Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻԱԿԻԶԱՐԱՆ ԲԱՑԵԼՆ ԷԼ ՉԻ ՓՐԿԻ

Հոկտեմբեր 22,2008 00:00

\"\"Հաշվի առնելով հայկական մենթալիտետն ու դիակիզարանում վճարովի կիզվելու հանգամանքը՝ քաղաքապետարանը ստիպված կլինի մայրաքաղաքում նոր գերեզմանատներ բացել, քանի որ գործողներն արդեն փակ են:

Երեւանի տարածքի մոտ 3,5%-ը զբաղեցնում են գերեզմանատները։ Այս իսկ պատճառով Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հրահանգով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը ոլորտում ուսումնասիրություններ կատարելուց հետո քաղաքապետին է ներկայացրել գերեզմանատների իրավական ռեժիմները։ Քաղաքապետն էլ, իրեն տրված լիազորությունների շրջանակներում, հաստատել է, որ Երեւանում գործող 21 գերեզմանատներից 11-ում նոր հուղարկավորություններ կազմակերպելու համար այլեւս տարածք չկա, ուստի դրանք համարվում են մասնակի փակ։ Այս գերեզմանատներում հուղարկավորություն կարող են կատարել միայն ժամանակին ընտանեկան գերեզմանատեղեր ձեռք բերած անձինք։ Սա «Առավոտի» հետ զրույցում ներկայացրեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ Նրա խոսքերով՝ մասնակի փակ են համարվել առավել վաղ ստեղծված գերեզմանատները. «Դրանցից են 1924-ին հիմնադրված Նուբարաշենի գերեզմանատունը, Մալաթիա-Սեբաստիայի՝ Հաղթանակ գերեզմանատունը, Շենգավիթի Նորագավիթ 1, 2 եւ Ներքին Չարբախի գերեզմանատները, 3-րդ եւ 4-րդ գյուղերում գտնվող Շահումյանի գերեզմանատները, Դավիթաշեն համայնքի, Քանաքեռի եւ Զեյթունի գերեզմանատները, Ավանի եւ Նորք-Մարաշի գերեզմանատները»։ Մեր հարցին, թե հանձնաժողովն ինչպե՞ս է որոշել, որ տվյալ գերեզմանատանն այլեւս տեղ չկա, Կ. Արեյանը պատասխանեց, որ հաշվի են առնվել Երեւանի գլխավոր հատակագծում նշված սահմանները։

Մենք պարոն Արեյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե այս փոփոխությունների հետ կապված դժգոհություններ չե՞ն եղել: Ըստ նրա. «Մենք շատ անելիքներ ունենք այս ոլորտում։ Օրենքը պահանջում է, որ լինի հանրային իրազեկում, որը, սակայն, մինչ այժմ չկար։ Թվում է, թե այս մասին պետք է տեղեկատվություն ունենա այն մարդը, ում ընտանիքի առջեւ ծառացել է նման հարց, բայց պարզվում է, որ բոլորը պետք է իրազեկված լինեն։ Այդ պատճառով մենք այս տեղեկատվությունը տեղադրել ենք մեր ինտերնետ կայքում, մեծադիր ծավալով փակցրել ենք բնակչությանը հատուկ ծառայություն իրականացնող գրասենյակներում եւ 21 գերեզմանատներում։ Այս զգուշացումներին տեղյակ մարդիկ արդեն դժգոհություններ չեն ունենա»։ Մեր այն մտավախությանը, որ գերեզմանատան ղեկավարությունը, այնուամենայնիվ, ելքը կգտնի եւ մեծ գումարներ առաջարկողներին ընդառաջ կգնա ու սահմաններից դուրս էլ հողհատկացումներ կանի, պարոն Արեյանն ասաց. «Սրա պատասխանատուն հատուկ սպասարկում իրականացնող անձնակազմն է՝ իր տնօրինության հետ միասին։ Եթե անգամ հատկացնի՝ քրեորեն կպատժվի, նույնը սպառնում է նաեւ քաղաքացիներին, որոնք, չլսելով որեւէ մեկին, փորձեն գերեզմանոցի սահմաններից դուրս հուղարկավորություն կազմակերպել»։

Նա տեղեկացրեց նաեւ, որ հուղարկավորություն ստանձնող ընկերությունը պետք է քաղաքացիներին ծանոթացնի իր կողմից կատարվող վճարովի եւ անվճար ծառայություններին. «Օրենքով սահմանվում է, որ մեկ անձին մեր պետության կողմից բաց գերեզմանատներում հատկացվում է 2,5 քմ անվճար տարածք, 1 ընտանեկան գերեզմանատեղի համար էլ՝ 12 քմ։ Ճշտում է կատարվել նաեւ վճարովի ծառայությունների ցանկում՝ հողաթմբի վրա նախնական մետաղական ցուցանակը՝ մահացածի մասին տվյալներով, նույնպես անվճար պետք է տեղադրվի գերեզմանատան հաշվին: Դա մինչեւ հիմա վճարովի էր»։ Մեր այն հարցին՝ գերեզմանատները փակ հայտարարելու պարագայում՝ բաց գերեզմանատներում վճարովի տարածքների գինը կբարձրանա՞, փոխքաղաքապետն ասաց, որ քաղաքացու ցանկության դեպքում վճարովի տարածք է հատկացվում միայն որպես ընտանեկան գերեզման, այն էլ միայն 4-ից ավելի անդամ ունեցողներին, տարածքն էլ չի կարող 10 քմ-ից ավելի լինել։

Մեր հարցին՝ նոր գերեզմանատներ կբացվե՞ն, պարոն Արեյանն ասաց, որ մայրաքաղաքում գերեզմանատներն արագ են ընդլայնվում. «Վերջին նորամուծություններն էլ կարծես մի քիչ կմեղմեն իրավիճակը: Բացի այդ, դիակիզարան բացելը նույնպես կօգնի: Թե երբ կսկսի գործել դիակիզարանը՝ ժամկետները հայտնի չեն: Այդուհանդերձ, դեռ երկար ժամանակ կպահանջվի դիակիզարան ստեղծելու համար, քանի որ լուրջ ծախսեր են պահանջվում»։

Նկատենք, որ «Հուղարկավորությունների կազմակերպման ու գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում սահմանված է, որ հուղարկավորության կազմակերպիչն ինքն է ընտրում՝ հարազատին թաղելո՞ւ է, թե՞ դիակիզելու է։ Հաշվի առնելով այն, որ դիակիզելը բավականին թանկ է արժենալու, մեծ մասը կընտրի ավանդական մեթոդը։ Ուստի, նոր գերեզմանատներ բացելն անխուսափելի է:

Պարոն Արեյանը նաեւ հայտնեց, որ մայրաքաղաքում գործող բաց գերեզմանատները մի օր նույնպես «կփակվեն», ուստի, ուզած թե չուզած, նոր հողհատկացումներ պետք է անեն գերեզմանատներ բացելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել