Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՄ ԴՊՐՈՑԸ ՉՓԱԿԵ՛Լ»

Հոկտեմբեր 24,2008 00:00

\"\"Կառավարության շենքի առաջ հավաքված երեկվա ցուցարարները աշակերտներ ու ծնողներ էին

«Մի՛ խախտեք մեր սահմանադրական իրավունքը», «Իմ դպրոցը չփակե՛լ», «Ես ուզում եմ խոսել բերանացի». երեկ այս ցուցապաստառներով ՀՀ կառավարության շենքի առջեւ բողոքի ցույցի էին դուրս եկել թիվ 9 հատուկ՝ թույլ լսող երեխաների դպրոցի սաներն ու նրանց ծնողները:

«Մեզ է դիմել թիվ 9 հատուկ դպրոցի ծնողական կոլեկտիվը՝ այն մտահոգությամբ, որ կառավարության կողմից փորձ է արվում իրենց՝ թույլ լսողների դպրոցը փակել եւ միացնել խուլ ու համրերի՝ թիվ 15 հատուկ դպրոցին: Ինչպես հասկանում ենք, դրանք տարբեր կատեգորիաներ են, անհնարին է, որ նույն դպրոցում եւ նույն դասարանում շրթունքներով խոսող երեխաների հետ միասին սովորեն ժեստերով հաղորդակցվող երեխաները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Համայնք եւ իրավունք» հ/կ-ի նախագահ, իրավապաշտպան Սամվել Մկրտչյանը: Ըստ նրա, երկու դպրոցները միացնել, նշանակում է երեխաներին զրկել խոսելու իրավունքից. «Դա նույնն է, թե թույլ լսողություն ունեցող երեխային ստիպես հաղորդակցվել ձեռքերով եւ ժեստերով: Կառավարությունն ունի մեկ նպատակ՝ դպրոցի շենքը օտարել, տրամադրել ինչ-որ քոլեջի, թիվ 9-ի սաներին էլ տեղավորել թիվ 15 հատուկ դպրոցում: Խուլ ու համրերի դպրոցում սովորում է շուրջ 50, իսկ թույլ լսողների դպրոցում՝ 150 աշակերտ: Ստացվում է՝ ոչ թե մի կաթիլ ջուրն է խառնվում ծովին, այլ հակառակը…»:

6 տարեկան Աստղիկը Երեւան է եկել Ղարաբաղից՝ հատուկ թույլ լսող երեխաների դպրոց հաճախելու համար: Ինչպես պատմում է նրա հորաքույր Վալենտինա Ալավերդյանը, երեխան մինչեւ դպրոց այցելելը մի հնչյուն անգամ չի կարողացել արտաբերել. «Նրան ծնողներից կտրել եմ, որ այստեղ դպրոցում սովորի այնպես, ինչպես սովորական երեխաներն են սովորում: Նա թիվ 9 դպրոցում իրեն լավ է զգում, արդեն ամեն ինչ հասկանում է, թեկուզ եւ թույլ է լսում: Աստղիկն ամեն օր նոր բառ սովորած գալիս է տուն»:

6 տարեկան Վարդանն էլ, Աստղիկի պես, մինչեւ դպրոց գնալը չի խոսել: «Ես դպրոցից շատ գոհ ու շնորհակալ եմ, չեմ ուզում, որ այն փակեն: Եթե փակեն՝ նրան խուլ ու համրերի դպրոց չեմ տանի, իմ ձեռքով իմ երեխային կտրեմ խոսել սովորելու հնարավորությունի՞ց… Ես ծնող եմ, ինձ լավ հասկացեք, ես ուրախանում եմ իմ երեխայի արտաբերած ամեն մի բառով»,- նեղսրտում է Վարդանի մայրը՝ Մանուշակ Զուռնաչյանը:

«Սա հանցագործության նման է…մենք մեր երեխաներին այլեւս դպրոց չենք տանի, եթե միացնեն դպրոցներն իրար: Ուզում են, որ մեր երեխաներին հասարակությունից տարանջատե՞նք… Թողեք հանգիստ ապրենք, էլի…»,- դժգոհեց 9 տարեկան Մարիամիկի մայրը՝ Գայանե Մխիթարյանը: Վրաստանից ժամանած 6-ամյա Ժաննայի մայրը՝ Գուլո Անտոնյանն էլ ավելացրեց. «Ասե՛ք, ես ի՞նչ անեմ, ամեն ինչ թողնեմ ու վերադառնամ Վրաստա՞ն: Այստեղ դպրոցում երեխաներին վարժեցնում են բառեր արտաբերել: Իմ աղջիկը այս դպրոցում սովորել է խոսել, ամեն ինչ ասում է, հույս ունեի, որ մի քանի տարուց իմ բալիկը մաքուր կխոսի: Ու ո՞նց ես իմ այդ փոքրիկ հույսից կտրվեմ»: Ցուցարար ծնողներին ու երեխաներին կառավարության շենքի մոտ դիմավորեց ՀՀ կառավարության աշխատակազմի, քաղաքացիների ընդունելության, դիմում-բողոքների քննարկման վարչության պետի պաշտոնակատար Ալեքսանդր Ղազարյանը: Նա հերքեց այն լուրը, թե թիվ 9 հատուկ դպրոցի շենքը շուտով օտարվելու է, իսկ իրավապաշտպան Ս. Մկրտչյանին հանդիմանեց ինֆորմացիային լիարժեք չտիրապետելու մեջ. «Սամվե՛լ, փրկչի դեր մի՛ խաղա, այստեղ թշնամիներ չենք նստած… Մենք երբեք չենք վնասի երեխաների ուսմանը: Դու եղելությանը մինչեւ վերջ տեղյակ չես: Կառավարությունը միայն որոշել է այդ երկու դպրոցներին նշանակել մեկ տնօրեն, քանի որ դու էլ երեւի տեղյակ կլինես, որ քո պաշտպանած դպրոցն այժմ տնօրեն չունի, կա միայն ժամանակավոր պաշտոնակատար: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում էլ այդ հարցի մասին խոսք չկա, այդ խնդիրը քննարկման կդրվի առաջիկայում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել