Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ» ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ՉԿԱՆ

Հոկտեմբեր 24,2008 00:00

Բայց դրանք, ըստ էության, կրկնում են ԼՂ հակամարտության լուծման համար ավելի վաղ առաջարկված «պրահյան» անվանված

սկզբունքների առանցքային դրույթները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն ու դրա շուրջ ընթացող բանակցությունները Հայաստանում էլի դարձել են քննարկման թիվ մեկ առարկան, դրա շուրջ կրկին «կլոր սեղաններ» եւ նույնիսկ փակ քննարկումներ են ընթանում: Խնդրի կարեւորությունը հոկտեմբերի 17-ի հանրահավաքում ընդգծել է նաեւ Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հայտարարելով հանրահավաքային երկամսյա դադար՝ ԼՂ հիմնախնդրի լուծման համատեքստում գործող իշխանությունների վրա արտաքին հավելյալ ճնշումները բացառելու նպատակով: Իշխանական կոալիցիայի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները նախընտրում են մեղմացնել այդ հարցի օրակարգային լինելն ու ՀՀ-ի համար առկա վտանգների մասին չխոսել, բայցեւ հայտարարում են, օրինակ՝ ի դեմս ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովի, թե՝ հիմա պետության շահերը պահանջում են, որ քաղաքական բոլոր ուժերը մի կողմ դնեն իրենց գաղափարական եւ կուսակցական շահերն ու միասնաբար գործեն երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի դիտարկմամբ, միայն այն, որ վերջին օրերին շատ երկրների եւ միջազգային կառույցների խիստ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելում են Հայաստան, երկրի ղեկավարի հետ քննարկում են ԼՂ հիմնախնդիրը, հուշում է, որ ղարաբաղյան հակամարտությունը շուտափույթ լուծման հանգրվանում է: Իսկ ԱԺ նախկին նախագահն էլ, որ իր ասելով` մշտապես եւ ի պաշտոնե տեղյակ է եղել բանակցությունների մասին, երեկ կարծիք է հայտնել, թե առայժմ գոյություն չունի որեւէ փաստաթուղթ կամ փաստաթղթի նախագիծ, որը համապարփակ է, եւ վստահեցրել է, որ առաջիկայում խնդրի կարգավորման հարցում էական տեղաշարժ չի լինելու:

Այդուհանդերձ, ընդդիմադիր ուժերը այլ կարծիքի են: «Երկու ամիս հետո Հայաստանում լրիվ այլ վիճակ է լինելու բոլոր դեպքերում էլ՝ ԼՂ հարցի լուծման պարագայում էլ, չլուծման դեպքում էլ: Եթե լուծվելու է կամ լուծման նախադրյալներ են լինելու երկու ամսից, ապա իմ տեսակետն այն է, որ Հայաստանում եւ տարածաշրջանում կարող է ստեղծվել աղետալի վիճակ: Մտավախություն ունեմ, որ ՀՀ-ին պարտադրվելու է տարբերակ, որը չի բխելու մեր պետական շահերից, հետեւաբար՝ նաեւ ՀԱԿ-ը պետք է պատրաստ լինի դիմագրավելու այդ մարտահրավերին»,- նախորդ օրը «Առավոտին» ասել էր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը: Նա համարում է, որ այս վտանգը կարելի է հաղթահարել միայն Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակով՝ լուծարել ԱԺ-ն, նոր ընտրություններից հետո խորհրդարանում ուժերի նոր հարաբերակցության պայմաններում ճանաչել ԼՂ անկախությունը: Հակառակ դեպքում, ըստ մեր զրուցակցի, եթե ՀՀ-ին պարտադրվի ստորագրել ոչ հայանպաստ որեւէ որոշում, չի բացառվում, որ Հայաստանում անգամ քաղաքացիական պատերազմ լինի, «որը կարող են նախաձեռնել կամ հրահրել մարգինալ որոշ ուժեր, այդ թվում՝ իշխանական որոշ շրջանակներ, որոնք այդ որոշման հետ չեն համաձայնի եւ կփորձեն ապակայունացնել իրավիճակը»:

Ուստի՝ ընդդիմադիր այս գործիչը ՀՀ գործող նախագահից կամ նրա ներկայացուցչից պահանջում է հրապարակել «մադրիդյան սկզբունքները», որոնք, ըստ Սերժ Սարգսյանի, գաղտնիք չեն եւ, իբր, տեղադրված են ինտերնետում, եւ դրանց շուրջ ծավալել հասարակական քննարկումներ:

Lավատեղյակ աղբյուրների ասելով՝ խնդրի կարգավորման «մադրիդյան սկզբունքները», որոնք ներկայացվել են անցյալ տարվա նոյեմբերին Մադրիդում, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ` «Հակամարտության խաղաղ կարգավորման արդարացի եւ հավասարակշռված հիմնարար սկզբունքներ» անվամբ, նոր չեն եւ, ըստ էության, պրահյան սկզբունքների կրկնությունն են: Այն է՝ հայկական ուժերի ետ քաշում ԼՂ շուրջ ստեղծված անվտանգության գոտի հանդիսացող եւ այդ ուժերի կողմից վերահսկվող տարածքներից՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի եւ Զանգելանի, մասամբ նաեւ՝ Լաչինի եւ Քելբաջարի շրջաններից, հակամարտության շփման գոտում միջազգային խաղաղարարների տեղակայում՝ որպես ԼՂ ազգաբնակչության անվտանգության միջազգային երաշխավորի, ադրբեջանցի փախստականների վերադարձ, իսկ հետագայում նաեւ ԼՂ բնակչության կողմից Ղարաբաղի կարգավիճակը ճշգրտելու համար հանրաքվե անցկացնելու հնարավորություն: Հիշեցնենք, որ այս տարբերակը 2006թ.-ի հունիսի 22-ին բացահայտել էին հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որին ի պատասխան` ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հանդես էր եկել պարզաբանմամբ եւ, իբր, մեզ մխիթարել, թե «Լաչինի հարցում սկզբունքների շուրջ բուն բանակցային տեքստի հստակ ձեւակերպումն այն է, որ լինելու է ԼՂ-ն ՀՀ-ին կապող միջանցք: Հայաստանի համար շատ հստակ է, որ այդ միջանցքը պետք է ունենա Լեռնային Ղարաբաղի հետ նույն կարգավիճակը: Երկրորդ մակարդակը վերաբերում է Քելբաջարին: Հայաստանի համար սա նույնպես հստակ է՝ ելնելով անվտանգության մտահոգություններից, Քելբաջարը կարող է վերադարձվել միայն հանրաքվե անցկացնելուց եւ ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումից հետո»:

Ահավասիկ սրանք են, ըստ մեր աղբյուրի, «մադրիդյան» այն սկզբունքները, որոնց հիման վրա, համաձայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության, Հայաստանը համաձայն է շարունակել բանակցությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել