Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԿԽ-ն անհետեւանք չմնա՞ց

Հոկտեմբեր 22,2008 00:00

Պատվաստված հղի կինը 3 ամսական պտուղը վիժել է

 Անցած տարվա հոկտեմբերի 1-13-ը իրականացվեց կարմրուկի եւ կարմրախտի դեմ պատվաստումների լայնածավալ ակցիա՝ 6-27 տարեկանների շրջանում: Արդյունքում, ինչպես առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, պատվաստվեց թիրախային տարիքային խմբին պատկանողների 96%-ը:

Նշենք, որ կարմրուկի եւ կարմրախտի պատվաստումները հակացուցված են ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի, հղիության,

ուռուցքային եւ այլ ծանր հիվանդությունների դեպքում: Չնայած դրան, մի շարք կանայք, չիմանալով, որ հղի են՝ պատվաստվել էին: Այդ կանանցից շատերը, արատներով երեխաներ չունենալու համար, բուժաշխատակիցների խորհրդով շտապել էին հղիությունն ընդհատել: Սրան ի պատասխան, առողջապահության նախարարության պատասխանատուներն ամենայն պատասխանատվությամբ հայտարարեցին, որ եթե նույնիսկ հղի կինը պատվաստվել է, միեւնույն է՝ վտանգավոր չէ, եւ հղիությունն ընդհատելու կարիք ամենեւին չկա:

Վերջերս «Առավոտին» հայտնի են դարձել դեպքեր, երբ պատվաստված հղի կանայք, հիմք ընդունելով առողջապահության պաշտոնյաների խոսքերը՝ պտուղը չեն հեռացրել, սակայն հղիության ընթացքում բարդությունների առաջ են կանգնել: Մենք զրուցեցինք այդ խնդրի առաջ կանգնած մի քանի կնոջ հետ, սակայն ոչ բոլորը ցանկացան իրենց անունները հրապարակել:

«Քույրս առաջին երեխային կորցրեց: Նրան կարմրախտի եւ կարմրուկի դեմ պատվաստելու ժամանակ չէին նախազգուշացրել, որ մի քանի ամիս հղիանալու իրավունք չունի: Հիմա նա երեխայի կորուստը վերագրում է հենց դրան»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Վանաձորի բնակիչ Աստղիկ Ղազարյանը: Աստղիկի քույրը հղիության 3-րդ ամսում դիմել է բժշկի եւ նրան պատասխանել են, որ վիժումը պայմանավորված է պատվաստված լինելով: «Ինձ ասացին, որ նմանատիպ դեպքեր էլի են եղել, անհանգստանալու կարիք չկա, առաջին վիժումից հետո դեռ կարող եմ երեխա ունենալ: Բացի այդ, հարազատներս ասացին, որ եթե երեխան ծնվեր՝ արատով էր լինելու»,-պատմեց Աստղիկի քույրը:

Այս առնչությամբ զրուցեցինք Վանաձորի ծննդատան վարիչ Արամ Ավալյանի հետ, որը վստահեցրեց, որ իրենց մոտ նման դեպք չի եղել. «Մեզ մոտ առհասարակ կարմրուկի եւ կարմրախտի դեմ պատվաստման հետեւանքով արատավոր երեխաներ չեն ծնվել, եւ կոնկրետ չեն գրանցվել այնպիսի դեպքեր, երբ պատվաստման հետեւանքով պտուղը մահացել է: Մեզ մոտ ծնվել են բնածին արատներով՝ նապաստակի շրթունքով, գայլի երախով երեխաներ, սակայն սա ոչ մի կապ չունի այդ պատվաստումների հետ»:

Վանաձորում նույնպես եղել են դեպքեր, երբ պատվաստվել են հղի կանայք: «Այո, ինձ մոտ եկել են կանայք, որոնք պատվաստված են եղել կարմրուկի եւ կարմրախտի դեմ՝ հղի վիճակում կամ հղիությունից որոշ ժամանակ առաջ: Սակայն ես թույլ չեմ տվել հավատալ այն ասեկոսեներին, որ շրջանառվում էին այդ օրերին, թե երեխան կծնվի արատավոր կամ էլ մահացած»,- ասաց բժիշկը:

Պարզեցինք, որ կարմրուկի եւ կարմրախտի դեմ պատվաստված՝ Ալավերդի քաղաքի բնակչուհի Տաթեւիկ Ճուղուրյանը նույնպես մտավախություն է ունեցել, որ իր երեխան արատներով լույս աշխարհ կգա, քանի որ պատվաստումն ընդունել է՝ չիմանալով, որ հղի է: Սակայն, ինչպես պարոն Ավալյանը վստահեցրեց՝ այդ կնոջ երեխան ծնվել է առողջ եւ առանց բնածին արատների: «Հիմա երեխան շատ առողջ է, մեծանում է նորմալ, եւ բժշկական զննության արդյունքում նրա մոտ ոչ մի հիվանդություն էլ չի հայտնաբերվել»,- մեզ հետ հեռախոսազրույցում պատմեց երեխայի հայրը:

Պարոն Ավալյանի ներկայացմամբ՝ «Կարմրախտի պատվաստումը գրեթե չի առաջացնում խնդիրներ հղի կնոջ եւ պտղի համար, իսկ կարմրախտ հիվանդությունը կարող է բնածին արատների պատճառ դառնալ: Ամենաշատը դրա հետեւանքով են գրանցվում բնածին խլության արատով ծնունդներ»: Արամ Ավալյանի տվյալներով, իրենց մոտ այս մեկ տարվա ընթացքում այդպիսի արատով երեխաներ չեն ծնվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել