Եկավ եւ գնաց Ռուսաստանի նախագահը
Երեկ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ ՌԴ եւ ՀՀ նախագահների համատեղ մամուլի ասուլիսը: Դմիտրի Մեդվեդեւը հավանել էր երեւանյան աշունը եւ հայտարարեց, թե նման գեղեցիկ պայմաններում հազվադեպ է ասուլիս տալիս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով ԼՂ խնդրի կարգավորմանը վերաբերող հարցին, ասաց. «Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները մադրիդյան սկզբունքների հիման վրա»: Նաեւ խորհուրդ տվեց նրանց, ովքեր ծանոթ չեն այդ սկզբունքներին, ինտերնետում փնտրել եւ ծանոթանալ այդ փաստաթղթին: Նաեւ հակիրճ ներկայացրեց. «Այդ սկզբունքների համաձայն՝ ճանաչվում են Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը եւ մեզ համար այլ սկզբունքային դրույթներ»: Սերժ Սարգսյանը պնդեց, որ հարցը կարող է լուծվել միայն փոխզիջման միջոցով եւ խաղաղ բանակցային գործընթացով: Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների մասին հարցերին ի պատասխան՝ Ս. Սարգսյանը նկատեց. «Ուժով ընկերներ ձեռք չես բերի, առավել եւս՝ չես պահպանի: Մեր հարաբերություններն իրենց բնույթով բաց են, թափանցիկ, վստահելի, եւ մենք կարծում ենք, որ մեր ընկերության ուժը փոխադարձ վստահության մեջ է, հենց այդ վստահությունն է թույլ տալիս հիմնել եւ զարգացնել հարաբերություններ ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ նրանից դուրս գտնվող երկրների հետ: Երբեք մեր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն խանգարել մյուս երկրների հետ մեր հարաբերություններին»: Եվ հավելեց. «Ես կարծում եմ, որ մեր երկրների հարաբերությունների մակարդակը շատ լավն է, բայց կուզեի, որ մեր հարաբերությունները լինեին օրինակելի, ոչ թե՝ ցուցադրական»: Իսկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ավելացրեց. «Գուցե ՌԴ-ի ու ՀՀ-ի բարեկամությունը պարտադրված է, բայց պարտադրված է արդեն մի քանի հարյուրամյակ, եւ պարզ է, որ նման հարաբերությունները թանկ արժեն. մենք միայն ընկերներ, հարեւաններ եւ գործընկերներ չենք: Մեր հարաբերությունները յուրահատուկ են եւ ձեւավորվել են շատ բարդ պատմության ընթացքում»: ՌԴ նախագահը նկատեց, որ պատմությամբ եւ ժամանակով ստուգված հարաբերություններն այսօր վերածվել են իրավական եւ մարդկային ջերմ փոխհարաբերությունների:
Հ. Գ. Երեկ Երեւանում բացվեց Ռուսաստանի հրապարակը: Հրապարակում հավաքվածները թափահարում էին ՀՀ եւ ՌԴ դրոշները, «Հավերժ եղբայրներ», «Հավերժ ընկերներ» եւ այլ կոչերով պաստառներ: Նորաբաց հրապարակը հենց այն տեղն է, որտեղ տեղի են ունեցել մարտի 1-2-ի գիշերվա դեպքերը: