Քաղաքապետի թեկնածուներին ավելի շատ հուզում է «վերեւների» աջակցությունը, քան ժողովրդի քվեն
Այս կիրակի Արագածոտնի մարզի Թալին քաղաքում կընտրեն քաղաքապետ: Թեկնածուները երկուսն են՝ գործող քաղաքապետ, անկուսակցական Մնացական Մնացականյանը եւ նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գուրգեն Գրիգորյանը:
Ըստ «Առավոտին» հասած տեղեկությունների՝ քաղաքապետ դառնալու հարցում Գ. Գրիգորյանին սատարում է անցյալ տարի Թալինից մեծամասնականով ընտրված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը: Նա, թալինցիների պատմելով, քրտնաջան աշխատում է, որպեսզի Թալինի քաղաքապետի աթոռը բաժին հասնի հենց Գ. Գրիգորյանին: Սա, թերեւս, իր պատճառն ունի: Նշենք, որ պատգամավորական ընտրություններում Խ. Մանուկյանի հիմնական մրցակիցը Մ. Մնացականյանն էր, որը, ճիշտ է, ընտրություններում պարտվել էր, սակայն թալինցիներն այդ մտքի հետ չէին հաշտվում եւ մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ էին կազմակերպում՝ պահանջելով պատգամավորական մանդատը տալ Մ. Մնացականյանին:
Այժմ Խ. Մանուկյանը գրեթե ամեն օր այցելում է Թալին, որպեսզի իր նախընտրած թեկնածուի դիրքերն ամրապնդի: Մեր աղբյուրների փոխանցմամբ, օրերս էլ պատգամավորը Թալինում հավաքել է մի քանի գյուղապետերի եւ ուժային կառույցների ղեկավարների ու հորդորել, որ իրենց թալինցի հարազատների ու բարեկամների վրա լավ աշխատեն եւ ամեն ինչ անեն, որպեսզի Մ. Մնացականյանը չընտրվի:
Պարզվում է, այս անգամ Խ. Մանուկյանին «թիկունք» է դարձրել նրա կուսակից ընկերը՝ ՀՀԿ Թալինի տարածքային կառույցի ղեկավար Ժորա Գրիգորյանը: Նա, ըստ մեզ հասած լուրերի, որոշել է, որ այս ընտրություններում Թալինի հանրապետականները սատարելու են Մ. Մնացականյանին: Ժ. Գրիգորյանն այս առնչությամբ չցանկացավ մեզ որեւէ պարզաբանում տալ:
Ժ. Գրիգորյանի որոշման հետ կապված՝ քաղաքապետի թեկնածու Գուրգեն Գրիգորյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Նման լուրեր բազմիցս լսել եմ: Ժորա Գրիգորյանից պահանջել եմ տրամադրել իրենց կայացրած որոշման քաղվածքը, բայց նա պատասխանել է, որ աջակցությունը բանավոր է եղել: Ժորան իմ ազգականն է ու մենք լավ հարաբերությունների մեջ ենք, թե ինչու է նման քայլ արել՝ չեմ կարող պատասխանել»: Երբ թեկնածուին հարցրինք, արդյո՞ք Խաչիկ Մանուկյանի աջակցությունը հակառակ արդյունքը չի տա, քանի որ նա Թալինում այնքան էլ հեղինակություն չի վայելում, Գ. Գրիգորյանը նշեց. «Խաչիկ Մանուկյանին լավ էլ սիրում են: Նա քիչ բան չի արել թալինցիների համար, կարող եմ նույնիսկ ասել, որ գերագույն խնդիրներ է լուծել»: Թալինի հրապարակում հավաքված բնակիչներից փորձեցինք ճշտել, թե Խ. Մանուկյանը ինչպիսի գերագույն խնդիրներ է լուծել: Մեր հարցը մի քանի թալինցիների հունից հանեց: Նրանց ներկայացմամբ՝ երկու թեկնածուներից ոչ մեկն էլ ժողովրդի մասին չի մտածել. «Ոչ մի բան էլ Թալինի համար չեն արել եւ երբեւէ չեմ լսել, որ Խաչիկը մի օր կանգնի ժողովրդի մեջ ու նրանց դարդ ու ցավից խոսի: Գիտենք, որ պատգամավոր ունենք, բայց թե ով է՝ չենք ճանաչում, միայն նկարով ենք տեսել: Ով էլ ընտրվի քաղաքապետ՝ մեզ համար միեւնույն է, քանի որ էլի պատերի տակ անգործ նստող մարդիկ ենք մնալու եւ ոչինչ չի փոխվելու»,- ասաց թալինցի Միքայել Դավթյանը:
Մեկ այլ բնակչի՝ Վազգեն Հակոբյանի խոսքերով էլ. «Թալինի համար ոչ մեկը չի մտածում: Արդեն 17 տարի քաղաքում քարը քարին չի դրվել: Ոչ մի պատգամավոր մեզ օգուտ չի տվել, քաղաքապետն էլ լավ չի աշխատել, միայն գրպանի համար են մտածում»: Թալինցիները հիասթափված են նաեւ գործող քաղաքապետից, քանի որ մինչ այդ նա, բնակիչների ներկայացմամբ, «ընդդիմություն է խաղացել», այդ պատճառով ժողովուրդը նրան հավատացել է, սակայն երբ նախագահական ընտրությունների ժամանակ ղեկավարել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը, թալինցիները հասկացել են, որ Մ. Մնացականյանն էլ իրենց հույսերը չի արդարացնում: Այս առնչությամբ պարոն Մնացականյանը նշեց. «Չեմ թաքցնում՝ եղել եմ շտաբի պետ ու դրա համար չեմ փոշմանել, լավ եմ արել»: Իսկ մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ հանրապետական Խաչիկ Մանուկյանը վերեւների հետ արդեն պայմանավորվել է եւ նրա նախընտրած թեկնածուն է անցնելու, ասաց. «Նրան գործոն չեմ դիտում, այդ քայլն ավելի շատ անձնական ամբիցիա է, քան այլ բան: Ես նրա հետ պատգամավորության թեկնածու եմ եղել, թալինցիները նրան չեն ընտրել ու հիմա եկել է, որ հին հաշիվները մաքրի»:
Թալինում տիրող ոչ ընտրական հանգիստ մթնոլորտը վկայում էր, որ թեկնածուներին ավելի շատ հուզում է «վերեւների» աջակցությունը, քան ժողովրդի քվեն: Դրա ապացույցն այն է, որ մինչ այժմ թեկնածուներից ոչ մեկը հրապարակային հանդիպում չի ունեցել ընտրողների հետ եւ նախընտրական ծրագիր չի ներկայացրել: Տեղեկացանք, որ Մ. Մնացականյանն այսօր է որոշել հանդիպել ընտրազանգվածի հետ:
Իսկ Գ. Գրիգորյանը նման մտադրություն ընդհանրապես չունի:
Նախօրեին Թալին մեր այցելության ժամանակ Մ. Մնացականյանին գտանք քաղաքապետարանի իր աշխատասենյակում: Ընտրական օրենսգրքի համաձայն, պարոն Մնացականյանը պետք է գտնվեր արձակուրդի մեջ: