Ասում է համայնքի ղեկավարի թեկնածու, անկուսակցական Մարտուն Գրիգորյանը
– Պարոն Գրիգորյան, Դուք բավականին երիտասարդ տարիքում ուժեղ ընտրապայքարի արդյունքում ընտրվեցիք պատգամավոր: Մեկուկես տարի է անցել դրանից, չե՞ք հոգնել պայքարից, որ նորից եք դուրս եկել, այն էլ այսպիսի ընտրապայքարի: Թե՞ պատգամավորի մանդատը Ձեզ համար քիչ համարեցիք:
– Նախ ասեմ, որ ես երբեք դժվարություններից չեմ փախչում: Իսկ այս մեկուկես տարվա ընթացքում ես տեսա, որ Գյումրին ավելի մեծ խնդիրներ ունի, որոնք լուծման կարիք ունեն: Սովորաբար՝ բնակիչները խառնում են պատգամավորի եւ համայնքի ղեկավարի պարտականություններն ու լիազորությունները: Այս ընթացքում ես շատ դիմում-բողոքներ եմ ստացել բնակիչներից, որոնք պատգամավորի ֆունկցիան չեն, բայց ես աշխատել եմ անձնական միջոցներով ու կապերով լուծել դրանք: Իսկ այդ միջոցներն անսպառ չեն, որ հնարավոր լինի նման մեծ համայնքի խնդիրները լուծել: Դրանք գլոբալ եւ հիմնովին լուծման կարիք ունեն: Իսկ Գյումրիի նման մեծ քաղաքի հիմնախնդիրները կարող են լուծվել միայն պատգամավորի եւ համայնքի ղեկավարի համատեղ աշխատանքով: Միայն այդ համագործակցության արդյունքում պատգամավորը կարող է համայնքի հիմնախնդիրները ներկայացնել ԱԺ եւ ստանալ դրանց լուծումները: Նման համագործակցություն, սակայն, մեր քաղաքում չկա եւ երբեւէ առանձնապես չի եղել: Դրա համար էլ գյումրեցին իշխանությունների կողմից մնում է մեկուսացած եւ իր համայնքի խնդիրների լուծման համար փակ դռների հանդիպելով՝ հուսահատվում է: Իհարկե, եթե լիներ պատգամավոր- քաղաքապետ համագործակցություն, ապա ոչ մի պատգամավոր ցանկություն չի ունենա իր մանդատը թողնել եւ քաղաքապետ ընտրվել: Կան բազում խնդիրներ, որոնց առնչությամբ մենք դիմել ենք քաղաքապետին եւ ոչ մի պատասխան չենք ստացել: Այստեղ խոսում է խանդի գործոնը, որ հանկարծ իրենից բացի այս քաղաքում ոչ ոք ոչինչ չանի: Իսկ նման հոգեբանությամբ քաղաքում սայլը տեղից չի շարժվի: Ես այս ընթացքում ավելի լավ հասկացա, թե քաղաքապետ լինելու դեպքում ինչպես եմ աշխատելու պատգամավորի հետ, որ հարցերի լուծումը միասին ինչպես կարողանանք գտնել:
– Քաղաքապետ ընտրվելու դեպքում ո՞ր խնդիրն եք առաջնահերթ լուծելու՝ կոմունալ-կենցաղայի՞ն, թե՞ բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, որի մասին այդքան խոսվում է:
– Կարծում եմ՝ երկուսը միասին, քանի որ դրանք շաղկապված են եւ հավասարաչափ լուծման կարիք ունեն: Եթե բնակիչը առանց վախի մտնի քաղաքապետարան եւ այնտեղից դուրս գա առանց վիրավորանքի ու նյարդայնանալու, ապա նա ավելի կսիրի իր քաղաքն ու կվստահի այդ քաղաքի ղեկավարին: Համայնքի ղեկավարը պետք է գիտակցի, որ ինքը ընտրված է ժողովրդի կողմից, վճարվում է ժողովրդի կողմից եւ պետք է ծառայի այդ ժողովրդին, ոչ թե դառնա նրա կեղեքիչն ու սարսափի առարկան:
– Ինչպիսի՞ ընտրություններ եք ակնկալում հոկտեմբերի 26-ին:
– Այս անգամ, կարծում եմ, հնարավոր չեն խախտումներ եւ բռնություններ, քանի որ վերահսկողությունն ուժեղ է եւ ժողովուրդն ինքը դեմ է դուրս գալու ընտրախախտումներին: Գյումրին ունենալու է ժողովրդի կողմից ընտրված ու վստահելի քաղաքապետ: