Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ոլորտը պետք է զարգանար դեռեւս 10 տարի առաջ»

Հոկտեմբեր 23,2008 00:00

Խոսելով լապարոսկոպիկ վիրաբուժության անհրաժեշտության մասին՝ ասում է վիրաբույժ Արմեն Մելիքյանը:

«Մալաթիա» բժշկական կենտրոնի վիրաբույժ, ԳԱԱ թղթակից անդամ, բժշկագիտության դոկտոր-պրոֆեսոր Արմեն Մելիքյանը, որը նաեւ ԱԺ պատգամավոր է, որպես Հայաստանում լապարոսկոպիկ վիրաբուժության հիմնադիր, ցանկանում է այս վիրաբուժության դպրոցի հիմքերը դնել մեր երկրում։ Նա արդեն արել է առաջին քայլերն այս ասպարեզում: Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Արա Դարզիից նվեր ստացած վիրտուալ համակարգչային տրենաժորը, որի օգնությամբ վիրաբույժները կարող են լապարոսկոպիկ վիրաբուժության ոլորտում փորձ ձեռք բերել, տրամադրել է Էնդոսկոպիկ վիրաբույժների ասոցիացիային։

Նշենք, որ լապարոսկոպիկ վիրաբուժությունն իրականացվում է տեսախցիկի միջոցով, որը փոքր կտրվածքի օգնությամբ մտցվում է որովայնի խոռոչ եւ էկրանին երեւում է այն: Հենց այդ ժամանակ էլ հատուկ գործիքների միջոցով վիրաբույժը կատարում է վիրահատությունը՝ նայելով էկրանին։ «Առավոտի» հետ զրույցում Արմեն Մելիքյանն ասաց, որ իր վիրահատական դպրոցում շեշտը դրվելու է պրակտիկ ուսուցման, ոչ թե կրթության վրա. «Արդեն 10 օր է՝ սարքն օգտագործվում է: Առաջին դասընթացը տեւել է 2 օր, մասնակցել է 8 բժիշկ, ամեն մեկը սարքի վրա աշխատել է 2 ժամ։ Դասընթացին մասնակցող բժիշկներից ոչ մեկը բավարար գնահատական չի ստացել։ Հաշվի առնելով վիրաբույժի գործողությունները, վիրահատության տեւողությունը, այդ ընթացքում առաջացած բարդություններից հնարավորինս շուտ ձերբազատվելը եւ այլ հանգամանքներ, տրենաժորը տալիս է վիրաբույժի գործողության օբյեկտիվ գնահատականը, այսինքն՝ թե բժիշկը ինչպես է կատարել վիրահատությունը»։ Ա. Մելիքյանն ասաց, որ այս տրենաժորը իրականացնում է նաեւ տարատեսակ մասնագիտական հմտությունների եւ ունակությունների մշակում, վիրաբույժների պատրաստվածության աստիճանի եւ առաջընթացի գնահատում, մասնագետների սերտիֆիկացում։ Չնայած դասընթացների արդյունքները գոհացուցիչ չեն, պարոն Մելիքյանը որոշել է գործն անպայման ավարտին հասցնել ու հայաստանյան երիտասարդ եւ միջին տարիքի վիրաբույժներին սովորեցնել լապարոսկոպիկ վիրաբուժության մեթոդները. «Ուղղակի ցավալի է՝ այս ոլորտը մեզ մոտ պետք է զարգանար դեռեւս 10 տարի առաջ, սակայն նոր է կայանում։ Ոլորտը ներդնելու ժամանակ մեծ դժվարությունների հանդիպեցինք. օրինակ՝ տեխնիկայի հարց կար, որն այն ժամանակ շատ թանկ էր։ Կային նաեւ սուբյեկտիվ դժվարություններ, որոնք կապված էին մի քանի բժիշկների վատ վերաբերմունքի հետ։ Նրանց կողմից հակաքարոզչություն էր տարվում, այն դեպքում, երբ իրենք բժիշկ-գիտնականներ են եւ պետք է շահագրգիռ լինեին նոր մեթոդի ներդրմամբ։ Չնայած դրան, մենք կարողացանք տարածել այս մեթոդը Հայաստանի մի շարք մարզերում, ինչպես նաեւ ստեղծել լապարոսկոպիկ վիրաբուժության կենտրոններ, որտեղ իմ աշակերտներն արդեն կատարում են վիրահատություններ»։

Ըստ Ա. Մելիքյանի՝ մեծ պրոբլեմ է նաեւ այն, որ անվանի վիրաբույժների ճնշող մեծամասնությունը իրենից հետո աշակերտ չի թողնում. «Սա երկրի համար կործանարար է։ Ես չեմ հասկանում, նրանք չե՞ն մտածում հաջորդ սերնդի մասին, մտածում են միայն իրե՞նց մասին: Ի՞նչ է, խնդիր ունենալու դեպքում մարդիկ պետք է Հայաստանի սահմաններից դո՞ւրս բուժում ստանան։ Բացի այդ, 1 տարուց ավելի է՝ վիրաբուժական նիստեր չեն գումարվում, այն դեպքում, երբ 2 շաբաթը մեկ հավաքվում էինք, զեկույցներով հանդես գալիս ու դրանից շատ բան էինք սովորում, իսկ հիմա մեր վիրաբույժները նույնիսկ իրար չեն ճանաչում»։ Մեզ հետ զրույցում պարոն Մելիքյանն ասաց նաեւ, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը հաճախ են իրենց ելույթներում նշում, որ Հայաստանը տարածաշրջանում պետք է դառնա առողջապահական կենտրոն, ուստի ուսումնական կենտրոն բացելով ու իր փորձը փոխանցելով՝ նա որոշակի աշխատանք է անում այս նպատակն իրականացնելու համար։ Ըստ Ա. Մելիքյանի, իր ծրագրի հիմնական նպատակներից է՝ մեր երկրի եւ տարածաշրջանի համար ստեղծել տարածաշրջանային կարեւորության գիտաուսումնական եւ բժշկական կենտրոն, որտեղ կկազմակերպվեն եւ կիրականացվեն դասընթացներ՝ որակավորված մասնագետներ պատրաստելու նպատակով։ Ա. Մելիքյանի խոսքերով. «Եկել է ժամանակը, որ վիրաբույժը հիվանդին տա այն, ինչը հարկավոր է նրան, այլ ոչ թե այն, ինչ նա կարողանում է անել: Այսօր վիրաբույժների մեծամասնությունը հենց այդպես էլ վարվում է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել