Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ

Հոկտեմբեր 23,2008 00:00

Անանդը մեծացնում է առավելությունը

\"\"Գերմանիայի Բոնն քաղաքում շախմատի աշխարհի թագի համար Վիշվանաթան Անանդի եւ Վլադիմիր Կրամնիկի միջեւ մրցամարտում հնդիկ գրոսմայստերի առավելությունն առայժմ բացահայտ է:

Խաղացված վեց պարտիաներից հետո Անանդն առջեւում է 4,5:1,5 հաշվով: Նա տարել է երեք հաղթանակ, որից երկուսը՝ սեւ խաղաքարերով, եւ նույնքան պարտիա էլ ավարտել է ոչ-ոքի: Երեկ կանոնակարգով նախատեսված երրորդ հանգստի օրն էր: Ռուսաստանցի Կրամնիկն իր մարտավկաներ Պետեր Լեկոյի, Անդրեյ \"\"Ռուբլյովսկու եւ Լորան Ֆրեսինեի հետ կկարողանա՞ հակախաղ գտնել եւ մնացած վեց պարտիաներում շտկել արդեն անհուսալիի տպավորություն թողնող իրավիճակը: Մրցապայքարը լուսաբանող մեկնաբանները, որոնք, որպես կանոն, միջազգային գրոսմայստերներ են, չեն շտապում եզրակացություններ անել: Իսկ նրանց մի մասը, լավ ճանաչելով Վլադիմիր Կրամնիկին, հույս ունի, որ իսկական, տղամարդկային պայքարը նոր է սկսվելու: Այսօր աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդները խաղատախտակի առջեւ նստելու են յոթերորդ անգամ, եւ սպիտակներով խաղալու է Վիշվանաթան Անանդը:

Հիշեցնենք, որ մրցանակային ֆոնդը 1,5 միլիոն եվրո է:

Փոփոխակի հաջողություններ

Կալիթեայում շարունակվում են շախմատի Եվրոպայի տղամարդկանց 24-րդ եւ կանանց 13-րդ ակումբային առաջնությունները, որտեղ մեր հանրապետության տղամարդկանց երեք եւ կանանց մեկ թիմերը փոփոխակի հաջողություններով են հանդես գալիս: Չորրորդ տուրում Հայաստանի բոլոր ակումբներն առավելության հասան մրցակիցների նկատմամբ, սակայն հաջորդ օրը՝ 5-րդում, տղամարդկանց «ՄԻԿԱ»-ն 2,5:3,5 հաշվով զիջեց «Բադեն-Բադենին», «Բանկային Արքան» նույնպիսի հաշվով պարտվեց «Մյուհելհեյմ Նորդին», իսկ կանանց «ՄԻԿԱ Երեւանը» պարտվեց «Կոտնարի Պոլիտեխնիկային»՝ 1,5:2,5: Եվ միայն երիտասարդներով համալրված ՖԻՄԱ-ն առավելության հասավ «Մենդրիսիոյի» նկատմամբ՝ մրցաշարային աղյուսակում որոշ չափով բարելավելով դիրքերը:

Հինգ տուրից հետո տղամարդկանց պայքարում «ՄԻԿԱ»-ն 8 թիմային միավորով 11-րդ տեղում է, «Բանկային Արքան» 6 միավորով 16-րդն է, իսկ ՖԻՄԱ-ն՝ 21-րդը՝ 6 միավորով: Ինչ վերաբերում է կանանց «ՄԻԿԱ Երեւանին», կրած պարտությունից հետո ակումբը երկու աստիճան նահանջեց՝ հանգրվանելով 10-րդ հորիզոնականում:

Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանող շախմատիստներից բոլորից հաջող հանդես է գալիս «Բանկային Արքայի» կազմում պայքարող Արտաշես Մինասյանը, որը մասնակցել է բոլոր տուրերին եւ ցույց տվել հարյուր տոկոսանոց արդյունք:

Պայքարում են պատանիները

Վիետնամում մեկնարկած շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում (տղաների եւ աղջիկների 8-18 տարեկաններ) Հայաստանից հանդես է գալիս 15 շախմատիստ: Երկու տուրերում նրանցից երեքն են (տղաներ) միայն հաղթանակներ տոնել: Նրանք են.

10 տարեկաններ. Մանվել Պետրոսյան:

12 տարեկաններ. Տիգրան Հարությունյան:

16 տարեկաններ. Հովհաննես Պետրոսյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել