«Ազգային հեղափոխություն» կուսակցության հիմնադիր համագումարի մասին
Հարգելի տիկնայք եւ պարոնայք:
Այս տարվա դեկտեմբերի 20-ին, Երեւանի Մարշալ Բաղրամյան պող. 17շենքում, ժամը 12-ին իր աշխատանքը կսկսի «Ազգային հեղափոխություն» կուսակցության հիմնադիր համագումարը: Կազմկոմիտեի նախագահ՝ Անդրիաս Ղուկասյան: Հեռախոս՝
«Ազգային հեղափոխություն» կուսակցության ծրագրի հիմնական դրույթներ
Ներածություն
Մեր երկրի քաղաքացիների մեծամասնությանը հայտնի չէ, որ 1991 թ. Հայաստանն անկախություն է ձեռք բերել ոչ թե իր ժողովրդի կամքի արտահայտման հիման վրա, այլ միութենական հանրապետությունների ղեկավարությունների կողմից ԽՍՀՄ Սահմանադրության ապօրինի վերացման շնորհիվ, որ ԽՍՀՄ փլուզման պահին Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, որ 1992 թ. Հայաստանը համաձայնություն է տվել այսուհետ օրինական ճանաչել Կարսի նահանգի եւ Սուրմալուի բռնազավթումը Թուրքիայի կողմից, որ 1995 թ. Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունները հանրաքվեի են առաջադրել Սահմանադրության անօրինական նախագիծ: Իմաստավորելու համար ողջ ճշմարտությունն այժմ գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության մասին, անհրաժեշտ է հրաժարվել այս պետության գոյության տասնյոթ տարիների ընթացքում ստեղծված բոլոր պատկերացումներից: Ազգային հեղափոխությունը նախեւառաջ հեղափոխություն է հասարակական գիտակցության մեջ, առանց որի անհնար է կենտրոնացնել ժողովրդի կամքը՝ հայ ժողովրդի իրավունքների կոպիտ խախտումների հետեւանքներն ուղղելու, նրա պետականությունը նորացնելու եւ Հայաստանի միջազգային դրությունը փոփոխելու համար:
Մեր երկրում պետական իշխանությունը բնութագրում են երեք գլխավոր հատկանիշներ.
– հիմնական ներքաղաքական հարցերում կախվածությունը Ռուսաստանից,
– հայ ժողովրդի ապագայի նկատմամբ իրական պատասխանատվության բացակայությունը,
– պետության գործերի կառավարման մեջ պրոֆեսիոնալիզմի բացակայությունը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը թույլ է տալիս ընտրված անձանց չկրել որեւէ պատասխանատվություն իրենց ընտրողների առջեւ: Դրա շնորհիվ, բոլոր այս տարիներին մարդկանց փոքրաթիվ խմբերի հաջողվում է իրենց հայեցողությամբ կառավարել երկիրը եւ հայ ժողովրդի անունից հանդես գալ միջազգային հարաբերություններում: Օգտագործելով պետական իշխանության լծակները, նրանք պահում են իրենց վերահսկողության տակ Հայաստանում անցկացվող բոլոր ընտրությունների արդյունքները: Ավտորիտար կառավարման այս տարիներին կուտակված կապիտալը թույլ է տալիս նրանց ընտրողների ձայները գնել եւ ստեղծել թվացյալ ժողովրդավարություն: Ինչ կլան էլ որ ղեկավարել է երկիրն այդ տարիներին, իշխանությունը Հայաստանում միշտ հենվել է պետության ու խոշոր բուրժուազիայի եւ ոչ թե ժողովրդի վրա: Իշխանության պայքարը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կլանների միջեւ Երեւանում, մարտի 1-ին, պատճառ դարձավ ողբերգական իրադարձությունների: Հայոց պետության անկախության ձեռքբերումից հետո անցած այս տարիների ընթացքում մարդկանց մեջ կուտակված զայրույթն ու չարությունը հանգեցրին տարերային խռովության եւ բազմաթիվ զոհերի: Ավտորիտար ռեժիմին այս անգամ հաջողվեց կառչած մնալ իշխանությանը՝ միայն այն պատճառով, որ մեր հասարակության մեծ մասը զգուշանում է ներքին քաղաքական անկայունության արդյունքում կորցնել 1992-1995 թթ. ճգնաժամից հետո այն ոչ մեծ ձեռքբերումը: Միեւնույն ժամանակ, իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանի ժողովուրդը վախենում է ոչ թե ավտորիտար ռեժիմից, այլ նրա վերացումից հետո գործունակ պետական իշխանության բացակայությունից:
Մենք մեր առջեւ նպատակ ենք դրել՝ ստեղծել կուսակցություն, որը կդառնա գործունակ քաղաքական ինստիտուտ՝ անկախ այն բանից, գտնվում է իշխանության մեջ, թե գործում է ընդդիմությունում: Կուսակցության խնդիրն է վստահություն եւ սատարում ձեռք բերել ազգաբնակչության մեծամասնության շրջանում՝ իր ծրագրերի իրականացման համար, որն արմատապես կփոխի հայ ժողովրդի կյանքը եւ համաշխարհային պատմության մեջ կկանխորոշի նրա համար արժանապատիվ դեր:
Կուսակցության քաղաքական ծրագրի հիմնական դրույթներ
Մեր կուսակցության քաղաքական ծրագրի հիմնական նպատակը հայկական պետականության ամբողջական նորացումն է՝ միջազգային հարաբերություններում եւ հայ հասարակության ներսում հայ ժողովրդի ազգային շահերի պաշտպանության համար արդյունավետ գործիք ստեղծելու նպատակով:
Ըստ մեզ, հայ ժողովրդի առջեւ ծառացած հիմնական խնդիրներն են.
– Ղարաբաղյան պատերազմի վերսկսման բացառումը եւ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը,
– հայ ժողովրդի միջազգային խաթարված իրավունքների վերականգնումը եւ պատմական ժառանգության արժեքների վերադարձը նրա կառավարմանը,
– համայն հայ ժողովրդի միավորումը մեկ պետական համակարգի ներքո,
– հայ ժողովրդի ազգային անվտանգության արդյունավետ համակարգի ստեղծումը,
– ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետության կառուցումը,
– հայ ժողովրդի արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ նյութական պայմանների ստեղծումը,
– ազգային մշակույթի զարգացումը:
Այս խնդիրների իրականացման համար մենք անհրաժեշտ ենք համարում հետեւյալ քայլերը.
– լուծարել գոյություն ունեցող հանրապետությունը եւ հիմնադրել նորը: Դա իրավունք կընձեռի Հայաստանին միջազգային հարաբերություններում ազատ լինել ԽՍՀՄ փլուզման պահին նրան պարտադրված կեղծ միջազգային պարտավորություններից: Դրա համար պառլամենտը պետք է վերացնի գործող Սահմանադրությունը եւ գումարի սահմանադիր ժողով՝ նոր սահմանադրության մշակման եւ այն Հայաստանի ազգաբնակչության կողմից հաստատելու նպատակով՝ հանրաքվեի անցկացման համար,
– ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ նույնը պահանջել ԵԱՀԿ պետություններից: Դրա համար Հայաստանին անհրաժեշտ է հանդես գալ ԵԱՀԿ եւ ԱՊՀ պետությունների առջեւ՝ ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագիրը եւ ԱՊՀ պետությունները Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդին միանալուց հետո՝ ԵԱՀԽ Հելսինկյան եզրափակիչ ակտը անվավեր ճանաչելու պահանջներով: Դա կբացառի Ղարաբաղյան պատերազմի վերսկսման համար Ադրբեջանի՝ այսօր գոյություն ունեցող իրավական հնարավորությունը,
– ճանաչել Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն անկախ, կրոնիշխան միապետություն, որի քաղաքացին կարող է լինել յուրաքանչյուր հայ, առանց իր նախկին քաղաքացիության կորստի: Դա հնարավորություն կտա ստեղծել միջազգային իրավունքի սուբյեկտ, որը կմիավորի Սփյուռքը եւ հանդես կգա 1915 թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պահանջով: Որպես միջազգային իրավունքի սուբյեկտ՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միջազգային ճանաչման եւ նրան ՄԱԿ ընդունելու համար անհրաժեշտ է օգտագործել եկեղեցու եւ Սփյուռքի ներուժը,
– կոնֆեդերատիվ պայմանագրի հիման վրա միավորել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միապետությունը՝ մեկ միության մեջ: Դա հնարավորություն կտա ստեղծել միջազգային ասպարեզում համայն հայ ժողովուրդը ներկայացնող կառավարություն, միավորել մեր ժողովրդի հսկայական ներուժը ազգային տնտեսության, գյուղատնտեսության վերականգնման, նոր, ժամանակակից քաղաքների կառուցման եւ մեր հազվագյուտ ազգային մշակույթի զարգացման համար: Դրա համար անհրաժեշտ է ողջ հայ ժողովրդի կամքը՝ ունենալ միացյալ կառավարություն եւ հավասարազոր քաղաքացիություն՝ անկախ բնակության երկրից,
– համընդհանուր զինապարտության հիման վրա ստեղծել հարյուր հազարանոց պրոֆեսիոնալ բանակ եւ ազգային գվարդիա: Պրոֆեսիոնալ բանակը պետք է պատրաստ լինի դիմակայել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա ցանկացած հարձակման: Ազգային գվարդիան պետք է ապահովի քաղաքացիական պաշտպանության, իրավապահպանության եւ ցանկացած արտակարգ իրավիճակներում՝ բնակչության պաշտպանության խնդիրները: Ազգային գվարդիայում զինծառայողների ուսուցումը եւ ծառայությունը պետք է իրականացվեն տնից չկտրված,
– սահմանադիր ժողովների կողմից նոր պետական համակարգի հիմնարար իրավական ակտերը մշակելիս ընդգրկել հայ ժողովուրդ կազմավորող բոլոր սոցիալական խմբերի եւ համայնքների շահերը: Ստեղծել իրավական ինստիտուտներ, որոնք Հայաստանի բնակչության համար երաշխավորում են արժանապատիվ աշխատավարձ, նորմալ աշխատանքային պայմաններ, մայրության պետական պաշտպանություն, ազատ ձեռներեցության համար խելամիտ մրցակցություն եւ արդարամիտ հարկային համակարգ,
– Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացման եւ Մայր աթոռի ինքնակառավարվող համայնքների վերածննդի համար մշակել պետական ներդրումային շինարարության ծրագիր՝ հինգ տարվա ընթացքում կես միլիոն ընտանիքների համար ժամանակակից, էներգատնտեսող, բնապահպան բնակելի ֆոնդ կառուցելու եւ այն միացյալ սոցիալ-քաղաքաշինական համակարգին կապող համապատասխան տրանսպորտային համակարգ ստեղծելու համար:
«Ազգային հեղափոխություն» կուսակցության կանոնադրության հիմնական դրույթներ
1. Ընդհանուր դրույթներ
1.1. «Ազգային հեղափոխություն» կուսակցությունը այն մարդկանց անհատական անդամության վրա հիմնված հասարակական միություն է, ովքեր ընդունում են կուսակցության Ծրագիրը եւ Կանոնադրությունը:
1.2. Կուսակցությունն իր գործունեությունն իրականացնում է իր Ծրագրին, որը հիմնված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների վրա, ինչպես նաեւ՝ սույն Կանոնադրությանը համապատասխան:
1.3. Կուսակցությունը կոչվում է՝
Հայերեն՝ «Ազգային հեղափոխություն» կուսակցություն, կրճատ՝ ԱՀԿ
ռուսերեն՝ կՈՐՑՌ