Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ լեգիտիմ ռեժիմը չի կարող ազգային հարց լուծել»

Հոկտեմբեր 23,2008 00:00

Գառնիկ Մարգարյանը կանխատեսում է Սերժ Սարգսյանի իշխանության մոտալուտ վախճանը

«Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղաքական խորհուրդը եւ Մտավորականների ֆորումի ավագանու համակարգող խորհուրդը քննարկումների ու վերլուծությունների արդյունքում հանգել են նրան, որ ստեղծված իրավիճակում հանրահավաքների ժամանակավոր դադարեցումը միակ ճիշտ որոշումն էր: «Փոքր նահանջը դեռ չի նշանակում պարտություն. նահանջներ միշտ լինում են ոչ միայն ռազմի դաշտում, այլեւ քաղաքականության մեջ՝ տարատեսակ տակտիկական խնդիրներ լուծելու համար: Ժողովրդի վճռականությունը կա, Հայ ազգային կոնգրեսի, Շարժման ղեկավարության կոչով ցանկացած պահի ժողովուրդը նորից դուրս կգա»,- ասում է «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Մեր զրուցակցի կարծիքով, այսօր Հայաստանն այնպիսի իրավիճակում է հայտնվել, երբ աշխարհի հզորներն, արհամարհելով միջազգային բոլոր նորմերը՝ ազգերի ինքնորոշման, Հելսինկյան եւ այլն, ցանկանում են ճնշումներ գործադրելով լուծել սեփական խնդիրները: Ռուսական կողմնորոշմամբ հայտնի Գ. Մարգարյանն ասում է. «Կարող է ներկայիս հայաստանյան ռեժիմը պարտադրված լինի ազատագրված տարածքներից դուրս բերել հայկական զորքը՝ փոխարինելով այն ռուսականով: Այդպիսով՝ թույլ չտալով Արեւմուտքի, հատկապես ԱՄՆ-ի մուտքը տարածաշրջան: Այլապես, ինչո՞վ բացատրել ռուսական իշխանությունների՝ մի քանի ամիս առաջ ունեցած վերաբերմունքը ՀՀ իշխանությունների նկատմամբ եւ վերջին ամիսներին տեղի ունեցած բարձրաստիճան այցերն ու քննարկումները»: Մեր զրուցակիցը հիացած չէ նաեւ այսպիսի զարգացումներից, քանի որ դրանք Հայաստանին ճնշման տակ են պահում եւ չեն նպաստում մեր երկրի զարգացմանը:

Գ. Մարգարյանը համակարծիք է վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած առաջարկներին, որոնք, ըստ նրա, այս իրավիճակում Հայաստանին հնարավորություն կտան մանեւրելու Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Դրանցից առաջնայինը նա համարում է այն, որ րոպե առաջ Արցախի ղեկավարությունը վերադառնա բանակցային փուլ: Ըստ նրա, այդ մանեւրները պետք են ժամանակ շահելու համար՝ ո՛չ թե ԼՂՀ հարցն այս կարգավիճակում սառեցնելու, այլ՝ ՀՀ տնտեսությունը հզորացնելու, ազատագրված տարածքները վերաբնակեցնելու, ԼՂ բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար: «Արցախի եւ ազատագրված տարածքների վերաբնակեցումն անհրաժեշտություն է: Սա է երաշխիքը, որ վաղը ոչ ոք չի կարող ասել՝ ազատեք այս կամ այն տարածքները: Ինչո՞ւ չի բարձրացվում 350-400 հազար հայ փախստականների խնդիրը՝ Շահումյանից, Գետաշենից, Կիրովաբադից, Բաքվից: Ո՞ւր են այդ մարդիկ, որտե՞ղ են ապրում, ո՞վ է նրանց ապահովել տանիքով, սոցիալական եւ քաղաքացիական խնդիրները լուծել: Եթե ժամանակին գոնե այդ փախստականների մի հատվածին վերաբնակեցնեին ազատագրված տարածքներում եւ ապրելու ու աշխատելու ամենամինիմալ պայմաններն ապահովեին՝ այսօր մենք աշխարհին կասեինք՝ տվեք Բաքվից փախստականին իր Բաքվի բնակարանը, վերականգնեք աշխատանքը եւ մնացյալ իրավունքները՝ այն ժամանակ նստենք եւ խոսենք տարածքների վերադարձի մասին»,- կարծում է Գ. Մարգարյանը:

ՌԴ նախագահի այցը ՀՀ եւ Մոսկվայում երեք նախագահների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ, կայանալիք հանդիպման մասին հայտարարությունը պարոն Մարգարյանը գնահատում է՝ «Սա նշանակում է, որ այնտեղ վերջակետ է դրվելու արցախյան հարցին»: Բայց եւ հավելում՝ «Ոչ լեգիտիմ ռեժիմը չի կարող ազգային հարց լուծել: Բոլոր տեսակի որոշումները, որոնք չեն բխում ազգի եւ պետության հզորացման շահերից, իրականություն չեն դառնա: Հայ ժողովուրդը չի խոնարհվի եւ չի զիջի արյունով ազատագրածը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել