Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԱՐՏՔԸ ՏԱԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

Հոկտեմբեր 23,2008 00:00

Խորհրդարանը երեկ քննարկեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Քննարկումներից հասկանալի էր, որ պաշտպանության նախարարը, փոխնախարարները այլեւս պարտադիր չէ, որ լինեն զինվորականներ, կարող են լինել նաեւ քաղաքացիական անձինք, իսկ բանակի թիվ մեկ պաշտոնյան լինելու է ոչ թե նախարարը, այլ՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չհերքեց սա եւ հավելեց. «Նշված է, որ ամենաբարձր զինվորական պաշտոնյան լինելու է շտաբի պետը, բայց փոխնախարարների պաշտոնների՝ քաղաքացիական դարձնելն այս օրենքում չի երեւում, դա երեւալու է հաստիքապաշտոնային կառուցվածքում: Զինված ուժերի կառուցվածքը հաստատելու է ՀՀ նախագահը, իսկ պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատվելու է կառավարությունում»:

Իր խոսքում նախարարը նշեց, որ մի քանի տարի հետո մեր երկիրը եւս անցնելու է պրոֆեսիոնալ բանակի: Լրագրողների հարցերին պատասխանելով՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Պայմանագրային բանակն էապես տարբերվում է ժամկետային ծառայության բանակից, մեր բանակում ե՛ւ պայմանագրային ծառայողներ կան, ե՛ւ ժամկետային: Պրոֆեսիոնալ բանակի անցումը մեր բարեփոխումների ծրագրի հիմնական ուղղություններից մեկն է, որ ոչ թե այսօր է սկսվել, այլ՝ վաղուց»:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է, որ «Զինապարտության մասին» օրենքը փոխվելու է այնպես, որ 18 տարին լրացած բոլոր տղաները պետք է մեկնեն պարտադիր ծառայության: Ի պատասխան նախարարն ասաց. «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իր պարտքը պետք է տա եւ պետք է ծառայի հայրենիքին: Իհարկե, առաջարկություններ եղել են ե՛ւ մեր, ե՛ւ կրթության նախարարության կողմից: Կարծում եմ, մեր կողմից ճիշտ է այն առումով, որ բոլորը հավասարաչափ իրենց պարտքը կտան հայրենիքի համար, կրթության նախարարության առումով էլ ճիշտ է, որ կրթությունը կշահի, չեն փորձի կրթության տարբեր ատյաններում սովորելու պատճառով խուսափել զինծառայությունից»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել