Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԱԲԼԵԻՆ Է՞Լ ԱԲԳԱՐԻ ՁԵՌՔԸ ՏԱՆՔ»

Հոկտեմբեր 23,2008 00:00

Գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը չի արդարացնում Դավիթ Հովհաննեսի որոշ «անբարո» ստեղծագործությունները քննադատող Աբգար Ափինյանին:

«Հայելի» ակումբը երեկ հյուրընկալել էր արձակագիր, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանին եւ գրականագետ, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանին: Թեման՝ Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) հետ կապված վերջին իրադարձություններն էին՝ «Նոր դար» ընկերության ղեկավար Աբգար Ափինյանի եւ Ալեքսանդր Ղումաշյանի՝ ՀԳՄ-ից հեռացվելը, Դավիթ Հովհաննեսի պետական մրցանակը շահարկելը եւ այլն:

Ռուբեն Հովսեփյանը խոսքը սկսեց Գաբրիել Գարսիա Մարկեսի «Խանձված տերեւներից» հայտնի կոլումբիական գավառական քաղաքի մասին պատմությամբ. բոլորը հաշտուխաղաղ ապրում են՝ մինչեւ մի օր քաղաքի շենքերից մեկի պատի վրա թռուցիկ է փակցվում, որը վերաբերում է դատախազի կնոջ անառակ լինելուն, հետո նման բովանդակությամբ թռուցիկները տարբեր «երեւելիների» մասին գնալով ավելանում են, ու ողջ քաղաքը վերջապես իրար է խառնվում: «Ես սա պատմեցի նրա համար, որ լրագրողներդ չխրախուսեք նման սկանդալային պատմությունները, անկախ նրանից՝ ճի՞շտ են դրանք, թե՞ ոչ: Մենք շատ ավելի կարեւոր հարցեր ունենք քննարկելու՝ գրական, մշակութային, քաղաքական… Այսօր ոչ թե էական է այն՝ Աբգար Ափինյանն ինչ է ասում Դավիթ Հովհաննեսի կամ Լեւոն Անանյանի մասին, այլ՝ ինչպես բարեփոխել ստալինյան անվանվող ՀԳՄ-ն… Ես այն տարիքում եմ, որ ամենաշատը ի՛նձ պետք չէ Գրողների միությունը, բայց ես միշտ պաշտպանել եմ այդ կառույցը, որովհետեւ նորի նախագիծ դեռ չեմ տեսել»,- հայտարարեց պարոն Հովսեփյանը, իսկ Աբգար Ափինյանին խորհուրդ տվեց չկարդալ Դավիթ Հովհաննեսի գրածները, եթե իրեն այդքան դուր չեն գալիս:

Ալ. Թոփչյանը հավելեց, որ դեմ է նման խնդիրների մասսայականացմանը, խոսեց այն մասին, թե ինչպես են փորձում ստեղծագործական միություններն ավերել. «Անկախությունից հետո մի մութ ուժ ժողովրդի աչքին փորձում է արատավորել, վարկաբեկել, քայքայել բոլոր այն հաստատությունները, որոնք հոգեկան նեցուկ են ժողովրդին»: Նա նաեւ փոքրիկ «պատմական» էքսկուրս կատարեց Հրանտ Մաթեւոսյանի նախագահության տարիները. «Վանո Սիրադեղյանը պարաշյուտիստներով նախագահ իջեցրեց մեր գլխին՝ Հրանտ Մաթեւոսյանին, վարկաբեկելով պարկեշտ մարդուն, մեծ գրողին, որովհետեւ եթե թողնեին նորմալ ընտրություններ լինեին, ո՞վ դեմ կլիներ Հրանտին… Հիմա էլ հարձակումներ են գնում Լեւոնի (Անանյան) վրա, ախր, եթե Քրիստոսն էլ գա ԳՄ նախագահ, էլի դժգոհության ալիք է լինելու… ՀԳՄ-ում 400-ից ավելի գրող կա, որոնցից 300-ը գտնում է՝ եթե Նարեկացուց բարձր չէ, ապա առնվազն հավասար է, մնացած 100-ն էլ ասում է՝ այնքան հեռու չեմ Նարեկացուց»: Պարոն Թոփչյանը նշեց, որ ուրախ է Դավիթ Հովհաննեսի գրքի գրախոսը լինելու համար. «Վերջին տարիներին ահավոր է համատարած դաժանության եւ ավերների հանդեպ մեղսալի, անսիրտ լռությունը եւ գրողների մասնակցությունն այդ ավերներին… Դավիթը հազվագյուտ հեղինակներից է, որ ընդվզեց, խոսեց այդ մասին՝ տեղ-տեղ սահմանն անցնելով: Ես գրախոսության մեջ էլ եմ ասել՝ այն, ինչ խոսվում է, կարող է եւ գրվել, չկա բառ, որ թղթին դրվելու համար չլինի… Եթե, օրինակ, Բոկաչչոյին բնագրով կարդաք՝ կսոսկաք: Նույնը Ռաբլեին է վերաբերում՝ 128 տեսակի հայհոյանքներ է օգտագործել, միայն սեռական անդամի՝ 50 հոմանիշ… Հիմա ի՞նչ անենք՝ Ռաբլեին Աբգարի ձե՞ռքը տանք… Ցավում եմ Ափինյանի համար՝ կարող գրականագետ է, այդ պատմության մեջ Ռազմիկն էլ է հայտնվել Դավոյան: Ախր նրանք պիտի ճերմակ թղթի վրա ծախսեին իրենց եռանդը: Հասարակության եւ կոնկրետ ինձ համար Ռազմիկ Դավոյանն արժեքավոր է թղթին թողած իր ստեղծագործություններով, լավ կլիներ նա թույլ բանաստեղծություն գրեր, քան այսպիսի գործունեություն ծավալեր…»:

Ռ. Հովսեփյանն էլ հիշեց. «Երբ Հրանտ Մաթեւոսյանը եկավ ՀԳՄ նախագահ, հետը որպես օժիտ տրված էր Աբգար Ափինյանը: Հրանտը սկզբից գլխի չէր ընկել՝ ում հետ գործ ունի ու կազմակերպչական հարցերի մեջ չմտնելով՝ ամեն ինչ թողել էր Աբգարին: Վերջինս էլ միությունում այն աստիճանի գործունեություն էր ծավալել, որ Հրանտը, որի բերանից ոչ ոք հայհոյանք չի լսել, իմ ներկայությամբ հայհոյեց Աբգարին՝ ամենավերջին բառերով…»:

Ինչ վերաբերում է ժամանակին ՀԳՄ հարկի ներքո գործող «Նոր դարին», Ա. Թոփչյանի խոսքերով. «Դա յաթրջի խմողների միություն էր… Այդտեղից հիմնականում օղու հոտ էր գալիս»:

Բանախոսները երեկ համաձայնեցին լրագրողների հետ, որ այսօրվա խրթին ժամանակները առատ գրական նյութ են, սակայն համարժեք արտացոլում չունեն ժամանակակից գրողների ստեղծագործություններում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել