«Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը տապալվել է. բացի խոճկորի մասին վարկածից, ուրիշ ոչ մի բացահայտում չի արել»,- երեկ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա հիշեցրեց այդ հանձնաժողովի ստեղծման ժամանակ Շարժման առաջնորդների համոզմունքը, թե հանձնաժողովի հիմնական «առաքելությունը» լինելու է իշխանությունների մարտիմեկյան հանցագործությունը կոծկելը: Լ. Զուրաբյանը նշեց, որ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելը ճիշտ էր, այլապես փաստահավաք խումբ ստեղծելու մասին խոսք չէր գնա: «Նոյյան տապանի» փոխանցմամբ, փաստահավաք խմբի աշխատանքներին ՀԱԿ-ը թերեւս կմասնակցի, քանի որ դրանում իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների թիվը հավասար է լինելու: Այդուհանդերձ, Լ. Զուրաբյանը ընդդիմության մասնակցությունը պայմանավորել է երեք պահանջների բավարարմամբ՝ խումբը պետք է իրավունք ունենա հարցաքննել ցանկացած մարդու՝ անկախ նրա զբաղեցրած պաշտոնից, ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը պետական մարմիններից, խմբի համար պետք է հասանելի լինեն մարտիմեկյան բոլոր տեսա եւ ձայնագրությունները, որոնք արվել են Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության կողմից: