Լրահոս
Օրվա լրահոսը

88-Ի ՀԱՂԹՈՂ ՍԵՐՈ՞ՒՆԴՆ Է ՀԱԿ-ԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ

Հոկտեմբեր 23,2008 00:00

\"\"Պայքարի ի՞նչ մարտավարություն կորդեգրի ՀԱԿ-ը հանրահավաքային երկամսյա դադարից հետո: Այս եւ ներքաղաքական այլ հարցերի շուրջ զրուցեցինք ՀԱԿ ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանի հետ:

– Ի՞նչ եք կարծում, Համաժողովրդական շարժման կողմից պայքարի՝ մինչ օրս որդեգրված մարտավարությունն արդարացրե՞ց իրեն:

– Վերջին երկու տարիներին լինելով ակտիվ քաղաքականության մեջ՝ ես հասկացել եմ, որ ՀՀ-ում ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու ակնկալիքն անհեթեթություն է: Եթե մարտի 1-ից հետո կլինեն մարդիկ, ովքեր կասեն, թե ընտրությունների միջոցով հնարավոր է որեւէ փոփոխություն անել, ապա՝ կամ նրանք քաղաքականությունից բան չեն հասկանում, կամ՝ երջանիկ մոլորյալներ են: Ես կողմնակից եմ տեսակետին, որ ՀՀ-ում արմատական փոփոխություններ իրականացնելու թիվ մեկ ռեսուրսը մեր հասարակությունն է, ես պնդում եմ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած սկզբունքը՝ միակ ելքը ժողովրդի միջոցով իշխանություն ձեւավորելն է:

– Ի՞նչ ճանապարհով, եթե ասում եք, որ իշխանություն ձեւավորելն ընտրությունների միջոցով անհնար է: Արդյոք նկատի ունեք, ասենք՝ համաժողովրդական ըմբոստությո՞ւնը, ապստամբությո՞ւնը:

– Երբ մենք սկսեցինք շարժումը, հասկանում էինք, որ դեպի ազատություն տանող ճանապարհն անցնելու է նաեւ բանտերի միջով: Չէինք բացառում, որ մեզ բանտարկելու են, որ լինելու են քաղաքական հետապնդումներ: Բայց չէինք պատկերացնում, որ հնարավոր է ավտոմատների միջոցով փորձ արվի իշխանության հարց լուծել: Արդյունքում ունեցանք «Մարտի 1», որը ծնունդ էր փետրվարի 19-ի խայտառակ ընտրությունների, իսկ ուզուրպացված իշխանությունը՝ «Մարտի 1»-ի: Մարտի 1-ից հետո ժողովրդի միջոցով իշխանափոխություն անելը ես հասկանում եմ, եթե կուզեք՝ ժողովրդական անհնազանդության միջոցով: Մեկ կամ կես միլիոն ժողովրդի կողմից իշխանություն վերցնելու ցանկացած եղանակ ժողովրդավարության գագաթնակետ է: Մենք ունեինք նման փայլուն հնարավորություն, եւ, ցավոք, այդ հնարավորությունն այդ պահին չի օգտագործվել:

– Նկատի ունեք մարտի մե՞կը, թե՞ ավելի վաղ՝ փետրվարին:

– Կարծում եմ՝ ավելի վաղ: Մարտի 1-ին էլ ես նման հնարավորություն տեսնում էի, բայց այդ օրը դա անելը մի քիչ դժվար էր պատկերացնել, որովհետեւ բարդագույն վիճակ էր: Մարտի 1-ին նախորդող հանրահավաքների ընթացքում ունեցել ենք երկու փայլուն հնարավորություն: Օրինակ՝ փետրվարի 26-ին ժողովրդի անունից կարելի էր իշխանություններին, ասենք՝ 3 ժամվա հնարավորություն տալ՝ խաղաղ իշխանափոխություն անելու համար: Չգիտեմ, թե դա ինչու չարվեց, բայց կարծում եմ՝ դա հնարավոր տարբերակ էր: Քանի դեռ չենք ձերբազատվել 88-ի հաղթած սերնդի ստվերից, մնացել ենք 88-ի հիշողության գերին, հավատում ենք, որ եթե հաղթել ենք 88-ին, ապա մշտապես հաղթելու ենք, մեր՝ հաջողության հասնելու շանսերը նվազ են: Մենք չենք ուզում ընկալել, որ այսօրվա հայ ժողովուրդը 88-ի, 98-ի, 2003-ի կամ 2004-ի ապրիլին ծեծված ժողովուրդը չէ: Գործ ունենք բոլորովին այլ հասարակության հետ, որտեղ աճում է նոր սերունդ, որն ունի իր պահանջները, որոնք կարող են չհամընկնել մեր ավագ գործընկերների տեսակետների, կարծիքների հետ: Կարծում եմ, որ վտանգավոր միտում կարող է լինել, երբ ժողովուրդը ինքը որոշի դառնալ պահանջատեր թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության նկատմամբ: Չեմ բացառում, որ ինչ-որ պահի ժողովուրդը դառնա թելադրողը եւ բացարձակ անտարբերության մատնի իշխանական կամ ընդդիմադիր ճամբարի քաղաքական էլիտային: Ես որպես ՀԱԿ-ի ներկայացուցիչ՝ կարծում եմ, որ Կոնգրեսը պետք է ավելի դինամիկ եւ բաց լինի ժողովրդի հետ: Առաջիկա համաժողովում պետք է ազնվորեն հրապարակել Կոնգրեսի ԱԺ համամասնական ցուցակը, ինչու չէ՝ նաեւ ստվերային կառավարության կազմը, կառուցվածքը:

– Բայց ընտրությունները դեռ օրակարգային հարց չեն:

– Հայաստանում չի կարելի բացառել, որ 10 օր հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն, կամ իշխանական բուրգը կփլուզվի: ՀԱԿ-ը, որպես այլընտրանքային իշխանություն, պետք է պատրաստ լինի դրան: Դրանով իշխանությանն ու հասարակությանը ցույց կտա, որ այլընտրանքային իր կառույցներով եւ կոնկրետ մարդկանց միջոցով է տեսնում ՀՀ զարգացումը: Դրանով համեմատության մեջ կդնենք իշխանական համակարգը եւ ՀԱԿ-ի որակը: Դա կարող է նախադեպ լինել եւ իմպուլսիվ դեր խաղալ: Կարծում եմ, բաց խոսակցություն եւ ներքին ժողովրդավարություն է անհրաժեշտ, առավել եւս, երբ շարժման սերուցքը կազմում են երիտասարդները, որոնք ավելի իմպուլսիվ եւ արագ տեմպերի կողմնակից են:

– ՀԱԿ-ում հրապարակված հանրահավաքային դադարի ընդդիմախոսներ կա՞ն:

– ՀԱԿ-ում կան բազմաթիվ ուժերի ներկայացուցիչներ, որոնք այս կամ այն հարցի շուրջ տարբեր տեսակետներ ունեն: Ես անձամբ կարծում եմ, որ ՀԱԿ-ը Հայաստանում նախադեպը չունեցող քաղաքական միավորների համախմբում է, եւ չէի ուզենա, որ դառնար քաղաքական լիդերների ակումբ, դառնար քաղաքական երկխոսությունների թատերաբեմ, որտեղ մարդիկ հավաքվում եւ զրուցում են իրենց տեսակետների եւ գաղափարների շուրջ: Կոնգրեսի իմ տեսլականը հետեւյալն է՝ հստակ ռազմավարական նպատակներ հռչակող եւ իրագործող կառույց, ՀՀ-ում այլընտրանքային իշխանություն: Կարծում եմ, Կոնգրեսն իր մեջ պետք է ուժ գտնի ներկայացնելու ցանկացած պահի իշխանություն վերցնելուն պատրաստ լինելու հայտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել