Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ԴՐԱԾՈՆԵՐԸ

Հոկտեմբեր 23,2008 00:00

Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ իրենք փաստահավաք խմբի հետ կապված որեւէ առաջարկ առայժմ չեն ստացել: Նախօրեին «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունների երկարաձգման քննարկման ժամանակ այդ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը կարծիք էր հայտնել, թե ընդդիմությունն անպայման կմասնակցի փաստահավաք խմբի աշխատանքներին. «Էն էլ ո՜նց են գնալու: Կգնան եւ կմասնակցեն: Այլընտրանք չունեն չգնալու եւ չմասնակցելու: Այդ հանձնաժողովը ստեղծվել է Համմարբերգի գտածոների եւ դրածոների, Համմարբերգի ինֆորմատորների համար, նաեւ ստեղծվում է ՀՀՇ-ի Գեւորիկի եւ այլոց գոքորիկների համար»: Մեր հարցին ի պատասխան, թե, իր կարծիքով, ո՞րն է հանձնաժողովի նախագահի վերաբերմունքի նման փոփոխության պատճառն այս խմբի նկատմամբ, երբ ինքն էլ էր կարեւորում դրա ձեւավորումը՝ պրն Մարտիրոսյանն առաջարկեց, որ Նիկոյանն ինքը մեկնաբանի կարճ ժամանակահատվածում սեփական տեսակետների նման փոփոխությունը: Այնուամենայնիվ, «Համմարբերգի դրածոներ» արտահայտության կապակցությամբ նշեց. «Կարծում եմ, որ պրն Նիկոյանի կարգի քաղաքական գործիչը չպետք է իջնի այդ մակարդակին եւ խոսի նման արտահայտություններով, քանի որ գոնե մեր կողմից հարգվել է հանձնաժողովի դրական աշխատանքը, եւ մեր պատգամավորները բարձրաձայնել են, թե խնդիրներն անձերով չեն պայմանավորված: Բացի այդ՝ իշխանություններն իրենք պրն Համմարբերգի ասածով շրջանառության մեջ դրեցին այդ խումբը ստեղծելու գաղափարը, որը շատ ավելի շուտ առաջարկել էր «Ժառանգությունը», բայց նրանց կողմից արձագանք չեղավ: Ուրեմն, տեսնում եք, թե ում ասածները եւ ովքեր են կատարում»:

Նա նաեւ հիշատակեց այդ նիստում ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցող Նաիրա Զոհրաբյանի հարցադրումը, թե որտե՞ղ է Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչո՞ւ չի մասնակցում նման կարեւոր քննարկումներին: Հիշատակմանն արձագանքեց «ՀԺ»-ի թղթակիցը. «Իսկ իրենց խմբակցության ղեկավա՞րն ուր էր»: Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե այդ հարցադրմամբ «տիկին Զոհրաբյանին իբրեւ թե թվաց, թե գոտկատեղից ցածր հարված հասցրեց, բայց իրականում՝ ընդհանրապես մարմնին էլ չկպավ այդ հարվածը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել