Հայ առաքելական սուրբ եկեղեցու վիրահայոց թեմը՝ ավելի քան 400 000 վրաստանաբնակ հայության անունից, իր մտահոգությունն ու վրդովմունքն է արտահայտում՝ Վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների կողմից Թբիլիսիի Սուրբ Նորաշեն հայկական եկեղեցու եւ նրա հարակից տարածքի դեմ կատարվող նոր ոտնձգությունների առնչությամբ:
Ինչպես հաղորդել են Հայ առաքելական սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի մամլո դիվանից, Սուրբ Նորաշեն հայոց եկեղեցին կառուցվել է 15-րդ դարի կեսերին՝ որպես Հայ առաքելական սուրբ եկեղեցի, եւ ի սկզբանե գտնվել է վիրահայոց թեմի կազմում: 20-րդ դարի 30-ական թվականներին եկեղեցին, այլ կրոնական կառույցների հետ մեկտեղ, փակվել է հոգեւոր գործունեության համար եւ օգտագործվել որպես գրապահոց: Ավաղ, Վրաստանի պետական անկախության վերականգնումից հետո վրացական իշխանությունը չվերադարձրեց եկեղեցին իր օրինական, պատմական տիրոջը:
Սույն թվականի մայիս ամսին վրաց ուղղափառ եկեղեցու հոգեւոր սպասավոր Տարիել քահանա Սիկինչելաշվիլին եւ նրան ենթարկվող բանվորների խումբը Սուրբ Նորաշեն հայկական եկեղեցին եւ նրա հարակից տարածքը պարսպապատելու նպատակով սկսեցին կառուցել մետաղյա պարիսպ՝ ներառելով վրաց ուղղափառ եկեղեցուն բնորոշ կրոնական տարրեր: Եվս մեկ հայկական եկեղեցու պլանավորված գրավման փորձի կապակցությամբ վիրահայոց թեմն արտահայտել է իր մտահոգությունն ու վրդովմունքը եւ այն որակել որպես վրացական կողմի հետ պայմանավորվածության խախտում, որը ձեռք է բերվել Հայ առաքելական սուրբ եկեղեցու եւ վրաց ուղղափար եկեղեցու միջեւ՝ Սուրբ Նորաշեն եւ Թբիլիսիի մյուս չորս՝ Սուրբ Նշան, Շամխորեցոց Կարմիր Ավետարան Սուրբ Աստվածածին, Երեւանցոց Սուրբ Մինաս, Մուղնեցոց Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցիները վիրահայոց թեմին վերադարձնելու հարցի քաղաքակիրթ լուծման շրջանակներում:
Վերը նշված փաստը դժգոհության ալիք բարձրացրեց վիրահայոց թեմի հավատացյալների շրջանում, եւ սույն թվականի մայիս ամսին դրությունը սպառնում էր վերաճել միջկրոնական ընդհարման՝ երկու եղբայրական քրիստոնյա ժողովուրդների միջեւ: Վիրահայոց թեմը ստեղծված իրավիճակի մասին գրավոր տեղեկացրեց Վրաստանում համապատասխան պետական կառույցներին, ինչպես նաեւ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներին: Սույն անօրինական եւ անպատժելի գործողությունը վիրահայոց թեմի հավատացյալների կողմից դիտվեց որպես Վրաստանում կրոնի ազատության եւ կրոնական հավասար իրավունքների սահմանադրական իրավունքների ոտնահարում:
Թբիլիսիի քաղաքապետարանը պատրիարքարանի հետ որոշում կայացրեց քանդել անօրինական պարիսպը, սակայն այդպես էլ չիրականացրեց իր որոշումը, պատճառաբանելով, որ դրան խոչընդոտում է հայր Տարիելը: Այն տպավորությունն է ստեղծվում, որ Տարիել քահանան ավելի հզոր է, քան Վրաստանի պետական եւ հոգեւոր բարձրագույն իշխանությունը:
Վերջին օրերին վրաց քահանա Տարիել Սիկինչելաշվիլին շարունակում է Թբիլիսիի Սուրբ Նորաշեն հայկական եկեղեցու (չգործող) ապօրինի պարսպապատումը: Վիրահայոց թեմը Վրաստանի պետական մարմիններին, քաղաքային իշխանություններին ու վրաց պատրիարքարանին պաշտոնապես տեղեկացրել է Տարիել քահանայի կողմից հայկական կրոնական ժառանգության նոր զավթման մասին: Ովքեր, ավաղ, մի քանի օրերի ընթացքում չխոչընդոտեցին Թբիլիսիի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցու դեմ նոր ոտնձգությունների իրականացմանը: