Ռուսաստանցի ջութակահար Միխայիլ Սիմոնյանին մասնագետները բարձր գնահատականների են արժանացնում
«Ա. Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 23-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես կգա համաշխարհային դասական երաժշտության երկու ստեղծագործությունների՝ Շոստակովիչի թիվ 5 սիմֆոնիայի եւ Չայկովսկու Ջութակի կոնցերտի կատարմամբ: Որպես մենակատար, հրավիրված է ծնունդով Նովոսիբիրսկից՝ 22-ամյա ջութակահար Միխայիլ Սիմոնյանը, որն իր փայլուն տաղանդի շնորհիվ հասցրել է ձեռք բերել մեծ ճանաչում: Մասնագետները, այդ թվում «New Yor
k Times»-ի եւ «Miami Herald»-ի երաժշտական քննադատները, անդրադառնալով ջութակահարի արվեստին, նրա նվագը որակել են լիրիկական ու սահուն, երաժշտի ներքին կրակը համեմատել են աշխարհահռչակ Դավիդ Օյստրախի արվեստի հետ: Երիտասարդ արվեստագետն աշխատել է ճանաչված նվագախմբերի, աշխարհահռչակ դիրիժորներ Յ. Մենուհինի, Վ. Սպիվակովի, Վ. Գերգիեւի, Մ. Պլետնյովի, Ա. Կացի, Լո Բոտստենի եւ այլոց հետ: Միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր արվեստագետին 2005թ. Կրեմլում Վլադիմիր Պուտինը շնորհել է Ռուսաստանի երիտասարդ տաղանդավոր երաժշտի կոչում: Իր հայաստանցի որոշ տաղանդավոր գործընկերների նման՝ Մ. Սիմոնյանը բնակվում է արտերկրում՝ Ֆիլադելֆիայում (ԱՄՆ):
«Առավոտի» հետ զրույցում ջութակահարը հայտնեց հետեւյալը. «Արտերկրում բնակվելուս հիմնական պատճառը կապված է մեծանուն մանկավարժ Վիկտոր Դանչենկոյի հետ, որը ժամանակին ուսանել է Օյստրախի դասարանում: Համագործակցում եմ հայտնի IMG Artists համերգային գործակալության հետ եւ ունեմ Տանյա Դորնի նման փորձառու մենեջեր: Դեռեւս Վլադիմիր Պուտինի նախագահության տարիներից ռուսաստանցի երաժիշտները ապրում են անհոգ, կարող են իրենց թույլ տալ գնել թանկարժեք գործիքներ, էլ չասեմ, թե ինքը՝ Պուտինը ինչպիսի գիտակ է դասական երաժշտության: Նախագահ Դմիտրի Մեդվեդեւն էլ շարունակում է Պուտինի քաղաքականությունը: Զարմանում եմ, թե ինչպես են երկրիս առաջին դեմքերը ժամանակ գտնում ու հատկացնում անհատ երաժիշտներին: Օրինակ, հոկտեմբերի 25-ին «Քարնեգի հոլլում» կայանալիք մենահամերգիս ներկա է գտնվելու Դմիտրի Մեդվեդեւը»:
Աշխարհի տարբեր ծայրերում համերգներով ծանրաբեռնված գրաֆիկով աշխատող երաժշտից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս ընդունեց երեւանյան համերգի հրավերը: «Կփոխեի ցանկացած համերգ՝ պատմական հայրենիքումս հանդես գալու համար, ինչի առիթով երախտապարտ եմ Սերգեյ Սմբատյանին»,- ասաց Մ. Սիմոնյանը:
Պարզվում է, հայ երիտասարդ դիրիժորի ու նրա ղեկավարած նվագախմբի մասին Միխայիլ Սիմոնյանը տեղյակ էր մինչ Հայաստան գալը: Երաժիշտը գովասանքի խոսքեր շռայլեց Երեւանի կոնսերվատորիայի հասցեին, նշելով, որ ընդամենը մի քանի տարվա կյանք ունեցող եւ այս տարի պետական կարգավիճակ ստացած նվագախմբի արտիստները կոնսերվատորիայի ուսանողներ կամ շրջանավարտներ են: Իսկ նվագախմբի ղեկավարը՝ ե՛ւ որպես ջութակահար, եւ որպես դիրիժոր, հասցրել է համերգներով հանդես գալ Ռուսաստանում, Իտալիայում, Անգլիայում, Ճապոնիայում, Գերմանիայում եւ այլուր: