Մալաթիա-Սեբաստիա համայնքի սոցծառայության աշխատակիցների կարծիքով՝ «ծիծակ» պահածոյացնելը հարուստի բան է:
Պարզվում է, մեր երկրում աղքատներին անապահովների ցուցակից հանում են միայն այն բանի համար, որ նրանք նպաստ ստանալու ընթացքում, ասենք, ձեռք են բերել օգտագործած հեռուստացույց կամ 60-ական թվականների արտադրության «ԿՐրՍ» սառնարան: Զավեշտալին այն է, որ աղքատության նպաստից կարող են զրկվել անգամ պահածո փակելու կամ կոմունալ մեծ պարտքեր չունենալու համար: Մալաթիա-Սեբաստիա համայնքի սոցիալական ծառայության աշխատակիցների աչքին շքեղություն է երեւացել անգամ այն, երբ այցելելով Գեւորգյանների բնակարան, տեսել են, որ ընտանիքը ձմռան համար «ծիծակ» է պահածոյացնում:
Օրերս «Առավոտի» խմբագրություն այցելած 72-ամյա Ռազին Գեւորգյանին զրկել են 18 հազար դրամ նպաստից՝ միայն այն բանի համար, որ նա հեռուստացույց եւ սառնարան ունի, իսկ ամուսնացած թոռնուհին էլ, որոշ ժամանակ ապրելով պապիկի տանը, աշխատել է: Այժմ Ռ. Գեւորգյանի 4 անձից բաղկացած ընտանիքում ոչ ոք չի աշխատում, ապրում են հաշմանդամության թոշակի հաշվին: Նրանց ընտանիքի ողջ եկամուտը մոտ 39 հազար դրամ է, այն դեպքում, երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն բաժին ընկնող նվազագույն սպառողական զամբյուղը մոտավորապես այդ գումարի սահմաններում է: Գեւորգյանների եկամուտից մոտ 20 հազար դրամը կոմունալ վարձերն են կազմում: «Մեծ թոռս ընտանիքում որոշ խնդիրներ ունենալու պատճառով մոտ 1 տարի ժամանակավոր մեզ հետ էր բնակվում: Այդ ընթացքում ընդամենը մի քանի ամիս աշխատեց, եւ այդ մասին ես «Փարոսում» տեղյակ էի պահել, որ իրենք դա հաշվի առնեին եւ մեզ հասանելիք գումարում որոշ փոփոխություններ անեին: Չգիտես ինչու, դա անտեսեցին ու վերջերս, երբ եկան ստուգումների՝ կինս մի երկու բանկա «ծիծակ» էր փակում: Դա որ տեսան, ասացին՝ էդ ա, «ծիծակ» եք փակում, լավ էլ հարուստ եք, համ էլ հեռուստացույց ունեք, սառնարան ունեք, ուրեմն դուք անապահով չեք: Էդ հեռուստացույցն էլ Տիգրան Թորոսյանի տված օգնությունով ենք գնել»,-«Առավոտի» հետ զրույցում պատմեց Ռազին Գեւորգյանը:
Ստուգողական այցելությունից հետո սոցծառայությունը Ռ. Գեւորգյանին փաստաթուղթ է ներկայացրել, որով տեղեկացրել է, որ իրեն զրկում են նպաստից՝ թոռնուհու աշխատելու մասին տեղեկությունները թաքցնելու պատճառով, ինչի համար պետք է 90 հազար դրամ հետգանձում կատարվի: Ռ. Գեւորգյանի բնակարան մեր այցելության պահին ընտանիքը էլեկտրաէներգիա եւ գազ չուներ, քանի որ գումար չունենալու պատճառով վճարումները չէր կատարել: Ռ. Գեւորգյանի խոսքերով՝ «Նույնիսկ հացի փող չունենք, քանի օր է՝ սոված ենք, 13-ամյա թոռնիկս դպրոցից գալիս է, բան չկա ուտելու ու էդպես սոված էլ հաջորդ օրը դպրոց է գնում: Ախր էդ 18 հազարը մեզ համար մեծ գումար է, դրանից էլ զրկեցին: Ամբողջ կյանքս աշխատել եմ, խնայբանկում գումար պահել, բայց որ դա էլ պահանջում եմ՝ մեկ ասում են օգոստոսին եկեք ստացեք, մեկ էլ նամակ են գրում, որ դեռ իմ հերթը չի»:
Նպաստից զրկելու եւ գումարը հետգանձելու առնչությամբ՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի սոցիալական ծառայության պետ Ռուզաննա Գորգիսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ «Պետական նպաստների մասին» օրենքի սահմաններում, ակնհայտ սխալ տեղեկատվություն ներկայացնելու համար, ընտանիքը զրկվում է նպաստից. «Իսկ Ռազին Գեւորգյանը սոցծառայություն չի ներկայացրել գրավոր տվյալներ այն մասին, որ իր թոռնուհին 5 ամիս աշխատել է, իսկ նման տեղեկատվություն գրավոր են հայտնում, հատուկ տեղեկանքով, այնպես որ, դա բանավոր չի ասվում»: Ինչ վերաբերում է «ծիծակը» սոցծառայության աշխատակիցների աչքից չվրիպելուն, տիկին Գորգիսյանն ասաց. «Երբ մարդն ասում է հացի գումար չունեմ, սովից մեռնում եմ, ապա պատասխանը միանշանակ է՝ հացի գումար չունեցող մարդը հաց կգներ, այլ ոչ թե «ծիծակ», որը, կներեք, խիստ անհրաժեշտ բան չէ, այլ ձմեռային պահածոյացման համար է, դա լոլիկ չէ, դա գազար չէ, «ծիծակ» էր, որը սիրողական բան է, որը կարող էր նաեւ չլիներ: Այն, որ մարդը հեռուստացույց կամ սառնարան ունի, դա դեռ չի նշանակում, որ չի ընդգրկվում անապահովների ցուցակում: Մեր ծառայության եզրակացությունը վերաբերելու է 6 ամիս զրկելուն, դեկտեմբերին ժամկետը լրանում է, որից հետո նպաստը կվերականգնվի: Գումարների հետգանձումները, իհարկե, խնդիր են՝ այսինքն՝ 5 ամիս 18 հազարական դրամ է ստացել: Դա ավելի վճարված նպաստ է, որը պետք է հետ բերվի: Իմ կարծիքով, այդ պրոցեսը մի քիչ պետք է մեղմվի, իսկ որպես մարդ պետք է ասեմ՝ համաներում պետք է կիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք այդ պահին աշխատում են, իսկ անցյալին պետք չէ անդրադառնալ»: