Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՈԹԻ ՓՈՐՈՎ ՀԱՅՐԵՆԻՔ ՉԵՆ ՊԱՇՏՊԱՆԻ

Հոկտեմբեր 22,2008 00:00

\"\"Ազատամարտիկի անապահով ընտանիքին կառավարությունը «վարձահատույց» է լինում իր անտարբերությամբ

Դեռեւս 2007թ. հունիսի 26-ին ԱԺ-ն հաստատեց ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը: Այդ ծրագրի կետերից մեկն էլ նվիրված էր պաշտպանական ոլորտին, որով կառավարությունը պարտավորվում էր առանձնահատուկ ուշադրություն դարձնել ազատամարտիկների, նրանց ընտանիքների կենսական հարցերին: Ծրագրի ընդունումից արդեն անցել է 1.5 տարի, բայց շոշափելի արդյունք դեռ չի նկատվում: Ավելին, ոչ միայն չեն կատարվում ծրագրում նշված պարտավորությունները, այլեւ պետական մարմինները զբաղված են աչքակապությամբ եւ փորձում են չնկատելու տալ իրենց կողքին ապրող կարիքավոր ազատամարտիկների ընտանիքներին:

Մասնավորապես, քանի տարի է՝ երկաթյա տնակում, բնակավայրից կտրված եւ ոչ մարդկային պայմաններում է ապրում արցախյան ազատամարտի մասնակից Վոլոդյա Բարսեղյանը: Նա կնոջ՝ Անժելայի, եւ 2-ամյա որդու՝ Բարսեղի հետ ապրում է Արմավիրի մարզի Ապագա գյուղի իրենց հողամասում դրված երկսենյականոց տնակում:

Մեր այցելության պահին Վոլոդյան տանը չէր, կնոջ պատմելով՝ գնացել էր բանվորություն անելու: Թեեւ Անժելան ամաչում էր բարձրաձայնել իրենց կենցաղային վատ պայմանների եւ սոված անցկացրած օրերի մասին, բայց, ի վերջո, համաձայնեց զրուցել «Առավոտի» հետ, ակնկալելով, որ դրանից հետո գոնե պատկան մարմինները կհիշեն իրենց գոյության մասին: Նա մեզ պատմեց, որ 3 տարի ամուսնացած են եւ հենց առաջին օրից տնակում են ապրում: «Գոյատեւում ենք ամուսնուս աշխատած օրական 4000 դրամով, որը վաստակում է սրա-նրա մոտ բանվորություն անելով: Բայց արդեն ձմեռ է գալիս՝ էլ աշխատանք չի ունենա: Ոչ մի տեղից օգնություն չենք ստանում, մեզ վրա նայող էլ չկա»,- ասաց Անժելան:

Թեեւ կառավարության գրեթե բոլոր նիստերից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնում է սոցիալական խնդիրներին, նշելով, որ ուշադրության կենտրոնում են պահելու հատուկ պաշտպանություն պահանջող խմբերի, այդ թվում՝ ազատամարտիկների, սոցիալական իրավունքների պաշտպանվածության խնդիրները, բայց արի ու տես, որ հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մարդու ընտանիքը 21-րդ դարում օրերով ցամաք հաց էլ չի ունենում: «Շատ է եղել, որ սոված ենք քնել: Մեկ-մեկ խանութներից պարտքով ուտելիք ենք բերում, որ գոնե երեխան կուշտ լինի: Խանութատերերն էլ, մեզ խղճալով, տալիս են»,- ավելացրեց ազատամարտիկի կինը: Նրա փոխանցմամբ, որոշել են այլեւս երեխա չունենալ՝ մինչեւ չլուծվի բնակարանի հարցը. «Նույնիսկ մեկ երեխայի համար չենք կարողանում հագուստ գնել, ծնողներս են Բարսեղի հագուստները գնում: Այսքան դժվարություններով ապրող մարդը ինչպե՞ս ցանկություն կունենա ընտանիքի անդամների թիվը շատացնել: Ամուսինս շատ ամաչկոտ է, չի գնում սրան-նրան խնդրի, որ մեզ օգնեն: Բայց գյուղապետի աչքի առաջ ենք ապրում ու նա տեսնում է, որ տնակում մի կերպ ենք գոյատեւում: Ամուսինս իր մասնակցությունն է ունեցել Արցախի ազատագրմանը, բայց ոչ մեկը այդ մասին չի հիշում: Մայիսի 9-ը կլինի, թե սեպտեմբերի 21-ը, ոչ մի առիթով ամուսնուս չեն հիշել, կարծես արհամարհված ենք»:

Վերջում տիկին Անժելան նշեց, որ ոչ ձմռան վառելափայտ ունեն, ոչ էլ՝ ալյուր. «Վոլոդյան է գնում ուրիշներին խնդրում, որ նրանց ծառերի ճյուղերը կտրենք, բերենք յոլա գնանք, որ սառը երկաթյա պատերի մեջ չմնանք, մինչեւ տեսնենք ինչ է գլխներիս գալիս»:

Ավելացնենք, որ Բարսեղյանների ընտանիքը նույնիսկ նվազագույն կենցաղային պայմաններով ապահովված չէ: Սենյակում դրված էր սովետական մակնիշի կիսասարք մի հեռուստացույց ու երկու փայտե մահճակալ: Իսկ 2 տարեկան Բարսեղին բաժին էր հասել երկաթյա ճոճվող փոքր մահճակալը: Ու քանի որ սենյակը փոքր էր՝ սեղանը դրված էր միջանցքում: Երբ Անժելային հարցրինք, թե ինչի՞ կարիք ամենաշատը ունեն, նշեց՝ «Երեխուս միայն տուն է պետք, իսկ կենցաղային իրերի կարիք շատ ունենք: Տուն է՝ ամեն ինչ էլ պետք է գալիս»: Բայց նա ամենից շատ լվացքի մեքենա ուզեց:

Հ. Գ. Այսքան դժգոհությունից հետո երբ հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք դիմել են ՊՆ սոցիալական վարչություն, տիկին Անժելան պատասխանեց. «Նույնիսկ տեղյակ էլ չենք, որ նման մարմին կա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել