Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ չի գտնվում զենքը, որից կրակել են»

Հոկտեմբեր 24,2008 00:00

Բացատրելով, որ մարտի 1-ի որոշ զոհերի մարմիններից հանվել են գնդակներ, հարցնում է հանձնաժողովի անդամ Արտյուշա Շահբազյանը:

– Մարտի 1-2-ի դեպքերի եւ դրանց պատճառների ուսումնասիրման հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց, թե կարող էիք հենց հոկտեմբերի 25-ին ներկայացնել եզրակացությունը եւ դրանով բավարարվել, բայց քանի դեռ բացահայտված չեն զոհերի մահվան հանգամանքները, ճիշտ կլինի, որ հանձնաժողովը շարունակի աշխատել։ Արդյոք կարծո՞ւմ եք, որ մինչեւ փետրվար կկարողանաք մահվան հանգամանքների իրական պատճառները գտնել, ներկայացնել հանրությանը:

– Մենք նախաքննական մարմին չենք, չենք կարող նախաքննություն կամ հետաքննություն իրականացնել եւ պարզել մահվան հանգամանքները: Հասկանում ենք, որ մեր եզրակացության մեջ դա հիմնական մեխերից մեկը պիտի լինի: Բայց մենք չենք այն մարմինը, որը պիտի բացահայտի մահվան հանգամանքները: Այլ խնդիր, որ երբ իրավապահներն իրենց վերջնական եզրակացությունը տան, մենք մեր գնահատումը կանենք: Մենք հասկանում ենք, որ հետաձգելը լավ տարբերակ չէ, որքան շուտ՝ այնքան ավելի հեշտ մտահոգությունները կփարատվեն, բայց եթե հետաձգվում է, ավելի մեծանում է հնարավորությունը, որ շատ խնդիրներ իրենց պատասխանները կգտնեն: Մանավանդ, հիմա դատավարություններ են ընթանում, որոնցից շատերը վերջնական եզրափակման կհասնեն եւ շատ հարցեր պարզ կդառնան: Այն, ինչ ասվի, մենք չպետք է ընդունենք որպես վերջնական ճշմարտություն, բայց, ունենալով եզրակացությունները՝ կապված զոհերի մահվան հանգամանքների հետ, կարող ենք մեր եզրակացությունն անել: Կոնկրետ՝ եթե մահացածի մարմնում գտնված է գնդակ, ինչո՞ւ չի գտնվում զենքը, որից կրակել են: Կամ՝ երեք անձ սպանվել է հատուկ միջոցների կիրառումից, ի՞նչ հրահանգ է տրվել, ինչպե՞ս են սպանվել, ովքե՞ր են պատասխանատուները, չէ՞ որ այդ հատուկ միջոցներից շատ սահմանափակ մարդկանց խումբ է ունեցել, ինչպե՞ս է, որ չի բացահայտվում՝ ով է արել:

– Սամվել Նիկոյանն օրերս մեղադրեց առաջին եւ երկրորդ նախագահներին՝ մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ: Նշանակո՞ւմ է սա, որ կփորձեք հրավիրել նրանց հանձնաժողով եւ հարցեր ուղղել: Եվ եթե հրավիրեք՝ կգա՞ն:

– Դեռ չենք հրավիրել, որովհետեւ մտել ենք ուսումնասիրման գործընթացի մեջ, ամբողջական պատկերը դեռ չունենք, եւ շա՛տ տրամաբանական է, որ կհասնենք հրավիրելուն, երբ պատկերը կունենանք: Եվ, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին հարցեր կտանք ե՛ւ առավոտյան ժամը 7-ի, ե՛ւ գիշերվա ժամը 12-ի դեպքերի հետ կապված: Պարոն Նիկոյանի մտահոգությունը կիսում եմ, որ անհրաժեշտություն կլինի երկու նախկին նախագահները որոշ բացատրություններ տան:

– Դուք ասացիք, թե ձեր հանձնաժողովը նախաքննական մարմին չէ, բայց երբ հանձնաժողով էին եկել «Ա1+»-ի օպերատորը եւ նախագահը, ԱԺՄ-ի եւ «Ազգային միաբանության» ներկայացուցիչները, այնպիսի հարցեր էին տալիս, որը նման էր քննիչի հարցերի՝ արյունը տա՞ք էր, ձեռք տվեցի՞ր արյանը՝ համոզվելու համար, որ դա իսկապես արյուն է:

– Քանի որ մեր հանձնաժողովը քաղաքական է, կարելի է նաեւ հասկանալ, երբ մարդիկ ուղղակի հարցեր են առաջադրում, որոնք հանձնաժողովի ֆունկցիաների մեջ չեն մտնում, իսկապես ինքս էլ այդ պահին իմ անհամաձայնություններն ունեցա: Նաեւ եղան մի քանի հարցեր, որ տրվեցին «Ա1+»-ի նախագահին, բոլորովին տեղին չէին, եւ դրանց պատասխաններն, իմ կարծիքով, չէին կարող խնդրի լուսաբանման հարցում օգտակար լինել: Չեմ կարող հանձնաժողովի անդամին հարցնել, թե ինչու այս կամ այն հարցը տվեցիր, որովհետեւ չեմ կարող ասել, թե ինչ էր իր մտքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել