Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱԹՈՒՅԼ ՕՂԱԿՆԵՐԻՑ Է

Հոկտեմբեր 23,2008 00:00

Ասում է «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը

– Դուք «Առավոտին» ավելի վաղ ասել էիք, թե կիսում եք հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի առաջին նախագահի արտահայտած մտահոգությունները: Ըստ այդմ, Դուք է՞լ եք համարում, թե ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը ընդամենը 2-3 ամիսների հարց է:

– Ղարաբաղի հարցը տարածաշրջանի ընդհանուր վիճակից առանձնացնելը երեւի ճիշտ չէ: Մի թվացյալ հանգստություն կա: Բայց դա շատ աղմկոտ լռություն է, որը երեւի թե բնական է, քանի որ ինձ թվում է՝ տարածաշրջանը նոր իրադարձությունների ու նոր սադրանքների շեմին է: Ու այդ իրադարձություններում, հասկանալի պատճառներով, կարող են նաեւ որոշակի դեր խաղալ Հայաստանի եւ Ղարաբաղի հետ կապված հարցերը: Ելքերի մասին չեմ ուզում ասել, բայց իսկապես՝ լուրջ իրավիճակ է, որն ինձ նաեւ վտանգավոր է թվում այն պատճառով, որ հիմնական ազդակները Հայաստանից չեն ու ոչ էլ Ղարաբաղից, այլ գերտերություններից (մենք ուղղակի խաղացողներից ենք): Ու տարածաշրջանի համեմատական կայունությունը կարծես թե ոչ բոլորին է ձեռնտու: Իսկ տարածաշրջանի` ներկայումս ծխացող հրաբուխը Ղարաբաղն է, որը յուրաքանչյուր պետություն եւ ուժ կփորձի օգտագործել իր շահերի համար:

Չեմ կիսում հարցի լուծման՝ առաջին նախագահի կողմից նման կատեգորիկ ժամկետի նշումը:

– Արդյոք տեղի՞ն է խոսել թվացյալ հանգստության մասին, երբ վերջին շաբաթվա ընթացքում Հայաստան այցելեցին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալից մինչեւ ՌԴ նախագահ: Եվ նրանց հետ բանակցությունների ամենակարեւոր տարրերից մեկը հենց Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացն էր:

– Երբ ասում էի աղմկոտ լռության մասին՝ նկատի ունեի նաեւ այդ այցերը: Իսկապես հետաքրքիր խաչմերուկ է դարձել այսօր մեր տարածաշրջանը: Դժբախտաբար, այդ այցերի վերաբերյալ տեղեկատվությունը շատ գծուծ է, եւ քաղաքական դաշտը դրանց մասին դատում է ենթադրությունների հիման վրա: Իսկ ենթադրությունները եթե հիմնված չեն տեղեկատվության վրա՝ բնականաբար, կարող են լինել ոչ ճիշտ: Այս առումով՝ պետք է ասեմ, որ սկսած Գյուլի այցից, մինչեւ վերջին լուրջ իրադարձությունները, հասարակական կարծիքը մնաց անմասն: Ասենք, Թուրքիան կարողացավ իր նախագահի այցը մինչեւ վերջ եւ բավական արդյունավետ օգտագործել սեփական շահերի համար: Իսկ մենք, ըստ էության, բացարձակապես չկարողացանք օգտվել դրանից: Գյուլի այցից հետո Թուրքիայում քաղաքական ողջ սպեկտրը արտահայտեց իր տեսակետը՝ սկսած ավանդական ծայրահեղականից՝ թե ոչ մի քայլ չպիտի արվի Հայաստանին ընդառաջ, մինչեւ մյուս բեւեռը՝ ի դեմս ՌԴ-ում Թուրքիայի նախկին դեսպան Վոլկան Վուրալի, որը հայտարարեց, թե հայերից պետք է ներողություն խնդրել Ցեղասպանության համար եւ այլն:

Իսկ մենք բացարձակապես ոչինչ չարեցինք: Մեզանում գրեթե անտերության է մատնված հասարակական կարծիքի ձեւավորման խնդիրը, որն, ըստ էության, հիմնականում պետության մենաշնորհն է: Ի վերջո՝ պարզ չդարձավ, թե մեր պետությունն ի՞նչ ցանկություն ուներ, երբ հրավիրում էր Գյուլին, ինչի՞ էինք ցանկանում հասնել եւ ի՞նչ պետք է անենք: Քաղաքական ողջ դաշտը բացարձակապես չկարողացավ մասնակցել այդ խնդիրների քննարկմանը, քանի որ պետությունն ինքը պիտի տար այդ ազդակները: Իհարկե, սա ոչ միայն ու ոչ այնքան ԱԳՆ հարցն է, որքան քաղաքական ողջ ֆակտուրայի: Բայց գլխավոր լծակն, այնուամենայնիվ, պետության ձեռքում է, եւ ցավոք՝ այն չգործադրվեց:

Նույնը պիտի ասեմ նաեւ ՌԴ նախագահի այցի կապակցությամբ: Ռուսական մամուլում ամենատարբեր վարկածներն են արծարծվում, թե ինչպիսին են այսօր հայ-ռուսական հարաբերությունները. չնայած հիմնականում շեշտադրումները բացասական են՝ այն առումով, թե այդ հարաբերություններում որոշ բարդություններ են նկատվում: Ամեն դեպքում՝ ակնհայտ է, որ այդ մեկնաբանությունների հեղինակները որոշակի տեղեկատվության «բագաժ» ունեն, որը կարողանում են օգտագործել՝ յուրաքանչյուրն իր տեսանկյունից: Իսկ մենք նման մեթոդներ չենք կիրառում բացարձակապես:

– Այնուամենայնիվ՝ անգամ առկա սուղ տեղեկատվության պայմաններում ակնհայտ չէ՞, թե նախանշաններ կան, որ Ռուսաստանը դարձյալ փորձում է նախաձեռնող դառնալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, այն բանից հետո, երբ առժամանակ այդ «դափնիները» զիջել էր ԱՄՆ-ին: Դրա մասին է վկայում, մասնավորապես, Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունը, թե ամենամոտակա ժամանակներս Մոսկվայում տեղի կունենա երեք նախագահների հանդիպումը` շարունակելու համար ԼՂ հակամարտության շուրջ քննարկումը:

– Հռետորական արվեստում կա նման հնարք՝ ավելորդ բառեր օգտագործել խոսքի ռիթմը պահելու համար: Եթե հնարավոր է հայ-ադրբեջանա-թուրքական հանդիպումը՝ ինչո՞ւ հնարավոր չէ հայ-ռուսա-ադրբեջանական ձեւաչափը: Դրանով, ըստ էության, նաեւ դիրքերի պաշտպանության խնդիր է լուծվում:

Բայց ես նախ ողջունում եմ Ռուսաստանի այդ քայլը, քանի որ եթե տարածաշրջանում նախաձեռնությունների խնդիր կա՝ ՌԴ-ն իսկապես պետք է լինի նախաձեռնողների մեջ առաջիններից մեկը: Սակայն դժվար է ընկալել, թե որքանո՞վ է դա սկզբունքային՝ գուցե ընդամենը հավասարակշռության ռիթմը պահելո՞ւ խնդիր է:

Այս առումով ինձ առավել վտանգավոր է թվում, որ Հայաստանի իշխանության եւ ընդդիմության միջեւ քաղաքական բանավեճն ընթանում է հետեւյալ հարթությունում՝ արեւմտամե՞տ եք, թե՞ ռուսամետ: Թող հարցս պոպուլիստական չհնչի՝ բայց հայամետությո՞ւնը: Ի՞նչ է, մենք պարտադրվա՞ծ ենք լինել կա՛մ ռուսամետ, կա՛մ արեւմտամե՞տ: Ցավոք, մենք այն ուժը, պետությունը չենք, որ կարող ենք տարածաշրջանում ինքներս դառնալ լրջագույն ֆիգուր, խաղի նախաձեռնողը: Բայց բացարձակապես անմասն մնալը… Այս առումով մենք վտանգավոր փուլի առջեւ ենք եւ գուցե կենթարկվենք սադրանքի: Ամեն դեպքում, Հայաստանը տարածաշրջանի ամենաթույլ օղակներից է, որին շատ հեշտ է ներքաշել սադրանքի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել