Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցում է 11 բուհ

Հոկտեմբեր 22,2008 00:00

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (ՀՊՃՀ), օլիմպիադաների աջակցման «Օլիմպ» ասոցիացիայի հետ համատեղ, անցկացնում է Ինֆորմատիկայի գծով հանրապետական միջբուհական ուսանողական օլիմպիադա: Միջոցառումն անց է կացվում ինչպես թիմային, այնպես էլ անհատական առաջնություններով, որին մասնակցում են ՀՀ բուհերի բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրով սովորող ուսանողներ: Ինչպես տեղեկացանք ՀՊՃՀ պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանից, մասնակցության հայտ է ներկայացրել հանրապետության 11 բուհի 20 թիմ: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է առավելագույնը երեք ուսանող՝ չհաշված մարզիչը: «Թիմային մրցույթում յուրաքանչյուր թիմի, իսկ անհատականում՝ մասնակցի, կհատկացվի հատուկ ծրագրային ապահովմամբ մեկ համակարգիչ, որը անհրաժեշտ կլինի խնդիրների լուծման համար»,- նշեց Ռ. Աղգաշյանը:

Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջի տնօրեն, օլիմպիադայի ժյուրիի համանախագահ Արտաշես Աբրահամյանից պարզեցինք, որ բոլոր մասնակիցներն առաջնորդվելու են հայերեն ձեւակերպված ալգորիթմական խնդիրներով, որոնց լուծումները ավտոմատացված համակարգով թեստային ստուգման են ենթարկվելու եւ մրցույթի ժամանակ մասնակիցները ստուգման ընթացքին հետեւելու հնարավորություն են ունենալու: Ըստ մասնակիցների, սահմանված մրցանակները խոստումնալից են եւ խրախուսական. առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի դիպլոմներ՝ 200, 150 եւ 100 հազարական դրամներով, թանկարժեք մրցանակներ: Նախատեսվում է նաեւ լավագույն արդյունք ցուցաբերած թիմի՝ մեկշաբաթյա այց ԱՄՆ:

«Նման օլիմպիադաները համարում եմ հմտությունների, ձիրքերի փորձարկում: Այս օլիմպիադան կօգնի բացահայտելու ծրագրավորման գործում տաղանդավոր եւ բանիմաց երիտասարդների»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:

Ըստ ժյուրիի համանախագահ «Սինոփսիս-Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանի, օլիմպիադան մեծ փորձ կտա ուսանողներին. «Կա մեծ մրցակցություն, չեմ թաքցնում: Հատկապես աչքի են ընկնում ԵՊՀ-ի, ՀՊՃՀ-ի եւ Սլավոնական համալսարանի ուսանողները»: Ինչ վերաբերում է մրցակցությանը, ՀՊՃՀ ռեկտորը «տանտերերի» մասին շեշտեց. «Հույս ունեմ՝ պարզերես կանեն»: ՀՊՃՀ-ն ներկայացնող մասնակիցները հավատում են՝ ռեկտորի ցանկությունը կիրականացնեն: «Կփորձենք, մեզնից ինչ պահանջվում է՝ կանենք: Բայց խնդիրն այն է, որ մեր մրցակիցները պատրաստված են եկել, իսկ մենք, կոնկրետ՝ ես, երեկ եմ իմացել, որ պետք է օլիմպիադա լիներ, ես էլ պիտի մասնակցեի…»,- դժգոհեց նույն բուհի ուսանող Սեդրակ Դալալոյանը: Նրա թիմակից Ավագ Ավագյանն էլ շեշտեց. «Չնայած այդ խնդրին, որ նշեց Սեդրակը, միեւնույն է, մենք ենք առաջին տեղը գրավելու»: Սլավոնական համալսարանի ներկայացուցիչները մյուս թիմերին մրցակից չեն համարում: «Բոլորս էլ հավասար ենք, միայն պետք է հնարավորինս մեր ուժերն ու գիտելիքները ցուցաբերենք»,- ավելացրեց Սլավոնականի ուսանող Նարեկ Սարիբեկյանը: Ըստ ԵՊՀ-ից մասնակից Մարտուն Կարապետյանի՝ «Մեզ համար ուժեղ մրցակից է հատկապես Սլավոնականը, բայց համոզված ենք, որ հենց ԵՊՀ-ն կարժանանա առաջին մրցանակի: Հերթական անգամ կապացուցենք, որ լավագույնն ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել