Հավանաբար՝ ՀՌԱՀ-ը տեսամագնիտոֆոն չունի
Ըստ «Ա1+»-ի ինտերնետային կայքի (16 հոկտեմբերի 2008 թ.)՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, պատասխանելով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նամակին, որով վերջինս հետաքրքրվել էր, թե հեռուստատեսությամբ հեռարձակվող գովազդն իր ծավալով եւ ռեժիմով որքանո՞վ է համապատասխանում «Գովազդի մասին» ՀՀ օրենքին, գրել է. «Վերջին 3 տարվա ընթացքում ՀՌԱՀ-ը խախտումներ չի արձանագրել եւ վարչական տույժեր չի կիրառել»:
«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այս պատասխանը, Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանն ասաց.
«Ճիշտն ասած, ես էլ վերջին երեք տարիներին Գրիգոր Ամալյանի ղեկավարած հանձնաժողովի գործունեություն չեմ արձանագրել (բացառությամբ ընդդեմ «ԳԱԼԱ» ՀԸ-ի պետական արշավին մասնակցելուց), բայց դա հո չի՞ նշանակում, թե այդ հանձնաժողովը չկա…
Իսկ ավելի լուրջ. «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի («Գովազդը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում») համաձայն՝
«1. Արգելվում է մինչեւ 10 րոպե տեւողությամբ ռադիոհաղորդումներում եւ մինչեւ 20 րոպե տեւողությամբ հեռուստահաղորդումներում մեկ անգամից ավելի գովազդային ընդհատումը (ընդմիջումը)։
2. Արգելվում է ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ՝ ավելի քան 20 րոպեն մեկ հաճախականությամբ եւ յուրաքանչյուր մեկ եթերային ժամի հաշվով 10 րոպեից ավելի տեւողությամբ»։
Ցանկացած հեռուստադիտող կփաստի, որ գովազդները շատ ավելի շատ են:
ՀՌԱՀ-ին կարող եմ հուշել հետեւյալը. կա մի սարք՝ տեսամագնիտոֆոն է կոչվում: Հարկավոր է ընդամենը այդ սարքով տեսագրել որեւէ հեռուստաընկերության եթերը, հետո այդ տեսագրությունը դիտել խրոնոմետրաժով եւ պարզել, պահպանվո՞ւմ են, արդյոք, օրենքի՝ վերը բերված դրույթները:
Ի դեպ, խորհուրդ կտամ պարզել նաեւ, թե պահպանվո՞ւմ է, արդյոք, «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածում 2002 թվականին կատարված լրացմամբ ավելացված 13-րդ կետի պահանջը. «Արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդումը լրատվական թողարկումների ընթացքում, դրանցից 20 րոպե առաջ եւ 20 րոպե հետո»:
Սակայն խախտվում են ոչ միայն «Գովազդի մասին» օրենքի, այլեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի շատ դրույթները:
Ահա միայն մեկ օր՝ հոկտեմբերի 18-ին ընդամենը մեկուկես ժամ Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիքի «Շաբաթ երեկո» հաղորդման ժամանակ իմ արձանագրած խախտումները.
1. Հաղորդման միջնամասում հայտարարվեցին դրա հովանավորների անունները: Սա «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի խախտում է:
2. Այնուհետեւ գովազդվեցին հովանավորների ապրանքները: Սա նույն հոդվածի խախտում է:
3. Դրանց հաջորդեց գովազդային ընդմիջումը, ինչը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի խախտում է:
Ահա ձեզ փաստեր. պատժեք Հանրային հեռուստատեսությանը»: