու են մասնագետներ, որ չպետք է լինեն քաղաքական կուսակցության անդամներ, չպետք է աշխատեն պետական համակարգում»: ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն ասաց. «Ի տարբերություն հանձնաժողովի, փաստահավաք խումբը լոկ մասնագիտական աշխատանք պիտի անի եւ հրապարակային գործունեության հարց չունի, որովհետեւ եզրակացություններ չի կայացնելու, հավաքելու է փաստերը եւ փոխանցելու է հանձնաժողովին, այնպես որ, կարծում եմ, այս երկուսի աշխատանքի արդյունքը կերեւա այն եզրակացությունից, որը կներկայացնի ժամանակավոր հանձնաժողովը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել