Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր իրավապահներն ուրիշ են

Հոկտեմբեր 22,2008 00:00

Նրանց չհամեմատեք ժողովրդավարական երկրներում հասարակական կարգ ապահովող ոստիկանների հետ:

Փաստ է, որ ոստիկանությունը, հատուկ նշանակության ջոկատայինները կամ ներքին զորքերը մարտի 1-ի երեկոյան գործի են դրել իրենց զինանոցում եղած բոլոր միջոցները, ինչն էլ դարձել է պաշտոնապես 10 մարդու մահվան եւ մի քանի տասնյակի վիրավորվելու պատճառ: Նույնիսկ գլխավոր դատախազը ստիպված եղավ կեսբերան խոստովանել, որ 3 հոգու մահվան պատճառ է դարձել ոստիկանության աշխատակիցների կողմից հատուկ միջոցների կիրառումը: Եղավ նաեւ վարկած, թե այդ հատուկ միջոցները մահացու են եղել դրանց պիտանելիությունը ժամկետանց լինելու պատճառով, որի համար գոնե պատասխանատվության պետք է ենթարկվեին ՀՀ ոստիկանության համապատասխան օղակների պատասխանատուները: «Մարտի 1»-ի գործով, սակայն, ոստիկանության որեւէ ներկայացուցիչ, որի կիրառած հատուկ միջոցը մարդկանց մահվան պատճառ էր դարձել՝ ի հայտ բերված եւ պատժված չէ: Ասում են՝ քննություն է գնում: Սա այն դեպքում, երբ նախ այդ փաստը պիտի հայտնի դառնար դեպքերից անմիջապես հետո: Դա է պահանջվում նաեւ միջազգային փաստաթղթերով, օրինակ՝ Միացյալ ազգերի կազմակերպության՝ «Հասարակական կարգի պաշտպան հանդիսացող պաշտոնատար անձանց կողմից ուժի եւ հրազենի կիրառման հիմնական սկզբունքները» ներկայացնող օրենսգրքով: Ըստ այդմ, իրավապահի կողմից ուժի, հրազենի կամ հատուկ միջոցի կիրառման յուրաքանչյուր դեպքից հետո այդ ուժ կիրառած ոստիկանը պարտավոր է անմիջապես զեկուցել այդ մասին, ներկայացնել այն հանգամանքները, որոնք իրեն ստիպել են ուժ գործադրել: ՀՀ ոստիկանությունն էլ պարտավոր էր անմիջապես վերլուծել նրա զեկույցը, ու եթե պարզվեր, որ այդ ուժի կիրառումը անհամաչափ կամ ոչ իրավաչափ է եղել, անմիջապես պիտի պատասխանատվության ենթարկեր այդ ոստիկանին, նաեւ՝ նրա անմիջական հրամանատարներին: Բանն այն է, որ ՄԱԿ-ի հիշյալ օրենսգրքի համաձայն, որեւէ գործողության մեկնելիս եւ առաջադրանք ստանալիս ոստիկանը չի կարող ուժ, հրազեն կամ հատուկ միջոց կիրառելու ինքնագլուխ որոշում կայացնել: Նման բոլոր դեպքերի հնարավորությունը որոշում է պատասխանատու մարմնի ղեկավարությունը: Նաեւ Հայաստանի՛ կողմից վավերացված այս փաստաթղթի «Ընդհանուր դրույթներ» հատվածում, 7-րդ կետով հստակորեն շեշտված է, որ «կառավարությունը ապահովում է, որպեսզի կամայականորեն կամ չարամտորեն ուժ կամ հրազեն կիրառած հասարակական կարգի պաշտպանություն իրականացնող անձինք պատժվեն տվյալ երկրի օրենքին համապատասխան՝ որպես քրեական հանցագործություն կատարողներ»: Իսկ 8-րդ հոդվածի համաձայն՝ «արտակարգ պայմանները, ինչպիսիք են՝ ներքաղաքական անկայունությունը կամ ցանկացած այլ հասարակական արտակարգ դրսեւորումները, չեն կարող արդարացում լինել այս հիմնարար սկզբունքներից նահանջելու որեւէ պարագայում»: Սկզբունքները, որոնց մասին խոսվում է, սրանք են՝ ուժ կարող է կիրառվել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, իրավապահները, կոնկրետ ներքաղաքական անկայուն վիճակում, հավաքներ ցրելու դեպքում, պետք է սահմանափակվեն ուժ կամ հրազեն կիրառելով՝ անհրաժեշտ նվազագույնի չափով միայն: Իսկ կիրառելուց առաջ պետք է առաջնորդվեն այն սկզբունքով, թե՝ կոնկրետ ո՞ր պայմաններում են իրավասու դա անել, որոշեն դրանց եւ ռազմամթերքի տեսակները, ապահովեն, որպեսզի նվազեցվի մեծ վնասվածքներ հասցնելու վտանգը, արգելվի օգտագործել հրազենի եւ զինամթերքի այնպիսի տեսակներ, որոնք կարող են լուրջ վնասվածքներ հասցնել եւ դառնալ չարդարացված ռիսկի աղբյուր, պետք է ապահովեն վերահսկողությունը օգտագործվող հրազենի պահպանման եւ հանձնման վրա: Թե որքանով են հայրենի ոստիկանները մարտի 1-ին գործել այսպիսի մարդասիրական եւ պրոֆեսիոնալիզմի սկզբունքներով՝ արդեն հայտնի է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել