Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԴԺԳՈՀ ԵՆ՝ ԹՈՂ ՀՐԱԺԱՐՎԵՆ

Հոկտեմբեր 23,2008 00:00

«Super System» արբանյակային ալեհավաքի գովազդում ասվում է, որ օրվա մեջ 24 ժամ հեռուստադիտողը կարող է դիտել ողջ աշխարհի բազմաժանր ու լավագույն հեռուստաալիքները: Երբ այցելում ես Չարենցի փողոցում գտնվող նրանց գրասենյակ, աշխատակիցները եւս պատմում են «Super System»-ի «բացառիկ» հնարավորությունների մասին եւ հավաստիացնում, որ իրենց համակարգը ոչ միայն որակով, այլեւ մատչելի գներով Հայաստանում եզակի է: Իրականում պատկերն այլ է: Վերջին մի քանի ամսվա ընթացքում «Super System»-ի սեփականատերերը, առանց բաժանորդներին զգուշացնելու, իբրեւ թե տեխնիկական վերազինման նպատակով, իրենց ուզած պահին անջատում են բոլոր ալիքները, իսկ 10 օր անց նորից միացնում են, սակայն, բաժանորդների խոսքերով, նախորդ ալիքների փոխարեն ստիպված են լինում դիտել բոլորովին նոր հեռուստաալիքներ: Վերջին 1-2 ամսվա ընթացքում «Super System»-ի բաժանորդները զրկվել են ռուսական եւ եվրոպական մի քանի հանրահայտ հեռուստաալիքներից, իսկ դրանց փոխարեն ստիպված են դիտել մուլտֆիլմեր ու արաբական պետությունների գովազդն անող 1 տասնյակից ավելի ալիքներ: Անկախ այն բանից, «Super System»-ը քանի ալիք է ցուցադրում՝ բաժանորդը պետք է վճարի ամսական 10 հազար դրամ:

«Առավոտին» դիմած բաժանորդների հավաստմամբ, թույլ ազդանշանի պատճառով, եղած հեռուստաալիքներն էլ շատ անորակ են եւ մի հաղորդման ընթացքում անջատվում ու միանում են բազմաթիվ անգամ:

Այս առնչությամբ «Առավոտը» փորձեց պարզաբանում ստանալ «Super System» ընկերությունից: Աշխատակիցներից մեկն ասաց, որ տնօրենը խնդրել է մեզ փոխանցել հետեւյալը. «Մենք իրավասու ենք ալիքները ժամանակ առ ժամանակ փոխելու, հնարավոր չէ մշտապես նույն ալիքների ցանկը օգտագործել: Իսկ եթե բաժանորդը բողոք ունի, ուրեմն դա հենց բաժանորդի ու գրասենյակի խոսակցությունն է, ոչ թե թերթի: Ես իրավասու չեմ այլ բան ասելու, եթե տնօրենը այլ պատասխան կուզենա տալ, թող զանգի՝ ասի»: Բացի այդ, «Super System»-ի աշխատակիցն ասաց, որ իրենցից դժգոհ բաժանորդները կարող են պարզապես խզել պայմանագիրը:

Մեր տեղեկություններով, «Super System»-ը զրկվել է ռուսական եւ եվրոպական մի քանի հանրահայտ հեռուստաալիքներ ցուցադրելու լիցենզիայից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել