Լրահոս
Օրվա լրահոսը

«Կվերադարձվեն ազատագրված տարածքները»

Հոկտեմբեր 22,2008 00:00

\"\"ԼՂՀ հարցի հնարավոր լուծմամբ անհանգստացած է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

«Որպես քաղաքական գործիչ՝ դաշտում միայն ես եմ մնացել, իհարկե՝ ոչ ծայրահեղ ընդդիմադիր, բայց գոնե՝ ընդդիմադիր»,- երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: «Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչո՞վ է դա պայմանավորված: «Արտաշես Գեղամյանը չկա, Արթուր Բաղդասարյանը՝ եւս…. Հանրապետականն էլ արդեն չկա՝ ներքին պառակտումներ ունի, այնպես որ, նրանց սատարումը որեւէ մեկին՝ նշանակում է տապալում: Որեւէ քաղաքական գործիչ այժմ կարո՞ղ է ասել, որ էլեկտորատ ունի: Իսկ ես ունեմ այնքան, որքան ունեի, քանի որ չեմ փոխում իմ կողմնորոշումը,- պատասխանեց պարոն Կարապետյանը եւ մանրամասնեց:- Իշխանությունը եւ ընդդիմությունը փոշիացրել են ողջ դաշտը, բոլորը զրոյական են: Ի՞նչ է նշանակում ցույցերը դադարեցնել, հետո ումո՞վ պիտի սկսեն, չէ՞ որ մարդիկ, որոնք էլեկտորատ են կազմում՝ ընդդիմությունից իշխանափոխության ակնկալիքներ ունեին»: Հետո Տ. Կարապետիչը հավելեց. «Չպիտի խոսել ժողովրդավարությունից, այն պիտի սկսել ժողովրդականությունից: Այդ բարձրագոչ խոսքերը թող գնան իրենց օրագրերում գրեն: Ոչ պատգամավորները, ոչ չինովնիկները ձեռք չեն բերել այն արժեքները, որ կարողանան հասարակություն ձեւավորել»: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի եւ դրա՝ Հայաստանի վրա անդրադարձի մասին խոսելիս, բանախոսը նկատեց. «Մենք չունենք տնտեսական ներուժ, ունենք բարեկամների օգնություն, որով աշխատում է մասնավոր շուկան: Քանի դեռ այդ օգնությունը կա՝ Հայաստանը լավ կապրի: Եթե հաշվի առնենք, որ այդ օգնությունը գալիս է աշխարհի տարբեր համայնքներից, ապա Հայաստանը կխորտակվի այն դեպքում, երբ խորտակվի ամբողջ աշխարհը: Մյուս կողմից էլ՝ մենք վաղուց ենք ճգնաժամի մեջ»: Արցախյան հիմնահարցին անդրադառնալով՝ պարոն Կարապետյանը նշեց. «ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը ուզում են նույն բանը՝ ազատագրված տարածքները զիջենք, երկուսն էլ ցանկանում են, որ խաղաղապահ ուժերը մտնեն Լաչինի միջանցք: Եթե լիներ ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի միջեւ ընտրության հնարավորություն, ապա անձամբ ես պիտի ընտրեի Ռուսաստանի խաղաղապահներին: Եթե ավստրիացին կամ հոլանդացին մտնի այդ միջանցք՝ թուրքի համար դա խնդիր չի լինի: 70 տարի Ռուսաստանն է պահում Թուրքիայի սահմանը: Եթե ընտրության առաջ լինենք ԱՊՀ-ի եւ ՆԱՏՕ-ի խաղաղապահների միջեւ՝ ես կընտրեմ ԱՊՀ-ն»: «Առավոտը» Տ. Կարապետյանից հետաքրքրվեց՝ իրատեսակա՞ն է համարում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի այն հայտարարությունը, թե ԼՂՀ հարցը հնարավոր է լուծվի մինչեւ տարեվերջ: «Իրատեսական եմ համարում այն առումով, որ եզրափակիչ բանակցություններ պիտի ընթանան Սերժ Սարգսյանի Եւ Ալիեւի միջեւ Մոսկվայում՝ Մեդվեդեւի հովանու ներքո»,- կարծում է Տ. Կարապետյանը: Իսկ Մեդվեդեւի՝ Հայաստան այցն այսպես է գնահատում. «Գուցե որոշակի կասկածներ ունեն, որ Հայաստանը խաղում է երկու խաղ: Դրա համար էլ եկել է ճշտումներ կատարելու»: Արցախյան հարցի հնարավոր լուծման ուղղության մասին խոսելիս՝ նա մտահոգվեց. «Ազատագրված տարածքները վերադարձվելու են: Դրան կհետեւի որոշակի ստաբիլ վիճակ, որովհետեւ այդ միջանցք կմտնեն խաղաղապահ ուժեր, ավելի ուշ կճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ Ադրբեջանը չի բավարարվի միայն ազատագրված տարածքներով: Ինձ մտահոգում է այն, որ ԱՄՆ-ն իր սցենարում ունի մի հարց, որ պիտի վերադառնան փախստականները: Բայց դրանց քանակը ոչ ոք չգիտի: Ադրբեջանը կարող է գրել 500.000, մեկ միլիոն, այսինքն՝ իր օգտին»: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Տ. Կարապետյանը հայտնեց, որ կողմ է սահմանների բացմանը, բայց մի նախապայմանով՝ չջերմացնել հարաբերությունները. «Թուրքիայի օգտին էր Հայաստան այցը, քանի որ ՄԱԿ-ը նրան հրավիրեց՝ որպես մշտական անդամ: Այսինքն՝ Թուրքիան կարող է ՄԱԿ-ում վետո դնել որեւէ հարցի վերաբերյալ…»: Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է գնահատում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հանրահավաքները դադարեցնելու քայլը: «Այն, ինչ անում է Սերժը, դա Լեւոնի ծրագրի փուլային տարբերակն է: Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը չի կարող ասել, որ Սերժը սխալ բան է անում, քանի որ նա անում է այն, ինչ Լեւոնն էր ծրագրել… Ժողովուրդն ակնկալում էր, որ Տեր-Պետրոսյանը իր ելույթներում կբարձրացնի հողերը վերադարձնելու հարցը, կքննադատի Սերժին, իսկ Լեւոնը հիմա դա անել չի կարող: Մյուս պատճառը՝ միտինգավորների պակասելն է, որովհետեւ առջեւում ցրտեր են: Լեւոնը խելացի մարդ է եւ չի ցանկանում դառնալ Արտաշես Գեղամյան: Ի վերջո, եթե դրսի ուժերը միավորվում են՝ ներսում չեն կարող պառակտվել»:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել