Երեկ խոստացավ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ 2009-ի բյուջեի քննարկման ժամանակ
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որին երեկ մասնակցում էին 10-20 պատգամավոր՝ սկսվեց «ՀՀ 2009 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Նիստի սկզբում ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին խնդրեց կարճ ու համառոտ ներկայացնել հաջորդ տարվա բյուջեի «փիլիսոփայությունը»: Եվ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե ձեռնամուխ են եղել բարեփոխումների իրագործմանը, որոնք միտված են «ժողովրդավարական պետության զորացմանը, պետական կառավարման մարմինների արդյունավետ գործունեությանը, դատական իշխանության անկախության եւ անաչառության ապահովմանը, տեղական ինքնակառավարման մարմինների լիարժեք կայացմանը, կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացմանը»: Մեզ էլ թվում էր, թե ժողովրդավարական պետություն դեռ պետք է ունենալ՝ այն զորացնելու համար: Սակայն այս անգամ մի կողմ թողնենք վարչապետի ելույթի այն հատվածը, որ կհետաքրքրեր բացառապես քաղաքական շրջանակներին, եւ մեջբերենք հնչեցված այն խոստումներն ու թվերը, որոնք անկասկած ուշագրավ կլինեն առավել լայն շրջանակների համար:
Այսպես, Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե հաջորդ տարի նվազագույն աշխատավարձի չափը 2008-ի համեմատ «նախատեսվում է ավելացնել 20%-ով՝ հասցնելով մինչեւ 30 հազար դրամի»: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Կենտրոնական բանկի 690 աշխատակիցների համար հաջորդ տարին լինելու է ավելի արգասաբեր. 2009-ի համար ԿԲ-ն ծրագրել է 421 հազար դրամ միջին աշխատավարձ: Հաջորդ տարի նախատեսվում է ավելացնել նաեւ ՀՀ ոստիկանության, ԱԱԾ աշխատակիցների միջին աշխատավարձերը՝ իհարկե, ոչ ԿԲ-ի չափով: Այս ամենի մասին վարչապետը լռեց ելույթում: Նա նախընտրեց առանձնացնել կրթության ոլորտը՝ նշելով, թե այստեղ ապահովում են աշխատավարձի բարձրացման ավելի բարձր տեմպ, քան այլ ոլորտներում: Ըստ այդմ՝ «2009-ին մանկավարժների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը (1 դրույքի հաշվով, ներառյալ լրացուցիչ վարձատրությունները) կհասցվի 116.3 հազար դրամի (ներկայիս մոտ 89.6 հազար դրամի դիմաց), վարչական անձնակազմի միջին աշխատավարձը` 176.1 հազար դրամի (ներկայիս մոտ 136 հազ. դրամի դիմաց)»:
Ավելացվելու են նաեւ առողջապահության ոլորտում պետբյուջեից ներդրումները՝ 11.5 մլրդ դրամով: Նախատեսվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնություն իրականացնող հաստատություններում բժշկական անձնակազմի աշխատողների միջին աշխատավարձը հասցնել մինչեւ 92.4 հազար դրամի, իսկ միջին բուժանձնակազմինը՝ 59.2 հազար դրամի: Հիվանդանոցների բուժանձնակազմի միջին աշխատավարձը նախատեսվում է հասցնել մինչեւ 66.4 հազար դրամի, իսկ միջին բուժանձնակազմինը՝ մինչեւ 52 հազար դրամի:
Տիգրան Սարգսյանը խոստացավ. «Ընտանեկան նպաստի համակարգում նպաստառու ընտանիքներին տրվող միջին ամսական նպաստի չափը կկազմի 23.6 հազ. դրամ՝ 2008-ի 21.1 հազար դրամի դիմաց»: Ըստ նրա, 3-րդ եւ ավելի երեխա ծնվելու կապակցությամբ 2009-ին յուրաքանչյուր երեխայի համար միանվագ նպաստի չափը կկազմի 430 հազար դրամ՝ 2008-ի 300 հազար դրամի փոխարեն. «Ընդ որում, եթե 2008-ին այն տրվում էր միայն ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքներին, ապա 2009-ին կտրվի բոլոր ընտանիքներին: Առանձնահատկությունը սա է՝ ոչ միայն սոցիալապես անապահով ընտանիքներին, այլեւ բոլորի՛ն»: Այս առիթով հիշեցնենք, որ մեր շատ մեծահարուստներ՝ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը եւ այլք, ունեն 5 եւ ավելի երեխաներ:
Կենսաթոշակների գծով պետբյուջեում հաջորդ տարի նախատեսվել է 2008-ի համեմատությամբ 14.8%-ով ավելի հատկացում: Եվ ըստ վարչապետի՝ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը 2009-ին կկազմի 25.5 հազար դրամ՝ 2008-ի 21.8 հազ. դրամի դիմաց:
Եվ շատ-շատերին հետաքրքրող մի հարց՝ շարունակվելու է ԽՍՀՄ խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը: Եվ 2009-ին նախատեսվել է 1.6 մլրդ դրամ՝ 2008-ի 1.3 մլրդ դրամի դիմաց:
Հ. Գ. Վարչապետը հայտարարեց, թե ՀՀ կառավարությունը անչափ կարեւորում է Հայաստանի կողմից՝ «որպես ԼՂՀ-ի բնակչության անվտանգության երաշխավորի, ԼՂՀ-ին տնտեսական աջակցության հարցը»: Եվ այդ կապակցությամբ առաջիկա տարում ԼՂՀ-ին տրամադրվելիք միջպետական վարկի գումարը 2008-ի համեմատությամբ ավելացվելու է 15.7 %-ով: