Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանել են ավելի ուշ

Հոկտեմբեր 24,2008 00:00

«Մատաղիսի գործի» նոր մանրամասները

Հյուսիսային քրեական դատարանում շարունակվեց «Մատաղիսի գործով» դատաքննությունը: Մեղադրողները հրապարակեցին ժամկետային զինծառայողներ՝ 23-ամյա Ռազմիկ Սարգսյանին, Արայիկ Զալյանին ու Մուսա Սերոբյանին առաջադրված մեղադրական եզրակացությունը, որը ենթադրում է 15 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում: Նրանք մեղադրվում են սպանության մեջ:

2003թ. դեկտեմբերի 24-ին Ռազմիկ Սարգսյանն, ուտելիքով լի ծանրոց ստանալով ծնողներից, սկսել է այն վայելել Մուսա Սերոբյանի ու Արայիկ Զալյանի հետ: Երկու այլ զինծառայողներ՝ Հովսեփ Մկրտումյանն ու Ռոման Եղիազարյանը, ցանկացել են մասնակցել ճաշկերույթին, կռվի են բռնվել նախորդ երեքի հետ, արդյունքում դաժանաբար ծեծվել ու սպանվել են: Նախագահող Հարություն Մովսիսյանի հարցին, թե իրենց մեղավոր ճանաչո՞ւմ են ամբաստանյալները՝ նրանք մեկ անգամ եւս զայրացան. «Ի՞նչ ենք արել, որ հիմի էլ մեզ մեղավոր ճանաչենք, այսպիսի մեղադրանք ցանկացած մեկին էլ կարող եք վերագրել»: Վերջիններիս անմեղ լինելը փորձեց պնդել նաեւ սպանված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի հայրը՝ Մովսես Մկրտումյանը, որը առաջինը ցուցմունք տվեց դատարանին: Նրա համոզմամբ, իր որդուն դեկտեմբերի 24-ին չեն սպանել, այլ՝ ավելի ուշ: Այդ օրը հարեւանի տղան՝ Վրեժ Առաքելյանը, ով եւս ծառայել է նույն զորամասում, ծնողներին նամակ է գրել ու հայտնել, որ Հովսեփը զորամասից անհայտ կորել է: Անհանգստացած հայրն իր ծանոթներից մեկի միջոցով կապվել է զորամաս ու ճշտել, որ որդին գտնվում է Մարտակերտի ոստիկանությունում: Չանցած 3 ժամ, իրենց տուն է եկել զորամասի վարորդը ու տեղեկացրել, որ իրեն զորամասից են ուղարկել, հետաքրքրվել է, թե Հովսեփը պատահաբար տանը չէ՞: Երբ Հովսեփ Մկրտումյանի հայրը տեղեկացրել է, որ իր որդին գտնվում է Մարտակերտի ոստիկանությունում, վարորդը զանգահարել է ոստիկանություն, որտեղից երկու անգամ հաստատել են այդ տեղեկությունը՝ նույնիսկ տվել երկու զինծառայողների անուն-ազգանունները:

2004թ. հունվարի 2-ին վարորդը հայտնել է, որ թյուրիմացություն է եղել՝ ոստիկանությունում գտնվող զինծառայողները ուրիշ ծառայողներ են եղել: Հովսեփ Մկրտումյանը հասել է Ղարաբաղ: «Երբ եկա զորամաս ու հետաքրքրվեցի, թե ո՞րն է տղայիս մահճակալը, էդ ինչպե՞ս փախավ, որ ոչ մեկը չտեսավ, իբրեւ թե ինձ տարան մահճակալը ցույց տալու, եւ երբ կողքի տմբուշկեն բացի ու տեսա իր շորերը չեն՝ ինձ իսկույն պատասխանեցին, թե էս մահճակալն արդեն ուրիշինն է»,- ասաց սպանված զինվորի հայրը: Տուժողի իրավահաջորդը պնդում էր, որ իր տղային սպանել ու նոր են ջուրը գցել, որ նրա դիակը ոչ թե երկու շաբաթվա էր, այլ թարմ՝ երկու-երեք օրվա: Իսկ դրա ապացույցը՝ տղայի մարմնի թարմ լինելը, քթից արյուն գալն ու ծոցագրպանի չխունացած ծոցատետրն էր:

Ըստ տուժողի իրավահաջորդի, իր տղային սպանողի անունն առաջինը հայտնել է Արման Գրիգորյան անունով մեկը, եւ երբ խնդրել է նրանից անունները գրել ու տալ իրեն, քննիչ Արմեն Հակոբյանը խլել ու պատռել է նրա ձեռքի թուղթը, քանի որ Արման Գրիգորյանը գրել է զորամասի հրամանատար Իվան Գրիգորյանի անուն-ազգանունը: «Ես վստահ եմ, որ էս երեք տղեքը ոչ մի կապ չունեն իմ որդու սպանության հետ, գործը քննիչ Արմեն Հակոբյանը շինեց նրանց վրա, եթե իմ որդին դեկտեմբերի 24-ին չի մահացել, կենդանի է եղել, ինչո՞ւ են էս էրեխեքին դատում դեկտեմբերի 24-ի համար, Ռոման Եղիազարյանն էլ նույն օրը չի մահացել, բերին հավասարեցրին, թե երկուսն էլ նույն օրն են մեռել, լսել եմ, որ Ռոմանի դիակին նայել չէր լինում, նույնիսկ էդ թափով երեխայի սիրտը, ըստ դատաբժշկական փորձաքննության, 250 գրամ է եղել, իսկ սա նշանակում է, որ այն փոքրացել է, կծկվել, բայց ցավն էն է, որ ոչ մեկը խոսել չի ուզում կատարվածի մասին, նույնիսկ մեր հարեւանի տղային այնպես են ահաբեկել, որ ոչինչ չի ասում»,- ասաց Հ. Մկրտումյանը՝ դատարանից հայցելով պատժել իրական մարդասպաններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել