Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզական խճանկար

Հոկտեմբեր 24,2008 00:00

Տեմպերը թուլացրել են

Կալիթեայում երեկ կայանալու էր շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց ակումբային առաջնությունների վերջին՝ 7-րդ տուրը:

Հայաստանի չորս ակումբները (երեք՝ տղամարդկանց եւ մեկ՝ կանանց) բավականին հաջող մեկնարկից հետո պայքարի ընթացքում որոշակիորեն թուլացրին տեմպերը եւ վեցերորդ տուրից հետո վաստակած միավորների քանակով մեդալների հավակնելու քիչ հույսեր ունեին: Մասնավորապես, տղամարդկանց մրցաշարում «ՄԻԿԱ»-ն եւ ՖԻՄԱ-ն 2,5:3,5 հաշվով զիջեցին, համապատասխանաբար, «Սարանսկին» եւ «Ինվեստ Բադենին» եւ միայն «Բանկային Արքան» առավելության հասավ «Հալադասի» նկատմամբ: Այդուհանդերձ, վերջին տուրից առաջ մեր ակումբները մրցաշարային աղյուսակում դասավորված էին այսպիսի հաջորդականությամբ: 14. «Բանկային Արքա»՝ 8 թիմային միավոր, 16. «ՄԻԿԱ»՝ 8, 28. ՖԻՄԱ՝ 6:

Կանանց «ՄԻԿԱ Երեւան»-ը 4:0 չոր հաշվով հաղթեց «Պանեվեժիսին» եւ 7 միավորով ընթանում է 8-րդ հորիզոնականում:

Վիկը խոստանում է ոչնչացնել Միխարեսին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ թեթեւագույն քաշային կարգում IBF-I, WBC-ի եւ WBA-ի գոտիների միավորման նոյեմբերի 1-ին նշանակված առաջին մարտի մասնակիցները՝ հայաստանցի Վախթանգ (Վիկ) Դարչինյանը եւ մեքսիկացի Քրիստիան Միխարեսը ԱՄՆ-ում երկրորդ մամուլի ասուլիսն են անցկացրել:

Դիմելով մրցակցին՝ Վիկն ասել է. «Ես քեզ այդ օրը երկու կես եմ անելու: Եվ դու կհամոզվես, որ սրանք զուտ խոսքեր չեն: Նախորդ ասուլիսում խոսում էիր իսպաներեն ու քեզ քչերն էին հասկանում: Հետո իմացա, որ ասել ես, իբր ես շատ եմ խոսում, որովհետեւ վախենում եմ քեզնից: Եթե մեկ անգամ էլ նման արտահայտություն անես՝ տեղում նոկաուտի կենթարկեմ: Իսկ ես խոստումներս կատարում եմ»: Այնուհետեւ, արդեն լրագրողներին, վանաձորցին ասել է. «Երբ մրցակցիս հարցերը լուծեմ՝ նրան այլեւս ոչ ոք չի հիշի ու նա կանցնի անցյալի գիրկը: Նոյեմբերի 1-ին ես նրան ինձ դիպչելու, գեթ մեկ կոմբինացիա կատարելու հնարավորություն չեմ տա: Ես կապացուցեմ, որ նա ոչինչ է, ես նրան կոչնչացնեմ ու մարտից հետո նա ստիպված կլինի արդարացումներ փնտրել»:

Այս անգամ Միխարեսը, որը շարունակում է հավատալ իր հաղթանակին, արտահայտություններում արդեն անհամեմատ զուսպ էր. «Ես Դարչինյանի հանդեպ հակակրանք չունեմ, եւ նա իմ թշնամին չէ: Այս մարտն անչափ կարեւոր է ինձ համար, որովհետեւ այն գոտիների միավորման մենամարտ է: Հիմա ուզում եմ ընդամենը մի բան ասել: Վախթանգը ցանկանում է ինձ նոկաուտի ենթարկել: Բայց եթե հակառակը կատարվի, չզարմանաք: Նոյեմբերի 1-ը ոչ թե խոսքերի, այլ հարվածների փոխանակման օր է լինելու, որին հնարավորություն ընձեռվելու դեպքում գնալու եմ: Եվ այդտեղ ես ավելի ուժեղ կլինեմ: Ես ցանկանում եմ մտնել համաշխարհային բռնցքամարտի պատմության մեջ»:

Երեք հոգի 3-ական միավոր ունեն

Վիետնամում շարունակվող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում մեր հանրապետության ներկայացուցիչներից համեմատաբար հաջող են հանդես գալիս երեքը, որոնք չորս տուրից հետո վաստակել են 3-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակներում համեմատաբար բարձր տեղեր են զբաղեցնում: Սամվել Տեր-Սահակյանը, որ հանդես է գալիս 18 տարեկանների խմբում, երեկ կայացած հինգերորդ տուրից առաջ ընթանում էր 8-րդ հորիզոնականում, Տիգրան Հարությունյանը (12 տարեկաններ) 12-րդն էր, իսկ Մանվել Պետրոսյանը (10 տարեկաններ)՝ 15-րդը: Ավաղ, մեր աղջիկներն առայժմ ուրախանալու լուրջ առիթ չեն տալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել