Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՔՆՆԱԴԱՏԵԼԸ ՀԵՇՏ ԳՈՐԾ ՉԷ

Հոկտեմբեր 24,2008 00:00

Հոկտեմբերի 21-ին խորհրդարանում «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունների երկարաձգման քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ելույթում հիշեցրեց հայտնի ճշմարտությունը, թե ով ուզում է աշխատել՝ աշխատում է, ով չի կարողանում աշխատել՝ դասավանդում է, ով ո՛չ այն է կարողանում անել, ո՛չ էլ այն՝ քննադատում է: Եվ այս նախաբանով հակադարձեց «Ժառանգության» պատգամավորների ելույթներին, թե «Մարտի 1»-ի հանձնաժողովի աշխատանքներին չեն մասնակցում, բայց քննադատում են, որի իրավունքն այդ դեպքում չունեն:

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը, որը նաեւ այդ հանձնաժողովի անդամ է՝ Արմեն Աշոտյանի այս դիտարկումների կապակցությամբ երեկ «Առավոտին» հայտնեց. «Եթե մեր գործընկերները կամ հասարակության առանձին ներկայացուցիչներ կարծում են, թե քննադատելը շատ հեշտ գործ է, ապա առաջարկում եմ խորհել հետեւյալ հարցերի շուրջ. մարդ ինչպե՞ս կարող է քննադատել այն գործունեությունը, որ ինքն է անում: Այսինքն՝ կարո՞ղ ես քննադատել մեկին մի գործողության համար, որ ինքդ էլ ես իրականացնում: Կամ՝ կարո՞ղ ես քննադատել մեկին մի բարոյականության համար, որի կրողն ինքդ էլ ես: Եվ վերջապես՝ կարո՞ղ ես քննադատել մեկին արժեքային մի համակարգ ունենալու համար, որն ինքդ էլ ես կրում: Այսինքն՝ ասելիքս այն է, որ քննադատելու համար դու առնվազն չպիտի ունենաս նույն բարոյականությունը եւ արժեքային համակարգը եւ չկատարես նույն գործողությունները՝ նույն ալան-թալանը, կաշառակերությունը եւ այլն: Այդ ամենը չես կարող անել եւ հասարակությանը ներկայանալ քննադատությամբ: Այնպես որ, քննադատելը բոլորովին էլ հեշտ բան չէ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել